Լրահոս
Օրվա լրահոսը

«Կվերականգնեմ ձեր ելույթները, բայց քաղաքացիներին զերծ պահենք վիրավորանքներից եւ սադրանքներից»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Ապրիլ 21,2023 11:42

«Երեկ միջադեպի պատճառով «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախապատրաստած ելույթներն ընդհատվեցին։ Առաջարկում ենք վերականգնել, որպեսզի պատգամավորները հնարավորություն ունենան խոսելու՝  հաշվի առնելով մի շարք հանգամանքներ»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր, դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահիճում ապրիլի 21-ին քաշքշուկ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պատգամավոր Թագուի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում եւ չի իջնելու ամբիոնից ու այլեւս չի հանդուրժելու իշխանության ստերը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը լեզվակռվի մի դրվագում բղավում էր՝ «պետք լինի՝ կթքեմ», ներս էր հրավիրել ՊՊԾ աշխատակիցներին, որոնք, ընդդիմադիր պատգամավորներին քաշքշելով, ազատել էին ԱԺ ամբիոնը։

«Առաջնահերթ, նիստի ընթացքը վերականգնվեց միջադեպի հետեւանքները մինչեւ վերջ չվերացած, եւ մեր պատգամավորների մի մասը դրսում էր։ Բացի այդ, կառավարության ծրագրի քննարկումը դեռ շարունակվում է, եւ դրան գնահատական տալու ելույթներն անհրաժեշտ են հենց քաղաքական իշխանության համար»,-հավելեց Սեյրան Օհանյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Կարծում եմ՝ առաջարկն ընդունելի է, կվերականգնեմ ելույթները, բայց մի խնդրանք՝ մեր հայրենակիցներին զերծ պահենք վիրավորանքներից եւ սադրանքներից։ Ձեզ ու մեզ ընտրած հայրենակիցները չպետք է ականատես լինեն, թե ինչպես են ընդդիմության պատգամավորներն այստեղ քողարկված վիրավորանքներ ասում, սադրում, հետո զոհի կարգավիճակով ներկայանում մամուլի առաջ»։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ իր հերթին հայտարարեց՝ կողմ է, որ ընդդիմության ելույթները վերականգնվեն․ «Առաջարկում եմ՝ մեր խմբակցության այն պատգամավորները, որոնք երեկ իրենց ելույթները հանեցին, իրենցը եւս վերականգնել, որպեսզի խորհրդարանական բանավեճն ապահովվի»։ Ալեն Սիմոնյանը խնդրեց ներկայացնել ելույթը հանածների անունները։

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ խոսքի ազատության սահմանափակումն ընդունելի չէ․ «Երեկ մեր խոսքերը ոչ միայն քաղաքական էին, այլեւ հստակ գնահատականներ էին։ Մեր նպատակը չէ խաթարել որեւէ իրավիճակ, հակառակը՝ օբյեկտիվ գնահատական տալ։ Երեկ այս ամբիոնից շատ անպարկեշտ արտահայտություններ են հնչել նաեւ ՀՅԴ-ի հասցեին։ Մենք պատրաստվում ենք հակադարձել եւ գնահատել կառավարության աշխատանքը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930