Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը մերժեց ՀՀ վճռաբեկ դատարանին

Ապրիլ 21,2023 14:30

Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ «Լուսավոր Հայաստանի» գործի վարույթը կասեցվել է՝ մինչեւ Սահմանադրական դատարանի ընդունած որոշման ուժի մեջ մտնելը

2023 թվականի ապրիլի 7-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վճռաբեկ դատարանի դիմումը, որով թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով ներկայացված «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ դիմողը խնդրել է. «1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան»:

Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 2022թ. ապրիլի 6-ի որոշմամբ վարույթ էր ընդունվել թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով վերաքննիչ վարչական դատարանի՝ 2022 թ. հունվարի 7-ի որոշման դեմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բերած վճռաբեկ բողոքը: Հետագայում, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թ. փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն օրենքի 18-րդ հոդվածի 11-րդ մասը, վերոնշյալ գործը հանձնվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատին: Ըստ դիմողի՝ նշված գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտ կայացնելու հարցի լուծումը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավակարգավորման կիրառմամբ, որի սահմանադրականության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներն ունեցել են հիմնավոր կասկած՝ այնքանով, որքանով նշված նորմը չի նախատեսում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի՝ ոչ օրինական կազմով գործի քննության պարտադիր բեկանման հիմքով բողոքարկման եւ վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք:

Բացի այդ, դիմողը հավելել էր. «Նշված գործով հայցվոր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում մասնավորապես ընդգծել է, որ օրինական դատարանի կազմով գործի քննությունը համարվում է արդար դատաքննության իրավունքի կարեւոր տարր, իսկ սույն գործով վճռի կայացումը, ստորագրումը եւ հրապարակումը տեղի է ունեցել այնպիսի կազմով եւ եղանակով, որոնք սահմանված չեն օրենքով: Բողոքաբերը գտել է, որ տեղի է ունեցել արդարադատության բուն էությունը խաթարող դատավարական խախտում»:

ՀՀ վերաքննիչ դատարանը բողոքը մերժել էր: Սահմանադրական դատարանը ապրիլի տասնութին մերժել է Վճռաբեկ դատարանին, արձանագրել. «Դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն իրացնելու պարտադիր պայմաններից է հիմնավորումներ ներկայացնելը, որ իր վարույթում գտնվող գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի/դրույթի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն)»: Մինչդեռ, «կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում այդ խնդիրը կարող է/էր բարձրացվել Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի շրջանակում, քանզի խոսքն ըստ էության վերաբերում է անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանը (արդյունավետ պաշտպանությանը), ինչի մասին հիշատակված է նաեւ սույն դիմումում»: Եվ որ դիմողը չի հաղթահարել «տվյալ գործի լուծումը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի/վիճարկվող դրույթի (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն) կիրառման միջոցով հնարավոր լինելու» վերաբերյալ պայմանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930