Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ փոշմանել, Փաշինյանի ստերը պետք է ամեն օր հանրայնացնենք ու ասենք, որ վարչապետը ոչ թե վարչապետ է, այլ պարոն ստախոս». Թագուհի Թովմասյան

Ապրիլ 20,2023 18:04

«Նիկոլ Փաշինյանը արդեն իր ստելու լիմիտը սպառել է եւ ինքը պիտի հասկանա, որ ամեն անգամ ամբիոնին մոտենալուց եւ ստելուց հետո ինքը պիտի պատասխանատվության ենթարկվի: Հերիք է, 5 տարի քաղաքացիներին խաբում է Նիկոլ Փաշինյանը: Իմ ակցիան դրա մասին էր»,- ԱԺ-ում միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճից նրան եւ ընդդիմադիր պատգամավորներին բռնի ուժով դուրս արեցին, երբ Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում եւ ԱԺ ամբիոնը չի լքելու, թույլ չի տալու, որ այդ ամբիոնից ստեր հնչեն:

Թագուհի Թովմասյանի խոսքով՝ իշխանականները բիրտ ուժ գործադրելու փոխարեն ընդամենը կարող էին հանդուրժել մի քանի ժամ. «Հետո ես կորոշեի իմ անելիքը՝ շարունակե՞մ, թե՞ ոչ: Բայց նրանք, ինչպես միշտ, որոշեցին գնալ բռնության ճանապարհով եւ ինձ, ինչպես նաեւ իմ մի շարք գործընկերների՝ կանանց, քաշքշելով բռնության դուրս հանեցին դահլիճից: Մենք ոչինչ չէինք անում, ուղղակի կանգնած էինք»:

Թագուհի Թովմասյանի դիտարկմամբ՝ իրավական առումով խնդիր կա. «ԱԺ նախագահը հայտարարեց ընդմիջում, իսկ ընդմիջման ժամին որեւէ մեկը մեզ իրավունք չունի դուրս հանելու դահլիճից: Անվտանգության աշխատակիցներին ԱԺ նախագահը իրավունք ունի հրավիրել ԱԺ նիստերի դահլիճ միայն այն պարագայում, երբ սպառնում է իր կամ վարչապետի, կամ որեւէ մեկի անվտանգությանը ինչ-որ բան: Ես կանգնել էի ամբիոնի մոտ եւ որեւէ մեկի անվտանգությունը դրանից չէր տուժում: Բնականաբար, ԱԺ նախագահի որոշումը ծայրից ծայր ապօրինի էր, նրա անհարկի ագրեսիան անհասկանալի էր: Ինչպես նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորների վարքագիծը: Ես չեմ փոշմանել, ճիշտ եմ արել ու կարծում եմ, որ ընդդիմադիր պատգամավորները, որոնք շատ ավելի փոքր թվով են ներկայացված ԱԺ-ում, նաեւ պետք է այսպիսի քաղաքական ակցիաների միջոցով իրենց ասելիքը հասանելի դարձնեն հանրությանը: Այս 3 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ինչ սուտ ասես ԱԺ ամբիոնից հնչեցրեց, պիտի՞ պատասխան տա, պիտի՞ ինչ-որ մեկը նրան ասի, որ դու ստում ես, խաբում ես: Այլեւս չենք հանդուրժելու: Փաշինյանի ստերը պետք է ամեն օր հանրայնացնենք ու ասենք, որ վարչապետը ոչ թե վարչապետ է, այլ պարոն ստախոս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930