Լրահոս
Օրվա լրահոսը

«Օծանելիքի սեռային տարբերակումը մարքեթինգային հնարք է»

Ապրիլ 21,2023 13:00

Հարցազրույց պարֆյումեր Ծովակ Ոսկանյանի հետ

Ծովակ Ոսկանյանի անունը 2019թ. ամրագրվել է Fragrantica հանրագիտարանում՝ հռչակ վայելող պարֆյումերների թվում։ Տեղեկանում ենք, որ նա իր առաջին բույրը ստեղծել է նույն՝ 2019թ.։ Մինչ այդ պարֆյումերի հավաքածուում 8 բույր էր։ Ֆլորենցիայում ավանդաբար անցկացվող համաշխարհային՝ Pitti fragranze ցուցահանդեսում նա 2021թ. առաջին անգամ պաշտոնապես ներկայացրել է Voskanian Parfums հավաքածուն՝ չորս նոր բույրով։ Ընդ որում, հեղինակավոր CaFleureDon ամսագիրը նշյալ ցուցահանդեսի արդյունքներն ամփոփելով՝ հայաստանցի պարֆյումերի peche chypree (դեղձ շիպրային) բույրը  ճանաչել է տարվա տասը լավագույններից մեկը, հեղինակին էլ՝ տարվա բացահայտում։

– Հարգելի Ծովակ, մեր դիտարկմամբ՝ հայաստանցի միակ պարֆյումերն եք, որի բույրերը ներկայացված են միջազգային շուկայում։ Ինչպե՞ս սկսվեց այդ ամենը եւ ընդհանրապես՝ ձեր գործունեությունը։

– Օծանելիքի հանդեպ հետաքրքրությունս առաջացել է փոքր տարիքից, ինձ հատկապես գրավում էր մորս օծանելիքը. նա օգտագործում էր Lancome Magie Noire։ Երբ նա աշխատանքից տուն էր գալիս, դուռը բացվում էր, բույրից հասկանում էի, որ մայրս է…

– Հետաքրքիր է՝ հիմա ձեր մայրը ի՞նչ օծանելիք է օգտագործում։

– Մայրս նախընտրում է Voskanian համաշխարհային բրենդը (ծիծաղում է- Ս. Դ.)։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ընդունվեցի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան՝ «Միջազգային առեւտուր» մասնագիտացմամբ։ Դրան զուգահեռ աշխատանք էի փնտրում, այնպիսին, որը կառնչվեր արտադրական գործունեության հետ։ Պրպտումների այդ ժամանակահատվածում ծանոթացա Հայաստանի հիդրոպոնիկայի ինստիտուտի նախկին գիտաշխատող Ռուբեն Բունիաթյանի հետ, ով տարբեր նպատակների համար եթերային յուղեր էր թորում։ Դա ինձ գրավեց։ Մտաբերեցի, որ երեխա ժամանակ մսաղացով վարդ ու դաղձ էի ճզմում՝ օծանելիք ստեղծելու հույսով… Ռուբենը ինձ սովորեցրեց բույսերից եթերային յուղ ստանալ։ Տարիների ընթացքում ուսումնասիրելով եթերային յուղերն ու դրանց մոլեկուլյար կազմը, անցում կատարեցի նաեւ սինթետիկ նյութերին եւ երկար ուսումնասիրություններից, փորձերից հետո, նաեւ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում յուրացրի բույրերի ստեղծման տեխնիկան։

Fragrantica հանրագիտարանի հայ պարֆյումերին ներկայացնող հատվածը։

– Հիմա ունեք սեփական լաբորատորիա…

– Այո։ Լաբորատորիայում իմ տրամադրության տակ են շուրջ 1000 բուրավետ նյութեր։ Հասկանալի է, որ տիրապետում եմ դրանց ֆիզիկաքիմիական ու կիրառության առանձնահատկություններին։

– Գուցե հուշենք կամ հիշեցնենք, որ ընթացիկ տարին հոբելյանական է ձեր գործունեության համար։ Ստացվում է՝ հինգ տարի է, ինչ գոյություն ունի ձեր բրենդը, այլ կերպ ասած՝ բիզնեսմեն եք եւ արդեն ունեք որոշակի փորձ։

– Չնայած այն հանգամանքին, որ բիզնեսս ծավալով փոքր է, այնուամենայնիվ, այն պահանջում է մեծ պատասխանատվություն ու բազմակողմանի գիտելիքներ։

– Բնականաբար, տնտեսագետի մասնագիտությունն օգնում է։

– Իհարկե։ Բիզնեսի կազմակերպման ու կառավարման գործընթացում կարեւոր են տնտեսագետի գիտելիքները։

– Հետաքրքիր է՝ բույր ստեղծելու համար մոտավորապես ի՞նչ ժամանակ է պահանջվում։

– Կա բույր, որ ստեղծել եմ մեկ օրում եւ կա այնպիսին, որ երկու տարի աշխատում եմ, բայց արդյունքը դեռ չի գոհացնում։

– Պարֆյումերի մասնագիտությունը մշակութային է, այն պետք է գրավի «հանդիսատեսին», ավելին՝ հանրությանը։ Այստեղ մի բայց կա. համամիտ չե՞ք, որ, օրինակ՝ մեկ բույրը կարող է դուր գալ միլիոն մարդու կամ հակառակը՝ ընդամենը մեկին կամ էլ՝ ընդհանրապես չգրավի։ Ինչո՞վ եք առաջնորդվում նոր բույր ստեղծելիս։ Եվ ասեք խնդրեմ՝ կարելի՞ է զուգահեռներ անցկացնել ձեր եւ  նորաձեւության ոլորտների միջեւ։

– Ինչ վերաբերում է պարֆյումերի՝ մշակութային մասնագիտություն լինելուն, իսկապես այդպես է։ Տեսեք՝ նկարիչը ներկերից է ստանում կտավը, կոմպոզիտորը՝ նոտաներից ակորդներ, երաժշտություն, պարֆյումերը՝ բաղադրիչներից է ստանում ակորդներ, վերջնարդյունքում՝ բույր։ Օրինակ՝ դեղձի բույրը մեկ բաղադրիչից չի ստացվում, այլ տարբեր բաղադրիչներից ստացված ակորդ է, որն իր տեղն է զբացեղնում ընդհանուր կոմպոզիցիայի մեջ։ Օծանելիքի մեծ տներում սովորաբար առաջնորդվում են հասարակության ճաշակով, նախասիրություններով։ Ես նախընտրում եմ բյուրեղացնել սեփական ոգեշնչումը, միեւնույն ժամանակ չանտեսելով հասարակության ընկալման առանձնահատկությունները։ Իսկ նորաձեւության համեմատականներ չէի անցկացնի։ Օրինակ՝ հագուստը նորաձեւ է մեկ սեզոնի համար, իսկ օծանելիքի կենսացիկլը անհամեմատ ավելի երկար է ձգվում։ Բերեմ տպավորիչ մեկ օրինակ. CHANEL N5-ը թողարկվում է ավելի քան մեկ դար։ Իմիջիայլոց, վերջին շրջանում մեծ պահանջարկ են վայելում փայտային, մրգային, գուրման բույրերը։

– Փաստորեն, աշխատում եք երկու ֆրոնտով՝ ստեղծելով օծանելիք կնոջ եւ տղամարդու համար։

– Օծանելիքի սեռային տարբերակումը մարքեթինգային հնարք է, որը շուրջ մեկ դար իրականացվում է մասնագիտական մեծ տների կողմից, պարզ է, չէ՞, վաճառքը խթանելու նպատակով։ Մինչդեռ օծանելիքը չէ, որ պետք է կանացիություն կամ տղամարդկություն ընդգծի։ Իմ բույրերը ի սկզբանե նախատեսված են ե՛ւ կնոջ, ե՛ւ տղամարդու համար։

– Դուք ի՞նչ օծանելիք եք օգտագործում։

– Շատ հազվադեպ եմ օծանելիք օգտագործում, որովհետեւ այն ինձ խանգարում է ստեղծագործելիս։ Բայց երբեմն օծվում եմ իտալացի գործընկերոջս՝ Ջորջիանային պատկանող բրենդի օծանելիքներից BOCO SOSPESO-ով։ Ընդ որում, պարֆյումերի հետ ծանոթացել եմ 2021թ., Ֆլորենցիայի ցուցահանդեսի ժամանակ ու նրանից նվեր ստացել այդ օծանելիքը։

– Որպես մասնագետ ի՞նչ խորհուրդ կտաք՝ հաճա՞խ է պետք փոխել օծանելիքը։ Կան մարդիկ, որ երկար տարիներ հավատարիմ են նույն բույրին։

– Օծանելիքի օգտագործման կանոններ չկան։ Միայն փաստեմ, որ երկար ժամանակ նույն բույրն օգտագործող մարդիկ տվյալ բույրը դարձնում են իրենց կերպարի մի մասը։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930