Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ-ի Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2022թ. գործունեության արդյունքները

Ապրիլ 20,2023 17:47

Սույն թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը ներկայացրեց 2022 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.

    1. «Թուրքիա-Սիրիա02.2023թ. կործանարար երկրաշարժերը և դրանցով պայմանավորված Տավրո-Կովկասի սեյսմիկության անոմալ դրսևորումները» (Զեկե.գ.թ. Ջ.Կ.Կարապետյան)
    2. «Դեյտերացված կետոնների և ացետիլենի ստացումը և դրանց ուսումնասիրումը ՄՄՌ սպեկտրոսկոպիայի եղանակով» (Զեկ.՝ ք.գ.թ. Ա.Ա.Շահխաթունի)
    3. «Գոնդվանայի մաս հանդիսացող Հարավ-հայկական միկրոցամաքի հյուսիսային ծայրամասի երկրադինամիկական էվոլյուցիան ռեգիոնալ մասշտաբում՝ գրանիտոիդային մագմատիզմի նոր տվյալների հիման վրա» (Զեկե.գ.թ. Ղ.Լ.Գալոյան)
    4. «Ֆունկցիոնալացված 2D նյութերի (գրաֆենի օքսիդ և MoS2) հեղուկ բյուրեղային փուլի ստացումը և բնութագրումը» (Զեկ.` ֆ.-մ.գ.թ. Հ.Ս.Ղարագուլյան)
    5. «LiPO3-NaF-R2O3(R-Al,B) համակարգերի հիման վրա դիէլեկտրիկ ապակեկերպ ծածկույթների կառուցվածքային առանձնահատ­կութ­յունները և ֆիզիկաքիմիական հատկությունները» (Զեկ.` ք.գ.թ. Ա.Ա.Զանգինյան)

ՀՀ ԳԱԱ-ի Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտութ­յունների, Արմենակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտները, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (Օրգանական քիմիայի, Արմենակ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներ, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոն):

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 5 ակադեմիկոս, 5 թղթակից անդամ և 19 արտասահմանյան անդամ:

2022 թվականին բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 210 հոդված (122-ը՝ միջազգային ամսագրերում), 82 թեզիս (45-ն՝ արտասահմանում), 8 մենագրություն (5-ն՝ արտասահմանում) և ստացվել է 3 արտոնագիր:

Կարևորագույն արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

  • Դիտարկվել են ՀՀ տարածքում երկրա­մագ­նիսական դաշտի դիտարկումների արդյունքները տեկտոնական երկրա­շարժերի նախապատրաստման բնույթի հետազոտման և երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսման խնդիրների լուծման նպատակով: Մանրամասն վերլու­ծությունների արդյունքում հնարավորություն է ստեղծվել երկ­րաշարժերից անմիջապես առաջ հայտնաբերել մագնիսական դաշտի վարիա­ցիաների առաջացման նոր երևույթներ:
  • Արագած լեռան հյուսիսային տարածքում իրականացվել են հետազոտություններ համալիր ջրարերկրաֆիզիկական մեթոդների օգտագործմամբ հրաբխային տարածքների ստորերկրյա ջրերի տարածական բաշխվածության օրինաչափությունների պարզաբանման և հնարավոր հնագետահուների հայտնաբերման նպատակով: Որոշվել է տարածքի ռեգիոնալ ջրամերժ ապարների տարածական դիրքը, պարզաբանվել է լեռնազանգվածի հյուսիսային հատվածի ստորերկրյա ջրերի տարածական բաշխվածությունը, առաջարկվել է հայտնաբերված հնագետահուների տեղամասերում իրականացնել ջրաերկրաբանական հորատանցքերի տեղադրում ստորերկրյա ջրերի հայտնաբերման և օգտագործման նպատակներով:
  • Օգտագործելով տարածաշրջանի գործիքային գրանցումների (ալիքային պատկերների) տվյալները՝ Կովկասի ամբողջ տարածքի համար լուծվել է սեյսմիկ տոմոգրաֆիայի խնդիրը: Ստացված արդյունքների հիման վրա առանձնացվել են «տաք» և «սառը» տարածքները, որոնք կապվել են գեոթերմալ աղբյուրների և երկրաբանական (այդ թվում տեկտոնական ակտիվության) պրոցեսների հետ:
  • Բնապայման փորձարկումների միջոցով հետազոտվել են Երևան քաղաքում շահագործվող բազմաթռիչք կամուրջի դինամիկ բնութագրերը: Հետազոտությունների արդյունքում բացահայտվել են կամուրջի աշխատանքի առանձնահատկություններ:

ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

  • Կառուցվել են կենսահակաօքսիդիչներով՝ տոկոֆերոլներով արգելակված մոդելային լիպիդ մեթիլլինոլեատի օքսիդացման ռեակցիայի մանրակրկիտ կինետիկական մեխանիզմները և թվային մոդելավորման արժեքային եղանակով բացահայտվել է տարբեր պայմաններում դրանց տարբերիչ ազդեցության քիմիական բնույթը։ Այս տվյալները կարող են կիրառվել կենդանի օրգանիզմներում և սննդի մեջ վիտամին E-ի հակաօքսիդիչային ազդեցության մասին պատկերացումների խորացման համար:
  • Պղնձի, նիկելի և քրոմի օքսիդների հիմքով կատալիզատորների փորձարկումներով ացետոնի անբոց այրման լաբորատոր ռեակտորում բացահայտվել է, որ պղնձի և դրա օքսիդի հիման վրա կատալիզատորները ցուցաբերում են առանձնակի բարձր ակտիվություն և կայունություն։ Համաձայն էլեկտրոնային մանրազնության հետազոտությունների՝ ռեակցիայի ընթացքում դրանց մակերևույթներին առաջանում են միկրոնային չափերով կարգավորված կառուցվածքներ։
  • Իմպուլսային լազերային փոշենստեցման և հիդրոթերմալ եղանակների համադրությամբ մշակվել է ընդգծված բյուրեղագրական կողմնորոշմամբ ZnO-ի նանոձողերի ստացման եղանակ՝ կենսաբանական և գազային տվիչների, ինչպես նաև ֆոտոդեդեկտորների բնութագրական պարամետրերի լավարկման նպատակով։ Միկրոկառուցվածքային և մորֆոլոգիական հետազոտությունները ցույց են տվել 002 բյուրեղագրական կողմնորոշմամբ, հեքսագոնալ հատույթի կտրվածքով 80 նմ լայնական չափերով և 1-1,5 մկմ բարձրությամբ նանոձողերի համասեռ բաշխում:

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիատեխնոլոգիական կենտրոն

  • Ուսումնասիրվել է դեյտերիումի իզոտոպի ազդեցությունը ՄՄՌ պարամետրերի վրա իզոտոպային տեղակալման ժամանակ ալկիլ-, ֆենիլկետոնների շարքում և ացետիլենում։ Ընտրվել են դեյտերոփոխանակման ռեակցիաների այնպիսի պայմաններ, որը թույլ է տալիս միաժամանակ դիտարկել ուսումնասիրվող մոլեկուլի գրեթե բոլոր ջրածին/դեյտերիում իզոտոպոմերները։ Հետազոտությունների արդյունքում մշակվել է համապատասխան ուղեցույց, որի օգնությամբ, ելնելով համապա­տասխան ՄՄՌ ազդանշանների ինտենսիվությունից, հնարավորություն է ստեղծ­վում գնահատել տարբեր իզոտոպոմերների հարաբերությունները մասնակի դեյտե­րացված մոլեկուլների ՄՄՌ ջրածնային և ածխածնային սպեկտրերում:

ՀՀ ԳԱԱ Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

  • Մշակվել է սերպենտին (Mg(Fe))6[Si4O10](OH)8 պարունակող հանքաքարի թթվային մշակման նոր եղանակ և որոշվել են մշակման արդյունավետ պարամետրերը սերպենտինային միներալներից մագնեզիումի միացությունների բարձր ելք ապահովելու նպատակով։ Որոշվել է մագնեզիումի ելքի կախվածությունն ապարի հանքաբանական կազմից, մշակման ջերմաստիճանից և ժամանակից։ Հաստատվել է նյութերի առավել արդյունավետ փոխազդման ժամանակահատվածը (30 րոպե), որն ապահովում է մագնեզիումի մոտ 95% ելք: Պարզվել է, որ քրիզոտիլը և լիզարդիտն ապահովում են մագնեզիումի ավելի բարձր ելքեր, քան անտիգորիտը: Կարևորվել է սերպենտինիտի հանքաբանական բաղադրության որոշումը մինչ թթվային մշակում իրականացնելը։ Մշակման այս նոր մոտեցումը կարելի է համարել սերպենտինացված ապարների արդյու­նավետ մշակման այլընտրանքային տարբերակներից մեկը:
  • Ուսումնասիրվել են TiO2-Al2O3-SiO2-MeO/MeF2(Me-Mg,Ba) համակարգերում ապակեացման, կոմպոնենտների գոլորշիացման պրոցեսները և թերմոդինամիկական հատկությունները բարձր ջերմաստիճանային զանգվածասպեկտրաչափական եղանակով: Պարզվել է SiO2-ի ընտրողական թռչելիությունը 165ºC-ից բարձր ջերմաստիճաններում: Ստացված արդյունքները կիրառվել են համակարգերի Գիբբսի ավելցուկային էներգիայի և ապակեկերամիկայի տարածական կառուցվածքում առաջացած տարբեր տիպի քիմիական կապերի հարաբերական քանակների հաշվարկման համար: Կատարվել է բարձր­ջերմաստիճանային ապակեկերամիկայի բաղադրությունների մոդելավորում ֆտորիդներ պարունակող Al2O3-SiO2-ZrO2 համակարգի հիմքով: Մշակվել է Eu2+ իոններ պարունակող սպեկտորի կապույտ տիրույթում ինտենսիվ լյումինեսցենտող ապակեկերամիկա, ինչը համապատասխանում է եվրոպիումի իոնների 5d-4f7 անցմանը:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտութ­յունների ինստիտուտ

  • Քաջարանի հանքային դաշտի և պղինձ-մոլիբդեն պորֆիրային հանքավայրի մանրակրկիտ երկրաբանաստրուկտուրային հետազոտություն­ները ցույց են տվել, որ նշված դաշտի տեկտոնական էվոլյուցիան տեղի է ունեցել երկու առանձին փուլերով՝ ուշ օլիգոցենում և վաղ միոցենում, որոնք համապատասխանում են Արաբական և Եվրասիական սալերի կոլիզիոն-հետկոլիզիոն էվոլյուցիային և մագմա­տիզմին: Ուշ օլիգոցենի փուլը բնութագրվում է հյուսիս-արևելյան և միջօրեական տարածման ստրուկտուրաների ակտիվությամբ, որոնք հանքային դաշտի սահմաններում վերահսկում են վաղ դայկաների ներդրումը Լեռնաձորի և Բաղաջուրի բեկվածքների երկայնքով: Այս փուլի հետ է կապված պղինձ-մոլիբդեն պորֆիրայի շտոկվերկի ձևավորումը (26.4-27.3 Ma), որում հանքային երակների տարածման ուղղությունները համընկնում են հանքային դաշտում ուշ օլիգոցենի դայկաների տարածման ուղղությունների հետ:
  • 2022թ. ինստիտուտը IRIS (Incorporated Research Institutions for Seismology) միջազգային սեյսմոլոգիական կենտրոնում գրանցվել է որպես միջազգային հայկական սեյսմիկ ցանց A2 անվանմամբ։ Նշված ցանցում ներառված 7 սեյսմիկ կայաններից գրանցումներն ուղիղ միացմամբ (Real_Time) ուղարկվում են IRIS միջազգային սեյսմոլոգիական կենտրոն։
  • Իրականացվել են ժամանակակից գործիքային ժամանակաշրջանում Երևանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի վերլուծական հետազոտություններ։ Մշակվել, վերլուծվել և մեկնաբանվել են 2021թ. փետրվարի 13-ի երկրաշարժի օջախի պարամետրերը և ֆոկալ մեխանիզմը: M4.9 մագնիտուդով երկրաշարժը բնութագրվում է կողաշարժի բաղադրիչ ունեցող վրաշարժի խզվածքի մեխանիզմով: Բացի այդ, Երևանի անմիջական մոտակայքում մեկ դարի ընթացքում տեղի ունեցած պատմական սեյսմիկության վերլուծության արդյունքում ցույց է տրվել, որ Երևանյան խզվածքը և Փարաքարի ենթախզվածքը սեյսմիկորեն ակտիվ համակարգեր են ։

Կիրառական արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ (ԵԻՍԻ)

  • Նախագծվել է մշտադիտարկման պայմաններում աշխատող կոմբինացված եռաբաղադրիչ (X,Y,Z) սեյսմիկ տվիչ, որի փորձնական նմուշը ներդրվել է ռեգիոնալ սեյսմիկ կայանների կազմակերպման գործում:
  • Վլադիկովկասի և Կարմադոնի երկրաֆիզիկական փորձնական պոլիգոնում կազմակերպվել է ԵԻՍԻ-ի արտադրության ստացիոնար սեյսմիկ կայանը:
  • ՀՀ հյուսիսային մասում ստեղծվել է ստացիոնար առաջին դասի GNSS երկրադինամիկական կայանը:

ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

  • Տաքացման մեծ արագությունների պայմաններում ստացվել են AlCo-ով հարուստ երկրորդ սերնդի բարձրէնտրոպիական համաձուլվածքներ, որոնք օժտված են օդում մինչև 1200oC գերազանց ջերմակայունությամբ։ Լուծույթների այրման սինթեզի եղանակով ստացված միաֆազ MnFeCoNiCu բարձրէնտրոպիական համաձուլվածքը կարծրությամբ կրկնակի անգամ գերազանցել է վակուումային աղեղային հալման միջոցով ստացված անալոգ համաձուլվածքին։
  • Մշակվել է վոլֆրամով լիգիրված ցինկի օքսիդի թիրախների պատրաստման բարձր ճնշումային մամլման և վառարանային եղանակով թրծման եղանակ: Ցույց է տրվել, որ վոլֆրամի լեգիրմաբ ցինկօքսիդային բյուրեղացանցում դիտվում են ցինկի վոլֆրամատի (ZnWO4) առաջացում, որն ընթանում է ZnO(պ) + WO3(գ) մեխանիզմով: ZnO/WO3 թիրախներում WO3–ի կոնցենտրացիայի և ջերմային ռեժիմի պայմանների փոփոխությամբ հնարավոր է հասնել համասեռ ZnO/ZnWO4 համա­կար­գի ստացման: Այդպիսի թիրախների պատրաստումը հնարավորություն է ընձեռնում ֆիզիկական փոշենստեցման եղանակ­նե­րով ստանալ նախընտրելի բնութագրե­րով նանոկառուց­վածքային թաղանթներ՝ սենսորի­կայում կիրառման նպատակով (մասնա­վո­րապես, ZnO-WO3 համակարգն ունի բարձր զգայունություն CO և NO2 գազերի նկատմամբ)։

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիատեխնոլոգիական կենտրոն

  • Գյուղատնտեսական մշակա­բույսերի վնասատուների դեմ պայքարում տարեցտարի լայնորեն կիրառվում են ֆերոմոնային կենսաթակարդները՝ որպես ազդող նյութ օգտագործելով տվյալ վնա­սատու միջատի կողմից արտազատվող, սինթետիկ ճանապարհով ստացվող սեռա­կան ֆերոմոնը։ Նշված ֆերոմոններից մեկը արևելյան պտղակերի ֆերոմոնն է: Իրականացվել է արևելյան պտղակերի ֆերոմոնի ամբողջական սինթեզ:

ՀՀ ԳԱԱ Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

  • Մշակվել է դանդաղ գործող կոմպլեքսային պարարտանյութերի ստացման նոր տեխնոլոգիա Հայաստանի դացիտային տուֆերից: Ստացված դանդաղ գործող պարարտանյութի կիրառման արդյունքում, որը պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ակտիվ սիլիցիում, նկատվել է հողի և բերքի ագրոքիմիական ցուցանիշների նշանակալի բարելավում:
  • Սինթեզվել են սպեկտորի ինֆրակարմիր տիրույթում բարձր թափանցելիությամբ օքսիֆտորիդային գերմանատային և սիլիկատային ապակիներ, որոնք առանձնանում են նաև բեկման ցուցիչի և հարաբերական դիսպերսիայի արժեքների փոփոխության լայն տիրույթով, դյուրահալությամբ և բյուրեղացման նկատմամբ բարձր կայունությամբ` կիրառելի ժամանակակից օպտիկայի, օպտոէլեկտրոնիկայի և օպտիկական սարքաշինության բնագավառներում:
  • Մշակվել է MeF2-MgO–Al2O3TiO2–SiO2 համակարգի հիմքով նոր ապակի, որի մակերևույթը մոդիֆիկացվել է արծաթի իոններով՝ կիրառելի ուլտրամանուշակագույն սպեկտրի լայն տիրույթում (200÷400 նմ) որպես ճառագայթման լայնաշերտ ընտրովի սենսոր։ Պարզվել է, որ արծաթի մոլեկուլային կլաստերները տեղաբաշխված են ապակու մակերևութային շերտում, ունեն համընկնող կլանման գոտիներ, որոնք գտնվում են սպեկտրի լայն տիրույթում՝ 250-410 նմ, և ունեն համապատասխան լյումինեսցենտային գոտիների տիրույթ՝ 380-610 նմ:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտութ­յունների ինստիտուտ

  • «Հայնախագիծ» ՓԲԸ հետ համատեղ կատարվել է Շիրակի մարզի 33 բնակավայրի ինժեներաերկրաբանական շրջանացում՝ ըստ վտանգավոր երկրաբանական պրոցեսների:
  • Տարբեր մասշտաբի տոպոքարտեզների և արբանյակային տվյալների համադրությամբ մշակվել է Արարատյան դաշտի բարձր լուծաչափի ռելիեֆի թվային մոդել:
  • Շարունակվել է սեյսմիկ ցանցի ընդլայնումը ՀՀ տարածքում։ Իրականացվել է գործող շուրջ 50 սեյսմիկ կայանի սպասարկում, սեյսմիկ կայաններից գրանցումների հավաքագրում, արխիվացում։ Սեյսմիկ ցանցից ստացված տվյալների հիման վրա կատարվել է մինչև 2021թ. երկրաշարժերի կատալոգի լրացում և ճշգրտում, ինչպես նաև ստացված արդյունքների կիրառմամբ գիտահետազոտական աշխատանքների իրականացում։
  • Աջափնյակ համայնքի տարածքում գեոռադարային երկչափ (2D) և եռաչափ (3D) հանույթների հետ համատեղ կիրառելով աէրոֆոտոհանույթ՝ անօդաչու թռչող սարքի, ինչպես նաև ռետրոսպեկտիվ վերլուծությունների, աէրոլուսանկարների միջոցով իրականացված աէրոլուսահանույթի վերծանումը ցույց է տվել, որ նշված տեղամասում առկա են ռելիեֆի անհարթություններ, ոչ բնական բարձրացումներ, գոգավորություններ և երկրաբանական ձևախախտումներ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930