Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմրահեր վհուկներ ու «չարագործ» ձախլիկներ․ «լուկիզմի» առավել հայտնի պատմական դրսևորումները

Ապրիլ 21,2023 09:30

Մեր օրերում մարդկանց արտաքին տեսքի համար խտրականության ենթարկելն անվանում են «լուկիզմ», սակայն այդ մտահոգիչ երևույթն ի հայտ է եկել շատ ավելի վաղ։ Ժամանակին տարբերվող արտաքին ունեցող մարդկանց կախարդներին բնորոշ հատկանիշներ էին վերագրում՝ խուսափելով նրանցից, երբեմն էլ ՝ հետապնդելով նրանց։ Շատ նախապաշարմունքներ հաղթահարելու համար դարեր են պահանջվել, և կարծրատիպերը կոտրելուն նպաստել են նորաձևության նորանոր միտումները,  տնտեսական ու քաղաքական փոփոխությունները, երբեմն էլ՝ երջանիկ պատահականությունները։

«Вокруг света»-ն առանձնացրել է «լուկիզմի» առավել հայտնի պատմական դրսևորումները։

Գունատ մաշկը՝ ազնվականության ցուցանիշ

Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ի օրոք արքունիքի տիկնայք մաշկի բաց երանգ ստանալու համար քացախի հիմքով սպիտակ ներկ էին օգտագործում, իսկ փիրուզագույնով ընդգծում էին քունքերի ու դաստակների երակները։  

Հին հույներն ու հռոմեացիները եթե ինչ-որ հրաշքով հայտնվեին ժամանակակից աշխարհում,  անկասկած կզարմանային սոլյարիների գոյությունից։ Անտիկ աշխարհում ապրող մարդն անգամ չէր էլ մտածի, որ կգտնվի մեկն, ով գումար կվճարի արևայրուք ստանալու համար։ Նրանց համար մաշկի գունատությունը սոցիալական կարգավիճակն ընդգծող կարևոր գործոն էր, ցուցանիշ, որ մարդը ծանր աշխատանք չի կատարում կիզիչ արևի տակ։

Հնում գունատությունը ոչ միայն գեղեցկության դրսևորում էր համարվում, այլև լավ բնավորության արտահայտություն։ Արիստոտելի «Ֆիզիոգնոմիկա» աշխատությունում  «դեմքի վառ գույն» ունեցողներին կռվարար բնավորություն է վերագրվում, իսկ նուրբ վարդագույն-գունատ մաշկ ունեցողները համարվում են հանգիստ ու բարեհամբույր մարդիկ։

Մաշկի գունատ երանգն ավելի նախընտրելի էր նաև Միջնադարում, և այդ մոտեցումը պահպանվում է մինչև Վերածննդի դարաշրջանը։ Մաշկի ցանկալի գույնը ստանալը բավականին մեծ ջանքեր էր պահանջում, հատկապես նրանցից, որոնք ապրում էին Եվրոպայի հարավում՝ Իտալիայում, Իսպանիայում կամ Հունաստանում։ Ազնվականները սպիտակեցնում էին մաշկը կավճի օգնությամբ, երբեմն էլ կյանքի համար վտանգավոր միջոցների դիմում՝ օգտագործելով կոսմետիկա, որի բաղադրությունում կապար էր մտնում։ Արևայրուքի դեմ պայքարող ավելի անվտանգ միջոցներ էին մանուշակի ու վարդի լոսյոնները, որոնք փոխարինում էին այժմյան արևապաշտպան քսուկներին։

Հանուն գեղեցկության կանայք անխնա քայքայում էին իրենց առողջությունը, քանի որ կապարի հիմքով ստեղծված կոսմետիկան, ներծծվելով մաշկի մեջ, թունավորում էր առաջացնում՝ տառապագին մահվան պատճառ դառնալով։ Կապարով դիմափոշու բազմաթիվ զոհերից մեկն էլ  XVIII դ-ում գեղեցկուհի Մարիա Քովենթրին էր, որը մահացավ 28 տարեկանում։ Գոթական վեպի ժանրի հիմնադիր Հորաս Ուոլփոլը նրա մասին գրելու էր․ «Սպանվել է սպիտակ կապարով»։

Մարիա Քովենթրի (1732-1760)

Արևայրուքը նորաձև դարձավ XIX դ-ի վերջին՝ բժշկական նոր ուղղության հետևորդների շնորհիվ, որոնք արևի լույսը ապաքինող հզոր միջոց էին համարում։ Արևային լոգանքներն օգտագործում էին թոքերի հիվանդությունների (գլխավորապես տուբերկուլոզի) և անգամ դեպրեսիայի բուժման համար։ Այդպիսով գունատությունն աստիճանաբար զիջում է իր դիրքերը, իսկ մաշկի մուգ երանգն այլևս չի ասոցացվում ծանր աշխատանքի ու սոցիալական դժվարին պայմանների հետ։ Այնուհետև արևայրուքը դարձավ սոցիալական դիրքն ու կարողությունն ընդգծելու միջոց, քանի որ ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ ծովափնյա հանգիստ, որի ընթացքում կարող էին արևայրուք ստանալ։

Կարմրահերները՝ կախարդնե՞ր

Տիցիան, Կինը հայելու առաջ

Բնության մեջ շիկակարմիր մազերը հազվադեպ են հանդիպում, և աշխարհում այդպիսի մազեր ունեցող մարդկանց թիվը 1 տոկոսից պակաս է կազմում, թեև որոշ երկրներում մազերի այդ գույնն  ավելի տարածված է։ Շիկակարմիր մազեր ու պեպեններ ունեցող մարդիկ պատմության ընթացքում բազմաթիվ փորձություններ են կրել՝ իրենց մաշկի վրա զգալով խտրականության ողջ անողոքությունը։

Հնագույն առասպելներն ու կրոնական պատմությունները լի են շիկակարմիր մարդկանց մասին բացասական գնահատականներով։ Եգիպտոսում շիկակարմիր մազերով տղամարդկանց զոհաբերում էին Օսիրիս աստծուն՝ հավատալով, որ վերջինիս ոխերիմ թշնամի Սետան ուներ հրակարմիր մազեր։

Հնդեվրոպական բանահյուսությունում կարմրահեր մարդկանց հաճախ էին  վամպիրներ անվանում, իսկ ինկվիզիցիայի շրջանում Եվրոպայում ցանկացած մեկին, որը կարմրահեր էր, կարող էին մեղադրել կախարդության մեջ և անհապաղ դատել։ Կարմրահեր մարդկանց բռնության հակումներ վերագրելը գուցե կապված էր այն հիշողությունների հետ, որոնք պահպանել էին եվրոպացիները մազերի բնորոշ գույն ունեցող թրակիացիների դաժան ցեղերի մասին։

Կարմրահեր մարդկանց նկատմամբ վերաբերմունքը սկսեց փոխվել Վերածննդի դարաշրջանում։ Այդ ժամանակների հայտնի գեղանկարիչների կտավներում հրակարմիր մազերը ոչ թե անեծք էին հիշեցնում, այլ պարգև։ Հատկապես այդ հարցում կարևոր դեր ունեցան Բոտիչելլիի ու Տիցիանի կտավները։

Մեր օրերում Նիդերլանդներում ամեն տարի օգոստոսի վերջին կարմրահերների փառատոն է անցկացվում։

1983 թ․-ին Կալիֆորնիայում ստեղծվեց «Կարմրահերների միջազգային միությունը», որի հեղինակները տարբեր ժամանակաշրջանների ականավոր կարմրահերներին նվիրված ամսագիր թողարկեցին։ Հրատարակության հերոսներ էին դարձել Քրիստափոր Կոլումբոսը, Ֆրիդրիխ Բարբարոսան,  Վինսենթ վան Գոգը և այլն։

«Չարագործ» ձեռքը

Մարդկային պոպուլյացիայում եղել են ձախլիկներ հազարամյակներ շարունակ, սակայն գրեթե միշտ  «ճիշտ» է համարվել աջ ձեռքը։ Դեռ Հին Հռոմում ձախլիկների նկատմամբ վերաբերմունքն արմատավորվել է լեզվական մակարդակում․ իտալերեն  «sinistra» բառը նշանակում է ինչպես «ձախ», այնպես էլ «չարագուշակ»։ Դարերով ձախլիկներին փորձել են ուղղել, իսկ հասուն մարդկանց, որոնք պահպանել են ձախլիկությունը, վերաբերվել են վերապահումով՝ աշխատելով նրանցից հեռու մնալ։

Լեոնարդո դա Վինչին նույնպես ձախլիկ է եղել։ Իր շատ գրառումներ կատարել է աջից՝ ձախ, ինչպես տեսնում ենք, օրինակ «Վիտրուվյան մարդ» պատկերում։

Ձախլիկների հետապնդումը բուռն դրսևորում է ունեցել հատկապես Միջնադարում, երբ սկսեցին հավատալ, որ ձախլիկներն, իբր, կապված են սատանայի հետ, որն իր հետնորդներին կնքել է ձախ ձեռքով։ Եվ ընդհակառակը, առաքինի քրիստոնյան պետք է օգտագործի միայն աջ ձեռքը։ Միջնադարյան նկարիչների կտավներում բացասական կերպարները հաճախ են իրենց չարագործություններն իրականացնում ձախ ձեռքով։Դարերի ընթացքում ձախլիկներին փորձել են «բուժել» ամենատարբեր միջոցներով՝ ձեռքը կապելուց մինչև հիպնոսի կիրառում։ Թեև Լուսավորության դարաշրջանում և XIX դարում արդեն որոշ գիտնականներ կոչ էին անում վերաբերվել ձախլիկներին այնպես, ինչպես աջլիկներին, կրթական համակարգը դեռևս կենտրոնացած էր աջլիկների վրա։

Թարգմանությունը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930