«Այաս» պարային դպրոցը Չեխիայից «Գրան Պրի» եւ այլ մրցանակներ է բերել
Օրերս Պրահայում կայացած «Holiday of spring» պարային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Այաս» պարային դպրոցն արժանացել է լավագույն մրցանակներին: 14 պարային բեմադրություններ՝ դասական, մոդեռն, ստեպ, ժողովրդականին բնորոշ, ջազային պարաոճերում: «Այասն» արժանացել է 7 առաջին, 3 երկրորդ, 4 երրորդ կարգի մրցանակների: Իսկ «Շալախո» բեմադրությունն արժանացել է հատուկ մրցանակի: «Գրան Պրի»-ն եւս «Այաս» պարային դպրոցինն էր:
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Այաս» դպրոցի պարուհի, պարուսույց Մարիա Առաքելյանի հետ:
– Ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք, երբ արժանացաք գլխավոր մրցանակին:
– Զգացողությունները շատ էին եւ բազմապիսի. ուրախություն, անսահման հպարտություն առաջին հերթին մեր երկիրը պատվով ներկայացնելու համար, նաեւ հուզմունք։
– Սպասո՞ւմ էիք, որ հենց ձեր պարային խումբը կարժանանա «Գրան Պրի» -ի:
– Բոլորս շփոթված եւ հուզված էինք մեր անունը հնչեցնելու պահին, ջանք ու եռանդ չենք խնայել հաղթանակին հասնելու համար, բայց միեւնույն է՝ այդ պահին չէինք հավատում, որ այդ ամենը մեզ հետ էր կատարվում:
– Ձեր պարային խումբը հյուրընկալվեց Չեխիայում՝ Հայաստանի դեսպանատանը, կպատմե՞ք այցի մասին:
– Մեր շրջագայության վերջին օրը հյուրընկալվեցինք Չեխիայում Հայաստանի դեսպանատանը, մեզ մեծ սիրով եւ հպարտությամբ ընդունեցին, պարեցինք այնտեղ, պատմեցինք մեր մասին, իրենք էլ պատմեցին Չեխիայի հայկական համայնքի մասին: Մեծագույն պատիվ էր մեզ համար այնտեղ լինելը։
– Ի՞նչ ծրագրեր ունի պարային դպրոցն ապագայում։
– «Գրան Պրիի» արժանանալուց հետո հաջորդ տարի հրավիրված ենք մասնակցելու Փարիզում կայանալիք մրցույթին։ Մոտ ապագայում էլ ունենալու ենք մեծ պարային ներկայացում-մենահամերգ, փակագծերը դեռ չենք բացում, բայց խոստանում ենք զարմացնել եւ հիացնել հանդիսատեսին։
Զրուցեց Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
20.04.2023