Լրահոս
Օրվա լրահոսը

Արսենյանն ԱԺ ամբիոնից ցուցամատը թափահարելով՝ հերթական բաժանարար գիծը դրեց Արցախի եւ Հայաստանի միջեւ

Ապրիլ 20,2023 20:50

«Հատել է իմ համբերության սահմանը։ Հարգելի Արցախի բնակիչներ, կրկնում եմ՝ Արցախի սիրելի հայրենակիցներ, ուշադիր եղեք ձեր քաղաքական ղեկավարությանը, որովհետեւ այստեղից հնչող հայտարարությունները նպատակ ունեն ապահովելու Արցախի բնակչության անվտանգ եւ ապահով կյանքը»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Արցախի ԱԺ խմբակցությունների՝ ՀՀ ղեկավարության վարած քաղաքականությանը վերաբերող հայտարարությանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Հիշեցնենք, որ Արցախի  ԱԺ խմբակցությունները միասնական հայտարարությամբ անընդունելի են համարել Նիկոլ Փաշինյանի  հնչեցրած մտքերը եւ նշել, որ ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրները տարանջատում է նրա ինքնորոշման իրավունքից։

Գուրգեն Արսենյանը փոքր-ինչ վրդովված եւ ցուցամատը թափահարելով պնդեց, թե ՀՀ իշխանության թեզերի վերաբերյալ Արցախի խմբակցությունների արձագանքը շատ տարօրինակ է․ «Կամ իրենք հասկանում են մեր ասածներն ու խեղաթյուրում, կամ չեն հասկանում։ Արդեն պետք է իրենց բացատրենք։ Չափ կա, սահման կա։ ՀՀ իշխանությունից «պրիտենզիաներ», պահանջներ, ինչ-որ բաներ են հնչում ընդեղից, մարդկանցից, որոնք գործողություն չեն անում՝ իրենց խնդիրները լուծելու համար։ Ոչ, դուք մեր քննադատները չեք, այլ մեր հայրենակիցները, իսկ մենք ՀՀ քաղաքական ղեկավարներն ենք։ Մենք ՀՀ-ի համար պատասխանատու ենք, որովհետեւ մեզ ընտրել են։ Ձեզ էլ ընտրել են, որ դուք Արցախի պատասխանատուն լինեք, ոչ թե մեզ քննադատեք, թե էս ինչ ասեցինք։ Մենք ասում ենք այն, ինչ ճիշտ ենք համարում»։

Ուշագրավ է, որ շարունակելով՝ Գուրգեն Արսենյանն ասաց․ «Դերակատարները փոխվել են, հարգելի Արցախի խմբակցությունների անդամներ։ Ձեր արած դերակատարումն աշխատում էր այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքական թատերաբեմում կային Արցախից եկած հյուրախաղերում հանդես եկող գործիչներ՝ առաջին պլանում։ Նման գործիչներ հիմա չկան, ո՞ւմ համար եք դուք հիմա անում․․․մեր տունը ՀՀ-ն է, մեր երկիրը ՀՀ-ն է։ Հայերի պետությունը Հայաստանն է, ու այս Հայաստանի համար մենք պայքարելու ենք»։

Հ․Գ․ Դեռեւս փետրվարին նույն ամբիոնից Գուրգեն Արսենյանն ակնարկում էր, թե  առաջնահերթություն են ոչ թե «120.000»-ը, այլ «3 միլիոն»-ը։ Արցախի ԱԺ խմբակցությունները միասնական հայտարարությամբ դատապարտեցին նրա վարքագիծը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930