«Մենք ամեն եռամսյակ ներկայացնում ենք մեր մշտադիտարկման արդյունքները, որն արտացոլվում է տարբեր լրատվամիջոցներում ու միջազգային կազմակերպությունների զեկույցներում »,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով 2023 թ. առաջին եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ:
Նա ասուլիսը սկսեց մեկ լավ եւ մեկ վատ լուրով. «Լավ լուրն այն է, որ եռամսյակի ընթացքում որեւէ ֆիզիկական բռնության դեպք լրագրողների նկատմամբ չի արձանագրվել: Սա հազվագյուտ եռամսյակներից է, երբ բռնություններից զերծ են մնացել մեր գործընկերները: Սրա հետ պետք է նաեւ նշել, որ հասարակական-քաղաքական իրավիճակն էլ լարված չի եղել;
Մենք նախորդ ժամանակահատվածներից գիտենք, որ երբ սրվում է հասարակական-քաղաքական իրավիճակը, բողոքի ցույցեր եւ այլ գործողություններ են լինում, այդ դեպքում բարդանում է լրագրողների աշխատանքը, եւ նրանք բախվում են տարատեսակ անհանդուրժողականության եւ ճնշումների:
Վատ լուրն էլ այն է, որ եռամսյակի ընթացքում արձանագրել ենք տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի շատ մեծ քանակի խախտումներ: 49 դեպք է արձանագրվել, երբ լրագրողների եւ լրատվամիջոցների տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքը խախտվել է: Սա ավելի է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված դեպքերից»:
Կարդացեք նաև
Աշոտ Մելիքյանի խոսքով. «2020թ.-ից ի վեր որեւէ եռամսյակում այսպիսի քանակի խախոտւմներ չեն արձանագրվել: Սա նշանակում է, որ հատկապես պետական մարմիններից տեղեկություններ ստանալը բարդանում է, պետական մարմինները կա՛մ չեն պատասխանում գրավոր հարցումներին, կա՛մ պատասխանում են լղոզված՝ բոլոր հարցերին չանդրադառնալով, հարցերի էությունը աղավաղելով, աղճատելով ու շրջանցելով: Այնպես որ լրագրողների կողմից բողոքներն ավելացել են:
Ընդ որում, երբ մենք ուսումնասիրում ենք բողոքների էությունը, տեսնում ենք, որ ԶԼՄ-ները որպես կանոն հարցման մեջ փորձում են ստանալ այնպիսի տվյալներ, որոնք պետական կամ որեւէ այլ գաղտնիք չեն պարունակում, բայց պետական մարմինները անտեղի հղում անելով պետական, ռազմական, առեւտրային եւ այլ գաղտնիքներին, մերժում են այդ տվյալների տրամադրումը, կամ, ինչպես արդեն նշեցի, այդ պատասխանները շատ լղոզված են լինում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ