Երեւան քաղաքի ընդհանուր իրավաության դատարանի դատավոր Մ. Մակյանի դատավճռով 2022թ. ապրիլի 22-ին Ինեսա Զոհրաբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 203-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի 3 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
Ինեսա Զոհրաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Ինեսա Զոհրաբյանը փաստացի աշխատելով ՀՀ «Երեւան» նոտարական տարածքի «Կենտրոն 1» նստավայրում, 2018 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2020թ. դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում, ունենալով պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորություն, պատրաստել է կեղծ վճարային փաստաթղթեր` նախկինում վճարված պետտուրքի եւ ծառայության վճարների անդորրագրերի վրա մեխանիկական փոփոխություններ կատարելու կամ արդեն իսկ նախկինում վճարում կատարած անդորրագրերը օգտագործելու եղանակով, ինչից հետո հիշյալ անդորրագրերը կցելով միասնական տեղեկանք ստանալու եւ իրավունքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ թվով 101 դիմումներին` մուտքագրել է դրանք ՀՀ կադաստրի կոմիտե, սակայն կադաստրի աշխատակիցների կողմից մուտքագրված վերոնշյալ դիմումներից թվով 20 դիմումների վարույթները կասեցնելու հետեւանքով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել»:
Ինեսա Զոհրաբյանը փաստացի աշխատել է ՀՀ «Երեւան» նտարական տարածքի նոտար «Կենտրոն 1» նստավայրում, որպես թարգմանիչ-գործավար: Նույն նոտարական տարածքի նոտար Քրիստինե Աշոտի Արսենյանի հետ ունեցած պայմանավորվածության եւ ներքին աշխատանքի բաժանման համաձայն` նա պարտավոր էր գրանցել եւ անշարժ գույքի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեից տեղեկատվություն ստանալու վերաբերյալ դիմումները, եւ դրանց համար սահմանված վճարման ենթակա գումարներն ու տերմինալի միջոցով անձամբ դրանք մուտքագրել ՀՀ կադաստրի կոմիտեի եւ պետական գանձապետարանի համապատասխան հաշվեհամարներին:
2018 թվականի նոյեմբերի 2-ին հարուցվել էր քրեական գործ, այն դատարանում էր 2021 թվականի դեկտեմբերից:
Այս գործով վկաներն էին Մարտին Սեդրակյանը՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանման ղեկավարի տեղակալը, Արտեմ Հարությունյանը՝ կառուցապատող ընկերության տնօրեն, Արմենուհի Հարությունյանը, Արթուր Սարգսյանը՝ ՀՀ ԱՆ Կադաստրի կոմիտեում` որպես ռեգիստրներ, Ռոբերտ Վարդանյանցը՝ «Ջի ԷՄ Դեվելոփեր» ՍՊԸ-ի փոխտնօրենը, Քրիստինե Արսենյանը՝ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարը…
Վեց հատորանոց գործը վերաքննիչ քրեական դատարանում է:
Պաշտպան Վլադիմիր Զաքարյանը բողոք է բերել, պահանջում է բեկանել դատավճիռը, Ինեսա Զոհրաբյանին ՀՀ քր. օր-ի 34-184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ճանաչել անմեղ եւ արդարացնել՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ մեղադրողի քաղաքացիական հայցը՝ մերժել:
Ուշադրության արժանին, այս գործով, թերեւս, Քրիստինե Արսենյանի կողմից արված ձայնագրառումն է: Վերջինս հանդիսացել է մասնավոր անձ եւ ձայնագրառումը կատարել է մասնավոր իրավահարաբերությունների շրջանակում: Ձայնագրառումը հետազոտվել է դատական քննության ընթացքում` Ինեսա Զոհրաբյանի ներկայությամբ, նրան եւ իր պաշտպանին հնարավորություն է ընձեռվել հակընդդեմ հարցման ենթարկել ձայնագրությունը ներկայացրած անձին: «Դատարանն արձանագրում է, որ ապահովվել է Ի. Զոհրաբյանի` հաղորդակցության գաղտնիության իրավունքը կրողի արդար դատաքննության իրավունքը: Վերջինիս հասանելի է եղել ձայնագրության բովանդակությունը եւ նա հնարավորություն է ունեցել վիճարկելու դրա իսկությունը մրցակցային դատավարության պայմաններում եւ հակընդդեմ հարցման ենթարկելու ձայնագրառողին: Նկարագրված պայմաններում՝ դատարանը գտնում է, որ վկա Ք. Արսենյանի կողմից ներկայացված կրիչը` որպես ապացույց օգտագործելը թույլատրելի է եւ իրավաչափ»:
Նշեմ, որ 2022 թվականի մարտի 9-ին մեղադրող Ս. Բեսալյանը դատարանում ներկայացրել էր հայցադիմում, խնդրել էր Ինեսա Զոհրաբյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2.947.000 ՀՀ դրամ գումար՝ որպես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի փոխհատուցում:
Ապրիլի 25-ին բողոքի քննությունն է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.04.2023