Ապրիլի 21-ին, ժամը 10։58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով ճամփեզրի արգելապատնեշին՝ գլորվել ձորը (մոտ 350 մ). ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է ուղևորներից մեկի դին:
Տեղի ուժերի հետ համատեղ փրկարարները վարորդին, ուղևորներ Հ․ Զ․-ին (ծնված 2004 թ.) և Գ․ Թ․-ին (ծնված 1982 թ.) դուրս են բերել ձորից (մոտ 200 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հոսպիտալացման ճանապարհին ուղևոր Գ. Թ․-ն մահացել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, մահացած ուղևորի դին դուրս բերել ձորից (մոտ 250 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն