Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ արել ենք՝ Տեղ համայնքի Թուրուսիխութ բարձունքը պահենք, չի ստացվել, հասկանո՞ւմ եք. ՊՆ նախարարի խորհրդականը՝ բարձունքը թշնամուն տալու ու նահանջելու մասին

Ապրիլ 20,2023 18:16

Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը հաստատում է՝ Տեղ համայնքում թշնամու հետ վերջին միջադեպի ժամանակ, երբ ունեցանք մարդկային կորուստներ, բանակցող հայերը զինված չեն եղել:

«Որ հանդիպում են, զենքով չեն գնում, վերադասն է գնում, սպաները, հրամանատարությունը: Հեն է՝ պատրաստ գնային, ուրիշ ձեւի կստացվեր էլի… օր է պատահել՝ 10 անգամ հանդիպել են՝ ճշտելու՝ որ կողմով պիտի գնան, ինչ անեն, ինչ ինժեներական աշխատանք պիտի արվի… բախումները միշտ կան՝ օր է պատահել, որ բախումները 5-10 անգամ են եղել: Տվյալ պահին ինժեներական աշխատանք ենք կատարել, վիճաբանությունը գնացել է հանկարծակի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մելիքսեթ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ համացանցում տարածված միջադեպի տեսագրության մեջ էլ որոշ փորձագետներ արձանագրել էին, որ չեն տեսնում ադրբեջանցիների հետ հայ բանակցողների զենքը:

Մեր հարցին ի պատասխան՝ նշված միջադեպի ժամանակ, ըստ հրապարակված տեսանյութի, ադրբեջանցիները թվով շատ էին, հայերը՝ քիչ, ինչու էին մեր կողմից այդքան քիչ, ասաց՝ ով որ բանակցելու էր գնացել, նրանից պետք է հարցնել. «Էդ որ ասում են՝ զենք չկա, զենք թող տան, պաշտպանենք, նման բան էլ չկա: Ամեն ինչ կա. հայրենասեր մարդու համար, կռվողի համար ամեն ինչ կա: Սուտ կռվողներն են նման բաներ տարածում՝ զենք չկա»:

Մելիքսեթ Պողոսյանը մարզպետ էր, երբ թշնամին հասավ Սեւ լիճ ու բնավորվեց:

Մասիս Զեյնալյանի նկարը՝ «168 ժամի»

«Էն ժամանակ էլ մարզպետ էր, Սեւ լիճը գրավեցին: Հիմա ասում եմ՝ դուք եղել եք մարզպետ ու էն բարձունքը, որ գրավել են տեղեցիները, զորքը հետ եք տվել, բարձունքը տվել թուրքին: Դա հանցագործություն, չէ՞, դրանից լավ հանցագործությո՞ւն: Էլի բաներ կան, բանը հասնի դրան, որ ուզենա ինձ մեղադրանք առաջադրել, ինքն ինձանից առաջ է գնալու: Հլը ասում է՝ կարո՞ղ է նայել աչքերիս մեջ ասել, բա նայելով՝, ասում եմ, թվարկածս հանցագործություններ չե՞ն», -Aravot.am-ի հետ զրույցում նման հարցադրումներ է առաջ քաշում Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը:

Մելիքսեթ Պողոսյանը պարզաբանում է. «Թուրուսիխութը Խորհրդային միության տարածք է, Ադրբեջանինն է: Այդ բարձունքը 1992-ի մայիսի 16-ի գիշերը ես եմ գրավել: Այն ժամանակ էլ էր իրենցը, հիմա էլ է իրենցը: Այն ժամանակ (խմբ 2020-2021 թթ), երբ Տեղ համայնքի ղեկավարը Ներսես Շադունցն էր, ադրբեջանցիները պիտի գային, նստեին: Շադունցը ռուսների հետ կապ ուներ: Ես նրան ասել եմ՝ որպես իմ կողմից գրաված պատմական բարձունք, թեկուզ սահմանային խախտում լինի, ինչ հնարավոր լինի, ես պատրաստ եմ անհատական այդ հարցը լուծել, միայն թե չտան այդ բարձունքը… չի ստացվել, հասկանո՞ւմ եք: Մենք գնացել ենք, այդ բարձունքում նստել ենք, վիրավորներ ենք թողել, չեմ ուզում փակագծերը բացել, դա ինձ համար պատմական տարածք է: Իսկ որտեղ սահմանային խախտում է եղել՝ դա իմ «պազիցիան» չէ: Որտեղ նստել ենք, մեր խնդիրը կատարել ենք: Որտեղ որ սահմանազատում ու սահմանագծում պետք է գնա, արդեն եռակողմ՝ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան, խնդիրն է: Երբ Սյունիքում խուճապը գնացել է, այն ժամանակ Նռնաձորից մինչեւ Խոզնավար, սյունեցին 3000 հոգով դուրս է եկել պաշտպանության, կատարել ենք ինժեներական աշխատանքներ նպաստավոր բարձունքներում: Մենք նորից 3 անգամ դիրքերն առաջ ենք տվել, բայց ռուսն ասել է՝ պետք է գնաք ձեր սահմանը: Մոսկվայում բանակցությունների են գնացել, բայց արդյունք չենք ունեցել: Նորից մեզ հրաման են տվել՝ եկեք մեր սահմանին նստեք»:

Մեր դիտարկմանը, թե թշնամին ինչ մեզանից վերցնում է, վերադարձ չկա, մենք ոչ միայն վերցրածը, այլեւ մեր ունեցածն էլ հանձնելով առաջ ենք գնում, պարոն Պողոսյանը այսպես արձագանքեց. «Որ մի սեփական տուն ես կառուցում, մի 100 տարի մեջը մնում ես: Մեր հույսը 30 տարի դրել ենք Մինսկի խմբի վրա, ու իրենք եկել՝ էնքան են մեզնից բարձրացել, որ վերեւից խփում, խոցում են, մեր ձեռքը չի հասնում, որ խփենք հակառակորդին, հասել են այդ մակարդակին: Բացի այդ՝ փոքր ազգով չես կարող 90 միլիոնի դեմ կռվել ու պատրաստված բանակի դեմ կռվել: 90-ականների կռիվը չէ, հասկանո՞ւմ եք, խնդիրները, ժամանակները, մարտավարությունը փոխվել են: Մենք քնել ենք 30 տարի, իրենք եկել, անցել են մեզ: Մեզ նման չեն է, որ դավաճաններն այնքան շատ են, թույլերի պատճառով կորցնում ենք ուժեղներին»:

Պարոն Պողոսյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ 30 տարի քնելուց բացի այսօրվա իշխանությունների անգործության հետեւա՞նք չէ, որ թշնամին մեր տարածքն է անարգել մտել ու բնավորվել, ի պատասխան ասաց. «Ուժն է ծնում իրավունք, ո՞ւժ ունենք, գնանք կռվենք, ես պատրաստ եմ: Պիտի ուժ լինի, չէ՞, որ կռվենք, պետք է ժամանակ շահենք, որ այս ճահիճից կարողանանք դուրս գալ: Անուններ մի տուր, ով որտեղ է խախտել, ես գիտեմ: Ցավոք սրտի, եթե հավասարը հավասարի հետ լիներ, չէինք թողնի: 30 տարի իրենք ուժեղացել են, իրենց մարտավարությունը փոխվել է, իրենց մեջքին Թուրքիան կանգնած է, իրենք կարողանում են փողով վարձկաններ բերել մեր անմեղ զինվորների դեմ կռվեն: Որ ուժեղ լինեինք մինչեւ Հորադիզ կգնայինք էլի»:

Մեր հարցին՝ ինչպես է ինքը հասկանում վարչապետի պնդումները, թե մադրիդյան սկզբունքներով Հայաստանը Արցախն արդեն ճանաչել էր Ադրբեջանի կազմում ու այժմ էլ մեզ ցավոտ լուծումներ են սպասվում, արդյոք սա Արցախից հրաժարո՞ւմ է նշանակում ու արդյոք այս իշխանությունների քաղաքականությունը դրան չի տանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես՝ որպես զինվորական, այս հարցին չեմ կարող պատասխանել, թող դիվանագետները պատասխանեն: Արցախը մեր երկիրն է, մեր ժողովուրդն են: Արցախի համար ամեն օր կռվել ենք ու կռվելու ենք մինչեւ մեր վերջին շունչը: Չեմ կարող խորանալ՝ ով ինչ ասաց, ոնց ասաց: Արցախից ոչ մեկս էլ չենք կարող հրաժարվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930