Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցն ինչո՞ւ 20 տարի չլուծեցիք, թողեցիք մեր ու մեր երեխեքի վզին»․ ՔՊ պատգամավորը՝ Արմեն Ռուստամյանին

Ապրիլ 21,2023 13:29

«Ճիշտ կլինի դասեր քաղեք, ոչ թե դասեր տաք, որովհետեւ կնմանվեք այն երեխաներին, որոնք հորն ուզում են սովորեցնել ինչպես երեխաներ ունենալ»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Նա ակնարկեց, որ նորաթուխները փորձում են դասեր տալ 133-ամյա եւ այժմ էլ կենսունակ ՀՅԴ-ին։

Հիշեցնենք, որ երեկվա նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել էր, թե ՀՅԴ-ականներն այս հանրապետությունը չեն համարում այն, ինչ դարերով երազել են. «Չէ՞ որ այն իդեալական ու վերացական չէ, այլ շատ կոնկրետ է։ Ուրեմն, այս հանրապետությունը ավետյաց երկիրը չէ։ Փաստորեն, ինչպես են առերեսվում ավանդական կառույցները անկախ պետականության հետ, երբ այդ կառույցներում ամեն բան խարսխված է անկախ պետականության բացակայության վրա։ Պատասխանը՝ ակամայից սկսում են պայքարել պետության դեմ»։

Արմեն Ռուստամյանը նաեւ նշեց, որ գործող իշխանությունն ամեն կերպ աշխատում է արդարանալ՝ ամեն ինչ բարդելով նախկինների վրա, սեւացնելով նրանց, եւ դա նման է ցեխաջրով լվացվելուն․ «Թշնամու երազած պայմանները ստեղծած վարչախումբը փորձում է հանրությանը համոզել, որ ստորագրվելիք կապիտուլյացիան հանրությանը կարելի է մատուցել որպես «խաղաղության պայմանագիր», որի համար պետք է Արցախի հարցից ազատվել, Արցախի իքնորոշման իրավունքը փոխարինել համամարդկային ընդհանուր իրավունքներով, իսկ միջազգային բանակցային մեխանիզմը՝ Բաքու-Ստեփանակերտ անորոշ շփումներով։ Նման պայմաններով Արցախն արագ կհայաթափվի եւ կվերածվի Նախիջեւանի։ Իսկ իշխանությունը փորձում է համոզել, թե այլընտրանք չկա»։

ՔՊ-ից պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը (լուսանկարում), արձագանքելով Արմեն Ռուստամյանին, ասաց, որ իրենք մեկ տարվա կատարողական են ներկայացնում, ու լավ կլինի, որ ընդդիմությունն այդ 133 տարվա կատարողականը ներկայացնի։ Ապա պատգամավորը շեշտեց, որ իրենք նախկիններից կոնկրետ ժառանգություն են ստացել․ «Արցախի հարցն ինչո՞ւ 20 տարի չլուծեցիք, թողեցիք մեր ու մեր երեխեքի վզին»։ Պատգամավորը նաեւ հիշեցրեց, որ այս դահլիճում Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի պես պետականամետ մարդիկ են սպանվել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930