Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2023 թվականի առաջին եռամսյակային զեկույցի մասին
2023թ․ առաջին եռամսյակի ընթացքում իրականացված դիտարկումների արդյունքները մտահոգիչ են նախևառաջ տեղեկատվության ազատության սահմանափակումների առումով։ ԽԱՊԿ-ն արձանագրել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 49 դեպք։ Այս թիվը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվածը՝ 45, որը 2022-ի եռամսյակների համապատասխան վիճակագրության մեջ ամենաբարձրն էր։ Ավելին՝ 2020 թվականից սկսած՝ եռամսյակային կտրվածքով այսպիսի ցուցանիշ չի գրանցվել։
Այս պատկերն ուղիղ կապ ունի «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության գնահատականի հետ, որ տարեսկզբին հրապարակված զեկույցում տրվել է մեր երկրին։ Ըստ այդմ՝ աշխարհում կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանի վարկանիշն իջել է՝ երկիրը նախորդ տարվա 58-րդ տեղից հայտնվել է 63-րդում։ Նման հետընթացը կանխատեսելի էր, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է տեղեկատվության ազատությունից, հանրության առջև կառավարության գործունեության թափանցիկությունից ու հաշվետվողականությունից։
Դիտարկվող ժամանակահատվածի առանձնահատկություններից է նաև այն, որ եռամսյակի ընթացքում չի արձանագրվել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության ոչ մի դեպք։ Սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է տարատեսակ այլ ճնշումների թիվը․ 16 դեպք՝ 2022-ի առաջին եռամսյակի 12-ի դիմաց։ Գրանցված դեպքերից 7-ն առնչվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ վիրավորանքի, անբարեհաճ վերաբերմունքի դրսևորումներին, այդ թվում՝ քաղաքական գործիչների և պաշտոնյաների կողմից։ Եղել է նաև 1 հաքերային հարձակման դեպք։ Ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների ներկայացվել է 8 նոր դատական հայց, որոնցից 1-ը բիզնես ոլորտի ներկայացուցչի կողմից է, 7-ը՝ նախկին ու ներկա պաշտոնյաների։
Կարդացեք նաև
2022-2023 թթ. 1-ին եռամսյակների խախտումների քանակական տվյալները
Խախտումների տեսակները | 2022 թ. 1-ին եռամսյակ
|
2023 թ. 1-ին եռամսյակ
|
Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ | 1 | 0 |
Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ | 12 | 16 |
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ | 45 | 49 |
2022-2023 թթ. 1-ին եռամսյակների ընթացքում ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործեր
Դատական գործերի տեսակները | 2022թ. 1-ին եռամսյակ | 2023թ. 1-ին եռամսյակ |
Վիրավորանքի և զրպարտության հիմքով | 7 | 8 |
Այլ վեճեր | 0 | 0 |
Դիտարկվող ժամանակահատվածում իշխանությունները հանդես են եկել տեղեկատվության ոլորտին վերաբերող մի շարք խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություններով, որոնցով փորձ է արվում օրինական հիմքեր ստեղծել պաշտոնական տվյալների տրամադրումը նվազագույնի հասցնելու համար։
Այսպես՝ դեռևս 2022թ․ դեկտեմբերի 22-ին ՀՀ արդարադատության նախարարությունը e-draft.am կայքում հրապարակեց, իսկ 2023-ի հունվարի կեսից քննարկման դրեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը, որն այդ ռեժիմի պայմաններում չարդարացված խիստ սահմանափակումներ է ենթադրում համացանցի հասանելիության և ԶԼՄ-ների գործունեության համար։ Դրանց վերաբերող դրույթները պատշաճ պատճառաբանված չեն և լի են կամայականությունների հնարավորություն տվող սողանցքներով։
Ավելի ուշ՝ մարտի 1-ին, Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության առաջարկած օրինագծերի ծավալուն մի փաթեթ, որի հիմքում «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքն էր։ Ի թիվս շատ այլ վիճահարույց փոփոխությունների, փաթեթում ներառված էր նաև լրացում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում։ Համաձայն դրա՝ պաշտոնական տվյալների տրամադրման հարցումները ենթակա են մերժման, եթե պարունակում են «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»։ Սուբյեկտիվ որոշումների տեղիք տվող այս ձևակերպմամբ նույնպես լայն հնարավորություններ են ստեղծվում կամայականությունների համար, քանի որ սրա տակ կարող է ընկնել պետական մարմիններում առկա ցանկացած փաստաթուղթ։
Անընդունելի է նաև, որ շարունակվում է այն արատավոր պրակտիկան, երբ տեղեկատվական ոլորտին առնչվող օրինագծերը, նախքան հրապարակվելը կամ շրջանառության մեջ դրվելը, պատշաճ չեն քննարկվում մասնագիտացված հասարակական կառույցների հետ։ Մինչդեռ, լրագրողական ՀԿ-ների, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների միջև նախորդ տարի ստորագրված եռակողմ Հուշագիրը հակառակ մոտեցում և վերաբերմունք է նախատեսում։
Լրագրողական կազմակերպություններն այս գործընթացների առնչությամբ հանդես են եկել հայտարարություններով՝ պահանջելով հանրային, փորձագիտական (այդ թվում՝ միջազգային մակարդակով) քննարկումներ ապահովել խնդրահարույց օրենսդրական նախաձեռնությունների շուրջ և հաշվի առնել ԶԼՄ-ների ու մեդիա փորձագետների դիտողություններն ու առաջարկվող լուծումները։
ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե