Նիկոլ Փաշինյանը կառավարության մեկ նիստի ընթացքում մեր երկրի պատմության երկու նոր էջ բացեց:
«Այս որոշմամբ նույնպես, իմ համոզմամբ, մենք նոր էջ ենք բացում մեր երկրի պատմության համար, որովհետև սա թերևս ամենակարևոր և ռազմավարական ներդրումն է և ծրագիրն է, որը մենք դեռ պետք է իրականացնենք»,-հայտարարեց Փաշինյանն այն բանից հետո, երբ կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին հարցը:
Պատմության առաջին էջը բացվել էր դրանից ընդամենը 30 րոպե առաջ, երբ կառավարությունը որոշում էր ընդունել կանանց կամավոր պարտադիր զինվորական ծառայության մասին:
Նախագիծը ներկայացնելիս՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն նախատեսված է, որ պետք է ձևավորվի Ակադեմիական քաղաք, որը կհանդիսանա որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայր։
Կարդացեք նաև
«Նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի երեք կլաստերից, որտեղ տեղակայված կլինեն, համապատասխանաբար, արվեստների ուղղության համալսարանը, տեխնոլոգիական ուղղվածության համալսարանը, իսկ երրորդ կլաստերը, որը բավական մեծ է, կարող է ընդգրկել ինչպես կրթական, սպայական ուղղվածության բուհեր, այնպես էլ հյուրընկալել միջպետական ու մասնավոր բուհեր։ Այստեղ համապատասխան քաղաքաշինական լուծումների պարագայում կարող է քննարկվել նաև ազգային ստադիոնի տեղակայման հարցը։ Նման մեծածավալ ծրագրի իրականացումը պահանջում է իրականացնող կառույցի առկայություն, որը ներգրավված կլինի ծրագրի իրականացման ամբողջ շրջափուլում՝ նախապատրաստումից մինչև բուն իրականացման գործընթաց, այնուհետև նաև ակադեմիական քաղաքի կառավարում։
Այս որոշմամբ հիմնադրվող «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու է Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները։ Նախնական փուլում հիմնադրամին ամրացվելու են Ակադեմիական քաղաքի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքները»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Նա նշեց, որ այսպիսով Ակադեմիական քաղաքի հարցը ֆիզիկական մասով տեղափոխվում է գործնական փուլ, որին հաջորդելու են նաև հայեցակարգային աշխատանքների փուլը, ինչի ընթացքում կվերջնականացվեն Ակադեմիական քաղաքում տեղակայվող գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի կառուցվածքն ու կառավարման ձևերը։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել Ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ