ԱԺ նիստերի դահիճում այսօր քաշքշուկ տեղի ունեցավ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների, անվտանգության ծառայողների միջեւ այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց՝ քաղաքական ակցիա է իրականացնում եւ չի իջնելու ամբիոնից, այլեւս չի հանդուրժելու իշխանության ստերը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը լեզվակռվի մի դրվագում բղավում էր՝ «պետք լինի՝ կթքեմ», ներս էր հրավիրել ՊՊԾ աշխատակիցներին ու հրահանգել՝ «ես եմ ստեղ որոշում, տարեք»: ՊՊԾ աշխատակիցներն ընդդիմադիր պատգամավորներին քաշքշելով՝ ազատել էին ԱԺ ամբիոնը։
Հայաստանի նորագույն պատմության մեջ խորհրդարանի ամբիոնը գրավելու առաջին դեպքը եղավ 2002 թվականի հունիսին, երբ խորհրդարանում քննարկվում էր հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցը: Խորհրդարանի դահլիճում կրքերն այնքան բորբոքվեցին, որ նույն խմբակցությունը ներկայացնող երկու մականունավոր պատգամավորներ՝ Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ) եւ Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) հայհոյեցին իրար, Հակոբ Հակոբյանը մանդատը նետեց խորհրդարանի դահլիճում:
Իսկ դրան նախորդել էր ծեծկռտուք, այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավոր Գագիկ Կոստանդյանը ներկայացրեց «Հոկտեմբերի 27»-ի ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի, այդ ողբերգությունը հնարավոր էր կանխել, իսկ նրա գործընկեր Ղուկաս Ուլիխանյանը հայտարարեց, որ այդ եզրակացությունը հիմք է նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնականության գործընթաց սկսելու համար իրավական հիմքեր է ստեղծում: Լեւոն Սարգսյանը մինչ այդ, բռունցքով հարվածել էր ԱԺ ամբիոնը «գրաված» պատգամավորներից Արամայիս Բարսեղյանին, իսկ Հակոբ Հակոբյանը Լեւոն Սարգսյանին կարգի էր հրավիրում: Ընդդիմադիր պատգամավորներ Խորեն Սարգսյանը, Արամայիս Բարսեղյանը, Ալեքսան Կարապետյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Ստեփան Զաքարյանը, Մանուկ Գասպարյանը եւ այլք, 2002 թվականի հունիսի 10-ի նիստի ժամանակ «գրավել» էին խորհրդարանի ամբիոնը, թույլ չէին տալիս խորհրդարանի եռօրյա նիստերի աշխատանքները սկսվեն, քանի որ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, իրենց պնդմամբ խախտում էր ԱԺ կանոնակարգը՝ հրաժարվելով նախագահի պաշտոնականության հարցը քննարկման դնել: Նույն պատկերն այդ եռօրյայի ընթացքում մի քանի անգամ կրկնվեց՝ ուղեկցվելով քաշքշուկներով, վիրավորանքներով, սուր ելույթներով. ԱԺ ամբիոնի մոտ համարյա բարիկադներ էին ձեւավորվում՝ պատգամավորների մի մասն ամբիոն բարձրանալով փորձում էր առաջ տանել նախագահի պաշտոնանկության հարցի քննարկումը, մյուս մասը փորձում էր «ազատագրել» ԱԺ ամբիոնն ընդդիմադիր պատգամավորներից ու նրանց պահանջից:
Այս ողջ ընթացքում ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, մերթ ընդ մերթ, փորձում էր կարգի հրավիրել պատգամավորներին՝ երբեմն նախատելով, երբեմն կսմիթներ անելով նրանց արարքներին եւ հայտարարություններին ի պատասխան: Եռօրյայի ավարտին էլ Արմեն Խաչատրյանն ազդարարեց գարնանային նստաշրջանի ավարտը. դրանով ավարտվեց նաեւ պաշտոնանկության հարցը:
Կարդացեք նաև
Իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Կոնյակի գործարան այցի ժամանակ, անդրադառնալով խորհրդարանական զարգացումներին, ասել էր՝ եթե իրավիճակը շատ ձգձգվի, առանց դիմումի կմիջամտեն:
ԱԺ ամբիոնի հաջորդ «գրավումը» 2016-ի հունիսի 29-ին էր. «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում խոսեց ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի, կեղծիքների, բռնաճնշումների, Ընտրական օրենսգրքի, վարչական ռեսուրսների օգտագործման մասին: ԱԺ նախագահ Հերմինե Նաղդալյանը նրա խոսափողն անջատեց՝ հորդորելով խոսել քննարկվող հարցից: Զարուհի Փոստանջյանը շարունակեց իր ելույթը՝ արդեն անջատված խոսափողով: Հերմինե Նաղդալյանը դա անվանեց «մի դերասանի թատրոն»:
Իսկ 2013 թվականի դեկտեմբերի 23-ին, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկության ժամանակ, «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ-ական պատգամավորների քարտերը, որպեսզի նրանք չկարողանան քվեարկել: Միջադեպի արդյունքում պատգամավորները լեզվակռվի բռնվեցին, ապա ՀՀԿ-ականները իրենց վրդովմունքը պարպեցին արդեն խմբակցության սենյակում՝ միմյանց հետ: Վիրավորանքների արժանացան միջանցքներում, իշխանական պատգամավորներից հարցի վերաբերյալ կարծիք ճշտող լրագրողները:
Ի վերջո, համաձայնագիրը վավերացվեց, մինչ այդ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին ուղղված ռեպլիկ արեց. «Ձեր մերկությունը տեսել եւ չեմ գայթակղվել»:
Խորհրդարանի ամբիոնը «գրավելու» դեպքերից, հանրային հիշողության մեջ դեռ թարմ է 2018-ի ապրիլի 11-ին՝ ԱԺ ամբիոնի գրավումը՝ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի եւ Լենա Նազարյանի կողմից: Նրանք դեղին, կանաչ գույնի ծխի մեջ կորցրեցին ԱԺ նախագահության ամբիոնն ու նիստերի դահլիճը: Դահլիճում ներկա սակավաթիվ պատգամավորները հետեւում էին ծխին, իսկ ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Էդուարդ Շարմազանովն ասաց՝ «շոուն չստացվեց»: Նա հորդորեց դահլիճի դռները բացեն, որ կարողանան աշխատել. «Թող հանրությունն իմանա ով ինչով է զբաղվում ԱԺ-ում»: Գեւորգ Գորգիսյանն առաջարկեց ընդմիջում անել, Շարմազանովը չհամաձայնեց. «Դուք, ձեր խմբակցությունը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ