Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ես ամեն օր քաղաքական ակցիա կանեմ, կգամ ձեր տան դուռը կփակեմ, կասեմ՝ դուրս պետք ա չգաք». Արմեն Խաչատրյանը՝ լրագրողին

Ապրիլ 21,2023 15:05

Ինչպես հայտնի է, ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթաց է նախաձեռնել ու ԱԺ-ում ստորագրահավաք է իրականացնում:

Լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ դեռ չի ծանոթացել հիմքերին, կծանոթանա, կորոշի՝ իրավաչա՞փ է, թե՞ ոչ. «Ովքեր նախաձեռնել են, գալու են ներկայացնեն իրենց հիմնավորումները: Եթե ես կարծեի, որ հիմքեր կան, ես կնախաձեռնեի, բայց եթե իրենք ներքին համոզմունք ու հիմքեր ունեն, որ պետք է վայր դնի պաշտոնը, մենք այդ հիմքերը կնայենք»: Ըստ նրա՝ Թովմասյանի հանձնաժողովում ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը «victim» վարքագիծ է ունեցել՝ իրեն տուժողի տեղ է դրել, բայց սադրել է:

Aravot.am-ը Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ երեկ ԱԺ նախագահի գործողությունները, երբ բռնի ուժով հրամայեց հեռացնել քաղաքական ակցիա անող ընդդիմադիրներին, ինչքանո՞վ եք իրավաչափ գնահատում՝ հաշվի առնելով, որ այս իշխանությունները հեղափոխություն իրականացնելիս նույն ԱԺ-ում նույն ամբիոնի մոտից ծխուկ, մխուկ, ինչ ասես գմփացրեցին՝ սահմանադրական կարգը չտապալվեց, հենց Թագուհի Թովմասյանը լուռ կանգնեց ամբիոնի մոտ, Ալեն Սիմոնյանի համար սահմանադրական կա՞րգ տապալվեց՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Չէ, հիմա եթե հետ վերադառնանք, թե ՀՀ պատմության մեջ ինչեր են եղել, ինչ օբյեկտիվ իրավիճակներում են եղել…»: Զարմացանք՝ հա, այսինքն, այն ժամանակ օբյեկտիվ էր, հիմա՝ չէ՞, Խաչատրյանը արձագանքեց. «Չես կարա, եթե հիմա փորձում ենք հետ դառնալ, թե 92 թվին ինչ է եղել, 88-ին ինչ է եղել, բերենք ասենք՝ ուրեմն այդ նույն բանը հիմա կարող ենք անել, ամեն իրավիճակ ունի իր օբյեկտիվ պայմաններն ու պատճառները: Դուք մի համեմատեք, էն վախտ հեղափոխություն է եղել: Բայց սահմանադրական նորմեր կան, որոնք պետք է պահպանվեն եւ առաջինը այս դահլիճում պետք է պահպանվեն: Եթե մարդը ամբիոնում ասում է՝ ես թույլ չեմ տալիս ուրիշ ոչ մեկը ելույթ ունենա այս ամբիոնից, դրանով խախտում է բոլորի սահմանադրական իրավունքները»:

Հիշեցրինք՝ դա քաղաքական ակցիա էր, Խաչատրյանը հակադարձեց, թե՝ «քաղաքական ակցիան ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում են ուրիշի իրավունքները»: Մեր դիտարկմանը՝ բա որ դուք դատարանների դռները փակում էիք, ասում էիք՝ չպետք է մտնեն, դատավորների իրավունքները չէի՞ն խախտվում, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Մի րոպե, հիմա ես ամեն օր քաղաքական ակցիա կանեմ, կգամ ձեր տան դուռը կփակեմ, կասեմ՝ դուրս պետք ա չգաք: Ցանկացած քաղաքական ակցիա անելու ազատությունների, իրավունքների սահմանը ավարտվում է այնտեղ, որտեղից սկսում են այլոց իրավունքները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930