Համաշխարհային ճանաչում ունեցող ռուս դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան Հայաստանում առաջին ու վերջին անգամ կներկայացնի ամբողջ աշխարհում մեծ հաջողություն վայելող ‹‹Բարոկկո երաժշտությունը՝ հեղինակային ֆիլմում›› ծրագիրը:
Համերգը կկայանա ապրիլի 21-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն բարոկկո դարաշրջանի համար նշանակալից ստեղծագործություններ, որոնք լավ ծանոթ են դասական համերգների ունկնդիրներին, սակայն լայն հանրության մոտ ասոցացվում է կինոյի հետ։ Օրինակ՝ ծրագրում ներառված են Յ. Ս. Բախի պիեսները, որոնք հնչում են Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս», Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայր II», Լարս ֆոն Թրիերի «Ճեղքելով ալիքները» և Ջեյմս Թոբակի «Մատներ» ֆիլմերում, ինչպես նաև Հենդելի երկու ստեղծագործությունները Ինգմար Բերգմանի «Աշնանային սոնատ»-ից և Սթենլի Կուբրիկի «Բարի Լինդեն»-ից: Մեկական ստեղծագործական հնչում է Ֆրանսուա Կուպերենից (Թերրենս Մալլիկ՝ «Կենաց ծառը») և Հենրի Փյորսըլից (Փիտեր Գրինուեյ՝ «Նկարչի պայմանագիրը») և Ռամոյի մի շարք մանրանվագներ, ով, պարզվեց, 17-18-րդ դարերի կոմպոզիտորների մեջ «ամենաարտ հաուսայինն» է։
Օսետինսկայան լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ինքը «առլեկին» չէ, ու չի պատկանում դաշնակահարների այն խմբին, ովքեր նվագում են հանդիսատեսին զվարճացնելու համար: «Մեր սրընթաց ու դրամատիկ իրադարձություններով լի աշխարհում մարդը չի հասցնում «ապրել» իր կյանքի հաճելի ու կարևոր պահերը, մնալ մենակ ինքն իր հետ ու մտորել: Ես ցանկանում եմ, որ այն ժամանակահատվածում, որ ունկնդիրը կանցկացնի ինձ հետ համերգասրահում, առանձնանա ինքն իր հետ»,- ավելացնում է դաշնակահարուհին: Նա նաև նշեց, որ հիմա Հայաստանի համար շատ ծանր ժամանակներ են, և այն երաժշտությունը, որ կհնչի ապրիլի 21-ին մեծ ուժ ունի մարդկանց մխիթարելու և ուժով լցնելու, որպեսզի նրանք կարողանան ապրել, արարել, պայքարել ու հաղթել չարին: Նա նաև շնորհակալություն հայտնեց հայերին, որ մեծ ջերմություն ու հյուրընկալություն են ցուցաբերում իր հայրենակիցների հանդեպ, քանի որ հարկադրաբար էմիգրացիան սարսափելի բան է ու շատ ծանր է հայրենիք կորցնելը:
Օսետինսկայն շատ հայ ընկերներ ունի և երբեմ-երբեմն գալիս է Երևան նաև ընկերական այցելություններով: Անցած տարի նա այստեղ էր երեխաների հետ՝ Վարդավառի տոնին և նրանք ուղղակի ցնծության մեջ էին: Օսետինսկայան ունի երկու դուստր և մեկ որդի:
Դաշնակահարուհին նաև հասցրել է վարպետության դասեր տալ հայ պատանի տաղանդավոր դաշնակահարներին: Շատ տպավորված էր նրանց պատրաստվածությամբ, բնատուր շնորհիվ և արագ ընկալելու ունակությամբ:
Օսետինսկայան Հայաստանում է Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի հրավերով` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Համերգը բարեգործական է և տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Հայաստանի մարզերում դասական երաժշտության բնագավառում խոստումնալից հայ երեխաների կրթական ծրագրերի աջակցությանը, որն իրականացնում է Primavera Foundation of Armenia-ն: Հիմնադրամի հիմնադիր և պրոդյուսեր Յելենա Յակովլևան նշեց, որ նրանք Հայաստանում գործունեություն են ծավալում 2021թ.-ից, չնայած Հայաստանում հիմնադրամ բացելու որոշումը կայացվել է դրանից չորս տարի առաջ: Պատճառն այն է, որ Հայաստանը հայտնի է իր տաղանդներով և իրենց ուշադրության կենտրոնում են, ոչ միայն Երևանի երաժշտական հաստատությունների աշակերտները, այլ նաև մարզերի: Վերջերս նրանք կազմակերպել են կիթառահար Արտյոմ Դերվոյեդի վարպետության դասն ու համերգը Տավուշի մարզում՝ Նոյեմբերյանում, Իջևանում և Կողբում, ինչպես նաև Երևանում: Այս տարվա հուլիսին ծրագրում են Չայկովսկու XV միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Դմիտրի Մասլեևի վարպետության դասերը Երևանում և Սյունիքում, իսկ արդեն սեպտեմբերին Մասլեևը համերգով հանդես կգա հիմնադրամի գործընկեր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանն հավելեց, որ Primavera Foundation of Armenia-ն ավելին է քան բարեգործական հիմնադրամը, նրանք Ֆիլհարմոնիկի հետ համագործակցությամբ կազմակերպում են բարձրակարգ համերգներ, ինչպիսին է վերջերս տեղի ունեցած Միխայիլ Պլետնյովի ելույթը՝ Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ: Նա, բարձր գնահատելով դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայայի կատարողական արվեստը, ավելացրեց, որ ապրիլի 21-ին հրաշալի համերգ է սպասվում և բոլորին հորդորեց մի պահ կտրվել մեր իրականությունից և գալ ու վայելել դաշնակահարուհու կատարումները: