ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր ելույթի ընթացքում ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը մեջբերեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի՝ Քրիստոսի հարության տոնի առթիվ հղած պատգամի հետեւյալ հատվածը․ «Ականատես ենք նաև ցավալի այլ իրավիճակի, թե ինչպես են թշնամանքի, ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ դնում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում, խարխլում ազգային միաբանությունը։ Ականատես ենք, թե ինչպես են անտեսվում դարերով նվիրագործված ավանդույթները, մեր ինքնության հիմնասյունը հանդիսացող արժեհամակարգը, խաթարվում մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը»։
Ապա Մարիա Կարապետյանը նշեց․ «Սա, ամենայն հարգանքով, ընդդիմախոսություն է պետությանը, եթե անգամ այդպիսին գիտակցաբար չի մտածվել։ Նախ, կոռուպցիան եւ կեղծված ընտրությունները երբեւէ չեն հանդիսացել նման տեքստների թեմաներ։ Երկրորդ, ազգային միաբանության հասնելու միակ ձեւն ազատ ու արդար ընտրություններն են։ Երրորդ, կաթողիկոսը բողոքում է, որ խաթարվում է ժողովրդի ազգային-հոգեւոր անվտանգությունը։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է եղել դրա հետ։ Վերջին տարիներին ավելի քի՞չ ենք պաս պահում, ավելի քի՞չ ենք աղոթում։ Կամ, մի՞թե թուրքին ատելու մեջ է ամփոփված դարերով նվիրագործվող մեր ավանդույթը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ