Լրահոս
Օրվա լրահոսը

Իրերի համար նախատեսված պահարանից հափշտակել էր՝ հավաքելով իր տեսած թվերը

Ապրիլ 21,2023 14:00

Մենք հաճախ ենք օգտվում հանրախանութների, սուպերմարկետների, տարատեսակ առեւտրի կետերի հաճախորդների իրերի համար նախատեսված պահարաններից:

Հաճախ թվում է՝ փակել ես այդ փոքրիկ պահարանի դուռը, պարզվում է՝ փականը չի գործել, իսկ մենք չենք նկատել, հաճախ բանալիները չկան, եւ քանի որ շատ ենք շտապում, պատահում է նաեւ, որ հենց այդպես ձեռքի տոպրակը, խանգարող իրը տեղադրում ենք բաց պահարանում, ու գնում առեւտուր անելու: Կան պահարաններ, որոնցից օգտվելը դժվար է հատկապես տարեց մարդկանց համար, քանի որ պիտի հավաքեն կոդը, խնդրեն այդ պահին մոտակայքում գտնվող մեկին, որպեսզի նա հավաքի կոդը, որ պայուսակը կամ ձեռքի իրը տեղավորի այդտեղ: Հաճախ կոդը հավաքելիս մենք չենք էլ նկատում, թե ով է այդ պահին կանգնած լուռ հետեւում մեր հավաքած թվերին…

Այդպիսի մի արտառոց պատմություն՝ քրեական գործի կարգավիճակով հայտնվել է Երեւանի դատարաններից մեկում:

2022 թվականի սեպտեմբերի 29-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Սերյոժա Միհրանի Սիմոնյանի քրեական գործը: Սիմոնյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը: Ամբաստանյալի պաշտպանությունն իրականացնում է ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան Լ.Պինգոլցյանը:

Գործով դատավորն է Դավիթ Բալայանը: Նախնական դատական լսումը նշանակվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին, իսկ այս տարի երեք դատական նիստ է տեղի ունեցել: Գործը հարուցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Սերյոժա Սիմոնյանը 2022թ. հուլիսի 28-ին, ժամը 08:10-ի սահմաններում, գտնվել է Երեւանի Սեբաստիա համայնքում գործող հանրախանութի հաճախորդների իրերի համար նախատեսված պահարանի մոտ: Ըստ մեղադրական եզրակացության, նա տեսել է, թե ինչպես է Ե.Թ.-ն իր ձեռքի անձնական իրերով տոպրակը դնում թիվ 72 պահարանում, փակում պահարանի դուռը, պահարանի դռան էլեկտրոնային փականի թվային դաշտում ինչպես է փականն աշխատեցնող գաղտնաբառ հավաքում… «1», «9», «5» եւ «4» թվերով: Դռնակը փակվելուց հետո Ե.Թ.-ն գնումներ կատարելու համար գնացել է դեպի խանութի ներսը, իսկ Ս. Սիմոնյանը թիվ 72 պահարանի դռան էլեկտրոնային փականի թվային դաշտում իր տեսած թվերը հավաքել է, բացել պահարանի դուռը: Նա գաղտնի հափշտակել է Ե.Թ.-ին պատկանող տոպրակը, որի մեջ եղել է անձնագիր, 185.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, 150.000 ՀՀ դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար թղթադրամ, 15.000 ՀՀ դրամին համարժեք վրացական 100 լարի անվանական արժեքով թղթադրամ, 10.000 ՀՀ դրամ արժեքով բջջային հեռախոս եւ 5.000 ՀՀ դրամ արժեքով գոգնոց, ըստ էության նրան պատճառելով 365.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»-Սուպերմարկետների պահարանային գողություններից զավեշտալի մի դեպք գրանցվեց անցյալ տարվա օգոստոսի վերջին, երբ աշխատակիցն էր գողացել Արգիշտի փողոցի սուպերմարկետի չհրկիզվող պահարանը:

«Առավոտ» օրաթերթ
20.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930