Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ակցիաների պատմությունից

Ապրիլ 21,2023 10:00

2018 թվականի ապրիլի 11-ին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանը, մոտենալով խորհրդարանի ամբիոնին, «վառեցին ազատության ջահը»՝ այրվող ծխարձակիչների միջոցով ԱԺ դահլիճում տարածեցին կապույտ ծուխը: Դա, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակության» եւ ֆեյսբուքահայության կողմից ընդունվեց բուռն հրճվանքով:

Երբ նույն թվականի փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա կեղտաջուր լցնելու մտադրությունը ի ցույց դրեց, նույն այդ շրջանակները առանձնապես չնեղվեցին, եթե ոչ՝ ողջունեցին:

Դրանք քաղաքական ակցիաներ էին: Կարելի է կիսել կամ չկիսել այդ ակցիաներն իրականացնողների հայացքները, կատարման ձեւը նույնպես կարող է դուր չգալ, բայց նման դրսեւորումները խորհրդարանական պրակտիկայում ընդունված երեւույթ են, եւ դրանց մեջ առանձնապես արտառոց բան չկա:

Ճիշտ նույն վերաբերմունքն ունեմ Թագուհի Թովմասյանի երեկվա ակցիայի վերաբերյալ: Նրանք, ովքեր ծափահարում էին Լենա Նազարյանին եւ Մարինա Խաչատրյանին, պետք է, ենթադրում եմ, առնվազն ըմբռնումով մոտենային պատգամավորի երեկվա արարքին: Բայց՝ ոչ. այս դեպքում այդ նույն շրջանակները խիստ վրդովված են՝ ինչպե՞ս կարելի է այդպես վարվել հանրապետության թիվ մեկ ամբիոնի մոտ: Եվ որպես բացասական վերաբերմունքի հիմնավորում հնչեցվում է ճամբարափոխության մեղադրանքը: Պետք է ասել, որ այս հարցում նույնպես դրսեւորվում են երկակի ստանդարտներ: Շիրակ Թորոսյանի եւ Սերգեյ Բագրատյանի ճամբարափոխությունը համարվում է միանգամայն բնականոն երեւույթ, իսկ այս մեկը՝ դավաճանություն սկզբունքներին:

Թագուհի Թովմասյանի ակցիային նախորդել էին նույն ամբիոնից վարչապետի մեղադրանքները, որոնք, ըստ ամենայնի, ուղղված էին հենց այդ պատգամավորի դեմ: Փաշինյանը, հավատարիմ մնալով իր ոճին, քաղաքական բանավեճում ոչ թե քաղաքական փաստարկներ է բերում, այլ աշխատեցնում է «անձնական կոմպրոմատը», իբր, իր նախկին թիմակից պատգամավորներից մեկը իրեն թաքուն ձայնագրել է եւ այդ ձայնագրությունը փոխանցել է Սերժ Սարգսյանին:

Վստահ չեմ, որ դա նույնիսկ տեխնիկապես հնարավոր է անել, բայց ինքնին, նման «փաստարկներ» հնչեցնելը շատ բան է ասում մեր իշխանության բնույթի մասին: Ինչպես եւ՝ խոստովանությունը, որ մարդկանց «բռնում են ականջից եւ դարձնում են պատգամավոր»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    . Ըստ վարչակարգի համակիրներին, այդ նախկին ակցիաների եւ երեկուայ ակցիային միջեւ, կայ մի էական տարբերութիւն՝ նախկին ԱԺ-ն եւ Երեւանի քաղաքապետը լեգիտիմ չէին, մինչ այժմու ԱԺ-ն, քուէարկող ժողովուրդին – կրկնակի – ընտրութեամբ գոյացած ու վերահաստատուած է:

    . Իսկ Թագուհի Թովմասյանի պարագային, նախ կայ այն անջնջելի հանգամանքը, որ ինք մասնիկ մը – եւ ուրեմն մեղսակիցը – եղած է, այս նոյն վարչակարգին:

    . Կայ նաեւ այն տուեալը որ, երբ որ իր գործին կու գայ, այս անձը համագործակցում է վարչակարգին հետ – օրինակի համար՝ մի քանի շաբաթ առաջ, իր մասնակցութիւնը Ալեն Սիմոնյանի պատուիրակութեան՝ Գերմանիա -, ապա, անհասկնալի թայմինկնով, ատենը մէկ՝ դառնում է «արմատական» ընդդիմադիր:

    Այստեղ ալ, credibility-ի հարց մը կայ:

    . Իսկ երբ որ այդ ծուխով – եւ դուխով – ելոյթը ունեցան, էն վախտ «Ելք»ի անդամ այդ երկուքը, նրանց այդ ամբարտաւանութիւնը բաւարար չափով քննադատութեան արժանացա՞ւ, չէզոք դիտորդների կողմէ: Օրինակի համար՝ ընդհանրապէս անկողմնակալ Մամուլը…

    Եւ այսպէս շարունակաբար, տեւաբար բարեացակամ մօտեցումներով, իշխանութեան ճանապարհը բացուեցաւ ու հարթուեցաւ՝ Իմ Քայլին առջեւ:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Հայաստանի Ազգային Ժողովը վաղուց արդեն վերածվել է միլլի մեջլիսի՝ թրքահպատակ թքառատ մեծամասնությամբ: Բայց եկեք այնուամենայնիվ շնորհավորենք մեծարգո պարոնին՝ գնահատելով նրա ֆենոմենալ տաղանդը ստախոսության, զազրախոսության, դատարկախոսության ոլորտում: Նրա կառուցած բռնապետությունը իրոք աննախադեպ է, աներեւակայելի եւ անզուգական: Իհարկե՝ մարդկության պատմության մեջ բռնապետներ շատ են եղել, եւ մեր պաշտելի ազգակործան պատուհասը իր արժանի տեղը կգրավի պոռոտախոս պոպուլիստ սադիստ մարդակերների շարքում: Բայց, ի տարբերություն Չաուշեսկուի, Մուսսոլինիի, Պինոչետի եւ այլ «նորմալ» բռնապետների, որոնք գոնե ձգտում էին ընդարձակել իրենց երկրի տարածքը, մոբիլիզացնել մարդկանց թշնամի պետությունների դեմ պայքարում, սրա կառուցածը բռնապետության ամենաստոր ու ամենաճղճիմ տեսակն է՝ իր էությամբ ամբողջովին ազգադավ, հողատու, ստրկամիտ, կոլաբորացիոնիստ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930