Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ փաստաթուղթը, որի տակ ՀՀ քաղաքացիներն ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, հրաժարականի դիմումն է»․ Հայկ Մամիջանյան

Ապրիլ 21,2023 16:10

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՀՀ-ի վարած ներկայիս դիվանագիտությունը բնութագրեց որպես չարչիական դիվանագիտություն։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց․ «Ցավոք, վաճառքի են հանված մեր ազգային և պետական շահերը, որոնց դիմաց հիմնական բանակցողը ցանկանում է ստանալ սեփական իշխանությունը պահպանելու երաշխիքներ»։

Նա ներկայացրեց իր ելույթը, որը չէր հասցրել խորհրդարանում հնչեցնել՝ կապված ՀՀ կառավարության ծրագրի կատարողականի հետ։ Անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին՝ Հայկ Մամիջանյանն ասաց․ «ՌԴ-ն դաշնագրային համագործակցության հռչակագիր է կնքել Ադրբեջանի հետ, որին չի հետևել որևէ արձագանք հայկական կողմից։ Աշխատանքից չի ազատվել ՌԴ-ում ՀՀ դեսպանը։ ՀՀ և ՌԴ հարաբերություններում գրանցվել է աննախադեպ իրադարձություն։ ՌԴ-ն պաշտոնական բողոքի նոտա է հղել ՀՀ-ին։ Այս փաստը նկարագրում է ՀՀ և ՌԴ-ի հարաբերությունների ամբողջականությունը»։

Ըստ Հայկ Մամիջանյանի՝ ՀՀ-ն չի կարողացել պահպանել ՌԴ-ի կողմից բանակցային սեղանին դրված Արցախի ներկա կարգավիճակի պահպանման և ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության առաջարկը. «Երկու իրարամերժ, սկզբունքային տարբերություններ ունեցող օրակարգերին միաժամանակ հավանություն տալու հետևանքն է այն, որ այս պահին Արցախի կարգավորման հարցը չկա բանակցային սեղանին»։

Անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին՝ պատգամավորն ասաց․ «ԱՄՆ հարաբերությունների հեռանկարում բացակայում է 907-րդ բանաձևի վերակիրառմանն ուղղված աշխատանքի հիշատակումը, ինչից կարող ենք ենթադրել, որ ՀՀ կառավարիչները որևէ աշխատանք չեն տանում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը դադարեցնելու համար։

ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին էլ ասաց․ «Այդ հարաբերությունների համատեքստում այս տարի ևս չի սկսվել վիզաների ազատականացման երկխոսությունը։ Այն նախատեսված էր դեռևս 2017-ին կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Մինչ օրս այդ ուղղությամբ արդյունքներ չկան։ Անհասկանալի է նաև ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող 2,6 միլիարդ դոլարի ճակատագիրը, որը որպես կայացած փաստ ՀՀ կառավարիչները գովազդում էին անգամ անջատված արդուկների միջոցով։  Ներկայացված կատարողականի մեջ թվերն իրար գումարելիս ստացվում է ընդամենը շուրջ 300 միլիոն դոլարի ծրագրեր»։

Հայկ Մամիջանյանը նաև նշեց՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին հիշատակում կատարողականի մեջ առհասարակ չկա, չնայած կառավարության ծրագրում այն նշված էր՝ որպես առաջնահերթություն։

Ամփոփելով ելույթը՝ Հայկ Մամիջանյանն ասաց․ «Վերջապես հասկացեք, որ միակ փաստաթուղթը, որի տակ ՀՀ քաղաքացիներն ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, հրաժարականի դիմումն է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930