Լրահոս
Օրվա լրահոսը

«Զապի եգան Արտյոմ Լեննականսկին» կմնա կալանքի տակ․ մանրամասներ՝ գյումրեցի «օրենքով գողերի» դատավարությունից

Ապրիլ 20,2023 22:00

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «օրենքով գողերի» դատավարությունը։

Օրենքով գող Արտյոմ Ղազարյանի կամ ինչպես լայն շրջանակներին է հայտնի ՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկիի» (նա օրենքով գող «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի քրոջ որդին է) պաշտպանը դատարանին միջնորդել է նշանակել բժշկական հանձնաժողովային փորձաքննություն։ Դատարանը բավարարել է այս միջնորդությունը, սակայն մերժել է փոխել նրա խափանման միջոցը։

Պաշտպանը միջնորդել է կալանքը փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով՝ կամ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել կամ ենթարկել տնային կալանքի։

Դատարանն այսօր երկու ամսով երկարացրել է նաև այս քրեական վարույթով անցնող երկու ամբաստանյալների՝ Էդմոնդ Գրիգորյանի և Ցոլակ Գևորգյանի՝Տեքստիլի Ցոլոյի տնային կալանքի ժամկետը։

Այսօրվանից սկսվել է հիմնական դատաքննության փուլը։

Հիշեցնենք, որ դատաքննությունը 8 ամիս է ընթանում է, այն հիմնական փուլ չէր մտել, այդ ընթացքում փոխվել է 3 դատավոր։ Այժմ փոխանցվել է չորրորդին՝ դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։

Այս գործով անցնում են ութ ամբաստանյալներ, այդ թվում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ճանաչված գործարար Ռաֆիկ Իգիթյանն ու ու նրա որդին՝ Աշոտ Իգիթյանը։

Գլխավոր ամբաստանյալը օրենքով գող Սուրեն Ավետիսյանն է՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, որը մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ» կայացնելու մեջ։

Մյուսները, որոնք ըստ քրգործի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձինք են, մեղադրվում են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մեջ։ Հիշեցնենք, որ այս գործով 8 ամբաստանյալներից կալանավորված են մնացել երեքը։

Չնայած տարբեր դատական ատյաններին ուղղված բողոքներին՝ գլխավոր ամբաստանյալ Սուրեն Ավետիսյանի խափանման միջոցը չի փոխվում։

Ինչպես տեղեկացրել ենք, նրա առողջական վիճակն անհամատեղելի է նրա՝ կալանավայրում գտնվելուն, նա տառապում է ծանր դիաբետով, զարկերակային գերճնշմամբ, ջերմությունը չի իջնում 37,6-ից, նրան պարբերաբար տեղափոխում են հիվանդանոց։

Ու քանի որ նրա վիճակը գնալով ծանրանում է, նրա պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Սուրեն Ավետիսյանին առաջադրված մեղադրանքում գրված է

«Սուրեն Պավլուշի Ավետիսյանը, 1999 թվականին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Սերժիկ Տբիլիսկի» մականվամբ Սերգեյ Յեգիևի, «Յուրա Լազարևսկի» մականվամբ Յուրա Ուսոյանի, «Գոչո» մականվամբ Տենգիզ Դումոևի, «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Դեդ Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի և «Մարսո Արարատսկի» մականվամբ Մարզպետունի Պետրոսյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և «գողական աշխարհում» հայտնի է դարձել որպես «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» և հանդիսացել քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ։

Նա գործել է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին։ Նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալն է։

2021 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը՝ ղեկավարել է իր կողմից ստեղծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը (խնդիրը) լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:

Իրենց հերթին, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձինք, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Պավլուշի Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը»։

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն էլ․ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձը տարբեր անձանցից, այդ թվում «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցներ է հավաքագրել։ Ըստ հարուցված քրգործի՝ 4.595.000 ՀՀ դրամ գումար է հավաքագրվել, որն այս տարվա հունվարի 9-ին փոխանցվել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանին (գործարար Իգիթի Ռոյին․ նա, ի դեպ, Սուրեն Ավետիսյանի հոր ընկերն է, հեղ․) և Ցոլակ Գևորգյանին։ Նրանք գումարի չափի մասին հեռախոսազանգով հաշվետվություն են ներկայացրել «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձին։

Այնուհետև վերջինս Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին՝ քրեակատարողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ։ Ռաֆիկ Իգիթյանը նույն օրը այն տարել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի բնակության վայր։ Այնուհետև, ըստ պաշտոնական հաղորդագրության, նույն Ռաֆիկ Իգիթյանին ու խմբավորման մեկ այլ անդամի հանձնարարվել է հանցավոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին: Իգիթյանն էլ հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար և տեղափոխել իր մատնանշած վայր: Որդին՝ Աշոտ Իգիթյանը, կատարել է հանձնարարականը, գումարը թաքստոցից վերցրել, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը։ Հայրը Ցոլակ Գևորգյանի հետ միասին գումարը տվել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին»։

«Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականունով հայտնի անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Էդմոնդ Գրիգորյանի, Աշոտ Իգիթյանի, Ռաֆիկ Իգիթյանի, Արմեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողի», Կարեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930