Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Մոխրացած 15 զինվորների ծնողներն ընդամենն ուզում են հասկանալ՝ ո՞ւմ անփութության, դիտավորության կամ դավաճանության արդյունքում իրենց որդիները այրվեցին»

Ապրիլ 21,2023 14:54

ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսեց Ազատ գյուղում այրված 15 հայ զինծառայողների ծնողների պահանջի եւ կառավարության վերաբերմունքի մասին:

«Ողբերգություն է: Այն Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր՝ կառավարության դուռը ժողովրդի դուռն է, ու նրանք կարող են գալ եւ քացով բացել, այն Նիկոլ Փաշինյանը, որ պաշտոնավարման առաջին օրերին բացեց ԱԺ եւ նախագահականի դարպասները եւ վերածեց Վերսալի այգիների, որտեղ հպարտ քաղաքացիները ամբողջ օրը նստած արեւածաղիկ էին չրթում, հիմա մի քանի անգամ ավելի ամրացրել է ԱԺ դռներն ու դարպասները: Դրանք այլեւս բաց չեն հեղափոխություն իրականացրած, ուսերին արտաքին ուժերի հետ միասին Նիկոլին իշխանության բերած քաղաքացիների համար: Դրանք այլեւս զմռսված են, ինչպես զմռսված են նախագահականի դռները, կառավարության դուռը: Եվ այն հպարտ քաղաքացին, որը կհամարձակվի  կառավարության դռան վրա անգամ շնչել, նրան կկալանավորեն ու կտանեն հարցաքննության:

Սարսափելի է տեսնել, որ 15 մոխրացած զինվորների ծնողներն ընդամենն ուզում են  արդարություն, ընդամենն ուզում են հասկանալ՝ ինչպե՞ս եղավ, ո՞ւմ անփութության, ում դիտավորության կամ ում  դավաճանության արդյունքում իրենց որդիներն այրվեցին, մոխրացան: Ես լսում էի մայրերից մեկին, որն ասում էր. մեր որդիներն ամբողջապես մոխրացած էին, բայց երբ արդեն  10 րոպե հետո հանել եւ տեղափոխել են այդ տարածքից, նրանցից յուրաքանչյուրի վրա անունները գրված էին: Մոխրացած դիակները դուք ինչպե՞ս կարողացաք այդքան արագ նույնականացնել: Սրանք հարցեր են: Դա եղել է թշնամու դիվերսիա, ներքին թշնամու դիվերսիա, թե ինչ: Նիկոլ, սրանք հարցեր են, որոնց պատասխանը ուզում են մայրը, այրված երեխան, նաեւ 44-օրյա պատերազմում զոհված տղաները, որոնց ուսերի վրա ես եկել իշխանության: Այդ տղաներն էին քեզ համար փողոց փակողները, քեզ համար հեղափոխություն անողները, որոնց ասում էիր՝ դու երեք միլիոն վարչապետերից մեկն ես: Երեք միլիոն վարչապետերից հինգ հազարին բայրաքթարների տակ սպանեցիր, իսկ հիմա նրանց ծնողներին քո ինչ-որ մի օգնականի օգնականի համար կոֆե եփողը ընդամենը բարեհաճում է ասել՝ մենք կզանգահարենք եւ կխոսենք ծնողներից մեկի հետ: Ոչ, դու ինքդ պիտի իջնես, որովհետեւ դու ասել ես՝ նույնքան հավասար ես, որքան նրանք: Եվ նրանք իրավունք ունեն քեզանից պահանջելու ամեն ինչ: Իսկ իրենք պահանջում են հարցի պատասխան. ինչպե՞ս մոխրացան, ինչպե՞ս հրդեհի ժամանակ քնած մնացին տղաները, երբ որ զինվորներից մեկը, ով կարողացել էր դուրս պրծնել սենյակից, ասաց, որ որեւէ քնած տղա չի եղել, հրդեհի ժամանակ բոլորն արդեն ոտքի վրա են եղել:

Կա տարբերակ, իրավունք ունի շրջանառվելու վարկած, որ դա եղել է թշնամական դիվերսիա, ինչը դուք հատուկ թաքցնում եք: Ցանկացած վարկած պետք է քննարկվի, եւ առնվազն դու պետք է ունենաս բարոյականություն՝ իջնելու եւ ծնողների հետ խոսելու: Մինչդեռ, նրա օգնականներից մեկն ասել էր, թե փողը տվել ենք, էլ ի՞նչ են ուզում: Ոչ, իրենք փող չեն ուզում: Իրենք ուզում են իրենց զավակներին, ուզում են իմանալ, թե ինչպես եղավ, որ այդ հրդեհից չկարողացան փրկվել 15 տղաներ:

Սա է սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունը, երբ դուք, ձեր որդիները,  44-օրյա պայմանավորված պատերազմում բայրաքթարների տակ սպանված, մորթված տղաները, Նիկոլ Փաշինյանի համար փողոց եւ հրապարակներ էին փակում, ողջ մարդկանց տների առջեւ դագաղներ էին  տանում, զանգահարում եւ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների երեխաներին ահաբեկում եւ վախեցնում էին, ու հիմա նույնիսկ այդ ծնողներին դու եւ քո ենթակաները չեն հանդիպում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930