«Երեկ, օ՜, աստվածներ, ի՞նչ կատարվեց երեկ այստեղ։ Ընդդիմության ներկայացուցիչները՝ «սորոսներին» երկրից վտարող, հալածող այս մարդիկ զեկույցը քննարկում էին։ Իշխանության հանդեպ ատելությունն այն աստիճան է, որ ցանկացած թշնամու հետ կարելի է կոլլաբորացիոնիստական գործունեության մեջ մտնե՞լ, թե այս մարդիկ իսկապես որեւէ բան չեն հասկանում»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նա ընդդիմության հասցեին նաեւ ակնարկներ հնչեցրեց «5-րդ շարասյուն» լինելու համատեքստում։ Նախորդիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնել էր վերականգնել ընդդիմության ելույթները՝ հորդորով, որ չհնչեն սադրանքներ եւ վիրավորանքներ։ Ու նա Բադալյանի ելույթից հետո հայտարարեց․ «Ասացի, որ ունենանք այնպիսի ելույթներ, որոնք սադրիչ բաներ չեն ունենա։ Դա նաեւ ՔՊ-ի անդամներին է վերաբերում։ Հետեւեք կանոնին, այլապես ընդհատելու եմ»։
Տեղից խոսելով՝ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն ակնարկեց, որ վիրավորական արտահայտություններ են անում՝ առանց դրանց իմաստը հասկանալու։
«Անտեղի ձեր մեջ ընկնելը եւս տեղին չէ։ Անտեղի է, որովհետեւ դուք այստեղ գնահատական տալու համար չեք։ Զսպեք ձեզ»,-կոշտ տոնով ասաց Ալեն Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահիճում ապրիլի 21-ին քաշքշուկ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պատգամավոր Թագուի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում եւ չի իջնելու ամբիոնից ու այլեւս չի հանդուրժելու իշխանության ստերը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը լեզվակռվի մի դրվագում բղավում էր՝ «պետք լինի՝ կթքեմ», ներս էր հրավիրել ՊՊԾ աշխատակիցներին, որոնք ընդդիմադիր պատգամավորներին քաշքշելով՝ ազատել էին ԱԺ ամբիոնը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ