Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հանդիպումը վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանի հետ ավարտվել է:
Վերջինս խոստացել է ծնողների պահանջն առաջիկա օրերին փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հնարավոր հանդիպման մասին էլ ծնողներին լրացուցիչ տեղեկացնել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
Այդ պայմանավորվածության արդյունքում՝ ծնողներն այսօրվա բողոքի ցույցը դադարեցրին, իսկ այլ մեկնաբանություններից առայժմ ձեռնպահ կմնան՝ սպասելով վարչապետի օգնականի զանգին:
Զոհվածների ծնողները, հիշեցնենք, այսօր առավոտից ցույց էին անում կառավարության շենքի մոտ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով: Նրանք փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա բացեցին այն, քանի որ ոստիկանները տեղեկացրին, որ իրենց պահանջը փոխանցվել է կառավարության ներկայացուցիչներին: Ավելի ուշ, ծնողները փակել էին Ամիրյան փողոցը, քանի որ վարչապետը հեռացավ կառավարության նիստից՝ առանց ծնողներին հանդիպելու: Ավելի ուշ նրանց ընդունել էր վարչապետի օգնական Գառնիկ Իսախանյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ