«Ազգ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը
— Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին ակտիվորեն խոսում է նաեւ հայ-թուրքական սահմանի բացման, հարաբերությունների կարգավորման մասին: Ի՞նչ է ստացվում՝ Փաշինյանի Հայաստանի բոլոր դրկիցների հետ բարիդրացիական հարաբերություններ է ուզում հաստատել, ինչը, անխոս, շարքային քաղաքացու ականջին բավական դուրեկան է հնչում, բայց ի՞նչ ռումբեր կան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացելու գործընթացի ներքո:
— Թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող վարչակարգի գերնպատակը հայկական բնօրրանի՝ իրեն համար խնդրահարույց տարածքներից օր առաջ ազատվելն է՝ այդպիսով Հայաստանին մնացած մի փոքր հողակտոր հատկացնելով, որտեղ նրանք հնարավորություն կունենան քաղաքացիների համար, իբրեւ թե, սոցիալական բարեկեցություն ապահովել, ինչը, ի դեպ, նույնպես չեն կարողանում պատշաճ ձեւով ապահովել: Սահմանները բացելու միջոցով խոստանում են տնտեսական կտրուկ աճ, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորում, սակայն դրա ոչ մի նախադրյալ առ այս պահը չկա: Եվ դա, առաջին հերթին, հենց այն պատճատով, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի ամենաբարձ ղեկավարության կողմից կառուցողական կամ հույս ներշնչող ազդակներ չկան: Միայն ագրեսիվ քարոզչություն է՝ սպառնալիքի լեզվով: Ամբողջ Հայաստանը գրավելու թեզերի միջոցով՝ մեր վայ-հարեւանները խոստանում են հենց այն ապագան, որը Փաշինյանը գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցում է ՀՀ բոլոր քաղաքացիներին: Այսինքն, հայկական շահով պայմանավորված օրակարգերը բացակայում են այս դիսկուրսից, եւ առաջ է տարվում սպառնալիքի տակ ստեղծված ու մեր բոլորի վզին փաթաթված թուրքական երազանքը: Սրանք բացարձակ թաքնված ռումբեր չեն, եւ ակնհայտ երեւում են այդ երկու երկրների ղեկավարների եւ տարբեր տրամաչափի պաշտոնյաների խոսույթներում, հետեւաբար խոստացված բարեկեցիկ ապագան՝ առանց անվտանգային լրջագույն բարեփոխումների եւ ապահովման, պարզապես բարակ շերտով ստեղծված մեծ փուչիկ է, որն արդեն պայթելու շեմին է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: