Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հասկանալով, որ ապրում ենք շատ պատասխանատու շրջան, ուզում էի ունենալ դրա անդրադարձը կինոյում». «Վարդապետի լռությունը»՝ Գլենդելի AMC Americana կինոթատրոնում

Ապրիլ 21,2023 12:24

Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումների շրջանակում և նշանավորելով հայկական կինոյի 100 ամյակը Գլենդելի AMC Americana կինոթատրոնում ցուցադրվեց Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» կինոնկարը: Միջոցառումը կազմակերպվել էր Գլենդելի քաղաքապետարանի, Հայ կինոն արտերկրում խթանող` Armenian Film Society եւ

Glendale Arts-ի կազմակերպությունների համագործակցության շնորհիվ: Երեկոն բացեց Hi-Am Quartet քառյակը` Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ:

2016 թվականի նկարահանված «Վարդապետի լռությունը» կինոնկարը Կոմիտասի մասին է եւ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմը զարմանալիորեն դառնում է այսօրվա իրականության արձանագրողը: Անցյալն առեղծվածային վարպետությամբ, բազմաթիվ լարերով «տեղավորվում» է ներկայի մեջ՝ ընդգրկելով ժամանակակից մարդու այսօրվա դրաման, նրա ցավի ու հուսալքության այսօրվա համրությունը:

Ապրիլի 16-ին լոսանջելեսաբնակ հանդիսատեսը դահլիճ էր եկել` նորից խորհելու ու կիսելու Կոմիտասի լռությունը: Ցուցադրությունից առաջ հանդիսատեսին ողջունեց Սենատոր Անտոնի Պորտանտինոն, որը բազմաթիվ անգամ շեշտել է իր աջակցությունը հայ համայնքին ու հայկական հարցերին: Գլենդելի քաղաքապետարանի կողմից իր խոսքը փոխանցեց Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ Էլեն Ասատրյանը` գնահատելով Վիգեն Չալդրանյան ռեժիսորին` նրա ներդրումը հայ կինոյի պատմության մեջ, իսկ այս ցուցադրությունը` առիթ ամերիկացի հանդիսատեսին` ծանոթանալու հայ կինոյի եւ պատմության հետ:

Բեմադրիչ Վիգեն Չալդրանյանը հանդիսավոր շնորհավորեց հայ կինոգործիչներին եւ ուրախություն հայտնեց, որ կինոյի հարյուր ամյակը նշվում է նաեւ հայրենիքից հեռու: Նա հայ կինոյի պատմությունը բաժանեց երկու փուլի` երբ կինոգործիչները կարողանում էին ստեղծագործել պետական հոգածությամբ եւ անկախության վերջին երեսուն տարիների ընթացքը` երբ կինոն ապրեցվեց հայ կինոգործիչների էնտուզիազմի ու նվիրումի շնորհիվ, քանի որ պետությունը` տնտեսական ծանր իրավիճակի պատճառով նախկինից ավելի պակաս ֆինանսական օգնություն էր հատկացնում կինոարվեստին:

«Կինոնկարի նկարահանման աշխատանքները սկսվել են 2014 թվականի եւ հասկանալով, որ ապրում ենք շատ պատասխանատու շրջան, – ասում է Չալդրանյանը,- ուզում էի ունենալ դրա անդրադարձը կինոյում` պարզորոշ զգալով զուգահեռները հարյուր եւ ավելի տարի ձգվող եղեռնագործությունների եւ հայ-ադրբեջանական բախումների միջեւ: Հույս ունեի, որ պատմություն եմ արձանագրում, շատ ցավով եմ հասկանում, որ կինոնկարը շարունակում է մնալ արդիական, որ հուսալքության արտահայտման ձեւը մնում է համրությունը»:

Անի ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930