«Երբ դուք իշխանության էիք, ինչո՞ւ չեք ճանաչել Արցախի հանրապետությունը։ Արթուր Խաչատրյանն ասում է, որ ինքնորոշման իրավունքը չի կարող սահմանափակվել։ Եկեք հետ գնանք։ Հանրաքվեի արդյունքում ԼՂ ժողովուրդը կողմ քվեարկեց, որ ԼՂ-ն հռչակվի անկախ հանրապետություն։ Կարո՞ղ ենք դա համարել ինքնորոշման ակտ։ Այո։ Հարց՝ ինչո՞ւ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ ինքնորոշման ակտը»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր դիմելով ընդդիմությանը՝ հարցադրում արեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա շեշտեց, որ ՀՀ որեւէ իշխանության օրոք ԼՂ հանրապետությունը չի ճանաչվել, եւ սա փաստ է։ Ապա Ռուբինյանը կրկնեց «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի թեզը, որ «մադրիդյան սկզբունքներով» ՀՀ-ն համաձայնել է, որ նոր ինքնորոշման ակտ է պետք, որի կայացման համար պետք է համաձայնի Ադրբեջանը։
«Ես ցավով ասում եմ, որ ՀՀ-ն՝ ի դեմս այդ ժամանակվա կառավարությանը, փաստացի համաձայնել է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակմանը»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը։
Նա ընդդիմությանը նաեւ հետեւյալ հարցը հղեց․ «Եթե ՀՀ-ն ԼՂ-ն չի ճանաչում անկախ, ապա որպես ի՞նչ է ճանաչում»։
Կարդացեք նաև
«Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցը՝ այստեղ։
ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մեկնաբանությունը՝ այստեղ։
Հ․Գ․ Ռուբեն Ռուբինյանը մոռանո՞ւմ է, որ իր քաղաքական թիմը եւս չի ճանաչել Արցախի անկախությունը, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի առաջին օրը՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասում էր, որ ՀՀ քաղաքական իշխանության օրակարգում Արցախի Հանրապետությունը ճանաչելու հարցը կա․ «Պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք: Գուցե նաև այս հարցուպատասխանից հետո հանրային քննարկում սկսվի»։ Իսկ պատերազմի հաջորդ ամսում՝ հոկտեմբերին, ասում էր, թե Հայաստանը կճանաչի Ղարաբաղը, եթե վերլուծությունները ցույց տան, որ դա կօգնի կօգնի Ղարաբաղին եւ հարցի լուծմանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ