«Երեկ տեղի ունեցածը խայտառակություն էր, թեպետ կարող են ասել, որ շատ խորհրդարաններում նման միջադեպներ հաճախ են տեղի ունենում, բայց որևէ խորհրդարանում չեք տեսնի, որ թիկնազորը նման ագրեսիվ ձևով քաշքշի պատգամավորներին, այն էլ՝ ընդմիջման ժամին»,- ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
Հիշեցնենք՝ Թագուհի Թովմասյանը երեկ ՀՀ ԱԺ-ում հայտարարեց, որ խոստումները չկատարած իշխանությունն իրավունք չունի բարոյականության մասին դասեր տալու․ «Եվ ձեր արձանագրումներից հետո ես հիմա իրականացնում եմ քաղաքական ակցիա եւ չեմ իջնելու ԱԺ ամբիոնից։ Թույլ չեմ տալու այս ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունը։ Գործընկերներ, եթե համաձայն եք, միացեք իմ ակցիային։ Այլեւս չեմ կարող հանդուրժել, որ բանսարկությունն այս ամբիոնից հնչի»։
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նա նաեւ ասաց․ «ԱԺ նախագահի՝ մեզ դահլիճից դուրս հրավիրելու հրամանը միանգամայն ապօրինի էր, երբ հենց ինքը հայտարարեց ընդմիջում։ ԱԺ նախագահի հրամանը կատարողներն իրավունք չունեին որևէ կերպ խոչընդոտել պատգամավորների աշխատանքը, որովհետև հենց իրենց կանոնադրությամբ նախատեսված է, որ նրանք պարտավոր են չեզոքացնել վտանգը»։
Թագուհի Թովմասյանը վստահեցրեց՝ իր ակցիան, որին հետո միացան իր գործընկերները, որեւէ մեկին չէր վտանգում, դրանից ոչ ոք չէր տուժում։ Նա վստահեցրեց, որ բախվել են կոշտ ապօրինության, և դա պետք է ունենա հետևանք։ Դիմելու է ուժային կառույցներին։ Հետո էլ ասաց․ «Մենք չենք կարող հանդուրժել, որ ՔՊ խմբակցությունը, որը փորձում է Հայաստանի Ազգային ժողովը դարձնել իր սեփական օբյեկտը, անընդհատ անի այն, ինչ ցանկանում է։ Այդ կոմֆորտ զոնայում իրենք այլևս չեն կարողանալու շարունակել, քանի որ իրենք սպառել են իրենց՝ ստելու լիմիտը։ Եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից շարունակի սուտ խոսել, ամեն անգամ սուտը ստանալու է համարժեք պատասխան։ Եթե իրենք չեն հարգում այդ ամբիոնը, մենք այդ ամբիոնի գինը լավ ենք հասկանում, նաև հասկանում ենք խոսքի արժեքը։ Չենք թույլ տալու, որ վարչապետ կոչվածը երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ ստի»։
Կարդացեք նաև
Թագուհի Թովմասյանը նաև անդրադարձավ Սոթքում տիրող իրավիճակին ու ահազանգեց․ «Սոթքում կրակոցներ են․ չեն թողնում 800 աշխատակից գնա աշխատանքի։ Հանքավայրը փակ է, և հարկադիր պարապուրդի են ուղարկել քաղաքացիներին։ Հասկանում ենք՝ սոցիալապես անապահով վիճակում 800 ընտանիքի համար Վարդենիսում սա ինչ է նշանակում։ Մարդիկ չեն կարողանալու ապրել իրենց հայրենիքում։ Ինչ-որ մեկը սրա համար չպե՞տք է պատասխանատվություն կրի։ Անգամ մարզային իշխանությունները հրաժարվում են այդ մարդկանց լսել։ Մարզպետն ասել է՝ այսօր կառավարության նիստում կզեկուցեմ վարչապետին, որ հանքը փակ է։ 5-6 օր փակ է հանքը, ու դուք նո՞ր եք զեկուցում վարչապետին։ Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել արցախյան հարցի հետ կապված Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներին։ Ինքն ակնհայտորեն դավաճանական հայտարարություններ է անում՝ ասելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Արցախի հարցի մասին որևէ ձևակերպման։ Սա նշանակում է՝ Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, որը թույլ տալ չենք կարող։ Այդ հայտարարությունն այն կարմիր գիծն է, որից հետո Նիկոլ Փաշինյանը չպետք է կոմֆորտ զգա իրեն ԱԺ ամբիոնից»։
Թագուհի Թովմասյանը հայտարարեց՝ շարունակելու են տարբեր ակցիաներ և թույլ չեն տալու ժողովրդին մանիպուլացնող հայտարարություններ հնչեն։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության մասին հնչող հայտարարություններին, ասաց․ «Պատիվ ունեմ խմբակցությունը տեր է կանգնելու իր առաջադրած թեկնածուին։ Վերջին ամիսների ընթացքում, երբ ՔՊ-ի թեթև ձեռամբ ՀՀ-ն չուներ ՄԻՊ, այդ ժամանակ տիկին Թովմասյանը զգալի ծավալով իր ուսերի վրա էր վերցրել նաև ՄԻՊ գործառույթները։ Միայն վերջին շրջանում շուրջ 650 գրություն է ուղարկվել մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կողմից ամենատարբեր միջազգային կազմակերպություններ և դեսպանություններ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ