Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողներին երկու ժամ հետո կընդունի վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը (լուսանկարում):
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից Արամ Բարսեղյանը: «Գագիկ Իսախանյանի հետ եմ խոսել, երկու ժամ հետո հանդիպում ունենք իր հետ, որի ընթացքում կհստակեցվի՝ վարչապետը, պաշտպանության նախարարը կընդունե՞ն ծնողներին, թե ոչ»,- ասաց նա՝ հավելելով, որ պատճառաբանվում է, թե վարչապետն էլ, նախարարն էլ զբաղվածության խնդիր ունեն, մանավանդ ապրիլքսանչորսյան միջոցառումների հետ կապված: Ամեն դեպքում, Գագիկ Իսախանյանի հետ հանդիպումից հետո, ծնողները կհստակեցնեն իրենց անելիքը:
Զոհվածների ծնողները, հիշեցնենք, այսօր առավոտից ցույց էին անում կառավարության շենքի մոտ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով: Նրանք փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա բացեցին այն, քանի որ ոստիկանները տեղեկացրին, որ իրենց պահանջը փոխանցվել է կառավարության ներկայացուցիչներին: Ավելի ուշ, ծնողները փակել էին Ամիրյան փողոցը, քանի որ վարչապետը հեռացավ կառավարության նիստից՝ առանց ծնողներին հանդիպելու:
Ի դեպ, լրագրողների հետ զրույցում, խոսելով գործի հանգամանքներից, ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց, որ չի բացառվում, որ իր վստահորդներն արտաշիրիմումի պահանջ դնեն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ