Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը Ադրբեջանի կազմում լինելը կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն». Ամենայն Հայոց կաթողիկոս

Ապրիլ 20,2023 17:43

«Արցախի խնդիրը մեր ժողովրդին հուզող ամենակարեւոր խնդիրն է, եւ այս առումով անշուշտ հստակ է հայաստանաբնակ եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի վերաբերմունքը, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը:

Այդ իմաստով բավարար չափով աշխատանքներ իրականացվել են, եւ մենք լիահույս ենք, որ այդ ջանքերը պիտի շարունակվեն, ու խնդիրը միջազգային հանրության, մեր ժողովրդի ջանքերի արդյունքում պիտի ունենա իր բարվոք կարգավորումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վեհափառ Հայրապետը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախկիններն արդեն իսկ Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում:

Ապա Ն.Ս Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն հավելեց. «Մենք չենք կարծում, որ նման հայտարարությունները տեղին են եւ որեւէ կերպ կարող են նպաստավոր լինել հարցի կարգավորման համար: Պետք է չշտապել, ընդհակառակը՝ ամեն կերպ պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքը: Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որովհետեւ դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի հայաթափում Արցախի մեր ժողովրդի: Եվ մենք ամեն ջանք, ամեն գործ պիտի ներդնենք միջազգային նորմերի եւ օրենքների շրջագծում ապահովելու համար Արցախի մեր ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու իրավունքը»:

Խաղաղության օրակարգերի մասին են խոսում, որոնց վերջնակետը ենթադրում է Արցախից հրաժարում, Հայ առաքելական եկեղեցին իբրեւ ազգապահպանության կարեւոր ինստիտուտ ինչպե՞ս կհակազդի, եթե այդուհանդերձ որոշեն գնալ խաղաղության, այսպես կոչված, պայմանագրի կնքմանը, եւ արդյոք Վեհափառ հայրապետը շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչի մասին հայտնել էր դեռեւս 2020թ.:

Այս հարցերին ի պատասխան Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց. «Մեր վերաբերմունքը Արցախի կարգավիճակի եւ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ ներկայացրել ենք, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը որեւէ կերպ չի հաշտվի այդ գաղափարի հետ: Խաղաղության պայմանագրի հոդվածներին, կետերին ծանոթ չենք, հետեւաբար այդ առնչությամբ կարծիք եւ դիրքորոշում չենք կարող հայտնել: Բայց մեզ համար կասկածից վեր է, որ մեր ժողովուրդը ի գին ամեն զոհողության՝ պաշտպանելու է Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Ինչ վերաբերում է հրաժարականին, ինչպես մենք մեր հայտարարության մեջ անդրադարձել էինք, մենք հայրական հորդոր ենք ուղղել, եւ հայրական հորդորը, բնականաբար ժամանակով չի սահմանափակվում: Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ եւ լուծմամբ, որոնք պատճառ եւ առիթ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցմանը, հայրական պատգամի փոխանցմանը:

Դժբախտաբար, տեսնում ենք, որ վիճակը շարունակում է մնալ վտանգաշատ եւ մտահոգիչ, նաեւ կատարվում են սխալ եւ անընդունելի արտահայտություններ՝ Արցախի կարգավիճակի հետ առնչված: Մտահոգիչ է նաեւ ազգային մեր կյանքում, մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին, եւ այս իմաստով մեծ աշխատանք ունենք կատարելու…»:

«Մենք կարծում ենք, որ բոլոր ջրերը մեկ առվով պետք է հոսեն, որպեսզի կարողանանք մեր իղձերը, երազները կյանքի կոչել, կերտել հզոր հայրենիք»,- ասաց Գարեգին Երկրորդը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում կա մեկ իշխանություն, դա ժողովրդի իշխանությունն է, իսկ Եկեղեցին պետք է զբաղվի հոգևոր հարցերով, և, որ դրանք տարբեր առուներ են: «Չի՛ կարող մի առու հոսել-թափվել Սև ծով, մեկը՝ Կասպից ծով, մեկ ուրիշը՝ Սևանա լիճ: Պետք է, որ այդ բոլոր ջրերը հոսեն դեպի մեր նպատակների իրագործում, եթե պատկերավոր ասենք՝ դեպի Սևանա լիճ»,- նկատեց Վեհափառը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930