Տարիներ շարունակ մեզ պարտադրվում էր կարծրատիպ, թե միջազգային իրավունքի հիման վրա գրված փաստաթղթերի ու տարբեր բանաձեւերի համաձայն` իրավունք չունենք տեր կանգնելու մեր հայրենիքի մի հատվածին՝ Արցախին։ Սակայն միջազգային իրավունքի մասին բարձրաձայնողները լուռ ընդունեցին միջազգային եւ հումանիտար բոլոր նորմերի խախտմամբ մեզ պարտադրված պատերազմը եւ, ավելին, ի գիտություն ընդունեցին դրա արդյունքները, ընդհուպ մինչեւ 120 հազար հային հանցագործ Ադրբեջանի կազմում «ինտեգրելու» եւ դրա հետեւանքների համար պատասխանատվություն չկրելու լուծումը։ Թեպետ հնչում են Ադրբեջանի նախագահ Ալիեւին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հատուկենտ կոչեր, սակայն դրանք բախվում են նավթային եւ «խավիարային» դիվանագիտության արդյունքում կուրացած աշխարհին։ Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են Արցախի հարցը վերջնական լուծելուց հետո (հասկանանք՝ Արցախի ամբողջական բռնակցում եւ էթնիկ զտում) «Արեւմտյան Ադրբեջանի» ուղղությամբ աշխատանքների իրականացման թեման։ Եվ որեւէ արձագանք չկա, թե ինչու է «խաղաղատենչ», «հաշտության» ձգտող Ալիեւը բարձրաձայնում Հայաստանի Հանրապետության տարածքները զավթելու մասին, մի՞թե չի վախենում ագրեսոր թվալ միջազգային հանրության առջեւ եւ վտանգում է երկրի վարկանիշը։
Միջազգային հանրության առջեւ ագրեսոր լինելուց չի վախենում նաեւ Թուրքիան։ Էրդողանը տարբեր առիթներով բարձրաձայնել է, որ «Թուրքիայի ազգային անվտանգությունն սկսվում է երկրի սահմաններից դուրս: Քանի դեռ տարածաշրջանում խաղաղություն չի տիրում, Թուրքիան չի կարող ապահով մնալ»։ Դրանից ելնելով՝ նա նվաճողական քաղաքականություն է իրականացնում տարբեր ուղղություններով, կիրառում թե ռազմական ուժը, թե տնտեսական ու մշակութային։ Վերոնշյալ բռնապետներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն մե՛զ են փորձում համոզել, որ ինքնապաշտպանությունը, անկախությունն ու արժանապատվությունը պաշտպանելն «ագրեսիա» է, յաթաղանը գլխիդ վերեւում պահածին խոնարհվելը՝ «առաջադեմ» եւ «խաղաղասիրական» վարքագիծ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: