Սույն թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 2022 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը:
Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
- «Բեսելյան փնջերի կիրառումը հեռահաղորդակցային ռադիոգծերում» (Զեկ.` ՀՀ ԳԱԱ թղթ. անդ. Ա.Ա.Հախումյան)
- «Բլազարների ճառագայթման սպեկտրի մոդելավորում. SOPRANO կոդ» (Զեկ.` ֆ.-մ.գ.դ. Ն.Վ.Սահակյան)
- «Ռենտգենյան միկրոտոմոգրաֆիա և տեղագրական սպեկտրասկոպիա (Զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Վ.Ռ.Քոչարյան)
- «Աստղառաջացման տիրույթներ. ձևավորում և էվոլյուցիա» (Զեկ.` ֆ.-մ.գ.թ. Ե.Հ.Նիկողոսյան)
- «Ձևանմուշային-ուղղորդված սինթեզի նոր մեթոդ՝ գերազանց հատկություններով բազմաֆունկցիոնալ նանոկոմպոզիտներ ստանալու համար» (Զեկ.` ֆ.-մ.գ.թ. Ա.Ս.Մանուկյան)
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմում ընդգրկված են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները, ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնը և «Գալակտիկա» ՓԲԸ-ն:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 4 ակադեմիկոս, 10 թղթակից և 24 արտասահմանյան անդամներ:
Կարդացեք նաև
Կազմակերպվել է 12 գիտական միջոցառում, տպագրվել 4 մենագրություն (2-ն՝ արտասահմանում), 210 հոդված (85-ն՝ արտասահմանում), 98 թեզիս (46-ն՝ արտասահմանում): Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 8 արտոնագիր:
Կարևորագույն արդյունքներ
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
- ՌԴ 6մ աստղադիտակով ստացված բարձր տարածական և սպեկտրային լուծունականության դիտումների շնորհիվ հաջողվել է բացահայտել օղակաձև միգամածության հետ կապված RNO 54 աստղից արտանետվող միկրոհոսք, որի երկարությունը կազմում է ընդամենը 3 անկյունային վայրկյան: Միկրոհոսքի առկայությունը և զգալի հզորության լիթիումի կլանման գիծն աստղի սպեկտրում վկայում են նրա երիտասարդ տարիքի մասին: Մյուս կողմից, նրա բարձր լուսատվությունը, սպեկտրային դասը և այլ հատկությունները բնորոշ են ֆուորանման աստղերին: Երթադրվում է, որ այն կարող է իրենից ներկայացնել ավելի քան 10000 տարեկան ֆուոր: MWSC 0739 փոքր և մեկուսացված աստղակույտում գտնվել են նոր Հերբիգ-Հարո հոսքեր, ինչը վկայում է ակտիվ աստղառաջացման մասին:
- Ներմուծվել և հաշվարկվել է «Ընդարձակվող Տիեզերքում» աստղագիտական մարմինների հեռացման «կինետիկ» արագություն, ինչը մարմնի կարմիր շեղման ցանկացած արժեքի դեպքում մշտապես մնում է փոքր վակումում լույսի տարածման արագությունից: Նման պարագայում ֆիզիկայի «պատճառականության» հիմնարար սկզբունքն այլևս չի խախտվում։ Հաշվվել է Տիեզերքի ընդարձակման հետևանքով աստղագիտական մարմնի՝ շարժման մեջ ներառելու չափաբաժինը: Ըստ էության, լուծվել է շուրջ 100 տարի չլուծվող «Ընդարձակվող Տիեզերքում» աստղագիտական մարմինների հեռանալու իրական արագությունների հիմնարար դժվարության խնդիրը:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
- Գերարագ մասշտաբային քվանտային ցանցերի, մասնավորապես՝ քվանտային ինտերնետի ստեղծման համար հետազոտվել է քվանտային ցանցի հեռահար հանգույցների միջև խճճվածության ստեղծումը և բաշխումը ալիքատարներում՝ դեկոհերենտության նկատմամբ կայուն ֆոտոնի ժամանակային քուբիթների միջոցով: Առաջարկվել է եռոտանի սառը ատոմների համակարգում եռալիք պարամետրիկ փոխազդեցության վրա հիմնված մեխանիզմ՝ հանգույցից հանգույց քվանտային ինֆորմացիան հաղորդելիս ալիքի երկարության ձևափոխման և միաժամանակ ֆոտոնի ժամանակային մոդերում կոդավորված ինֆորմացիայի անկորուստ կոհերենտ փոխանցումն ապահովելու համար:
- Ապացուցվել է էլեկտրամագնիսականորեն հարուցված թափանցիկության (ԷՀԹ) ռեզոնանսի ձևավորման հնարավորությունը՝ օգտագործելով ալկալի ատոմների զրոյական մագնիսական դաշտում ագելված մագնիսականորեն-հարուցված (ՄՀ) անցումները: «Կապող» բևեռացված լազերային ճառագայթումը գործել է 800 նմ հաստությամբ նանոբջջում Cs ատոմների Fg=4Fe=2 ՄՀ անցման վրա, իսկ «զննող» լազերի հաճախու-թյունը վերալարվել է Fg=3Fe=2 անցման շրջակայքում: Արտաքին՝ 3 կԳս մագնիսական դաշտերում ձևավորել են մեծ լայնույթով ԷՀԹ ռեզոնանսներ:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
- Հետազոտվել է միաբյուրեղային թիթեղի տարբեր տեղամասերից դիֆրակտված ռենտգենյան ճառագայթների վարքը՝ առանց ակուստիկ ալիքների և ըստ հաստության, ըստ երկարության ու միաժամանակյա փոխուղղահայաց ուղղություններով ակուստիկ ալիքների առկայության պայմաններում։ Ցույց է տրվել, որ քվարցի միաբյուրեղում, ըստ հաստության ակուստիկ ալիքների լայնույթի փոփոխմամբ, հնարավոր է կառավարել փնջի ինտենսիվությունն ու ֆոկուսային հեռավորությունը, իսկ ըստ երկարության՝ ակուստիկ ալիքների լայնույթով անդրադարձած փնջի տարածման ուղղությունը:
- Իրականացվել են մթնոլորտում տարածվող հարվածող ալիքի ազդեցությամբ ակուստապլազմայի ձևավորման երևույթի տեսական ու փորձարարական հետազոտություններ:
ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
- Առաջին անգամ ստեղծվել է բեսելյան փնջերի հիման վրա ռադիոգծի լաբորատոր նմանակ և հետազոտվել են այդպիսի ռադիոգծի առանձնահատկությունները: Հայտնաբերվել է, որ բեսելյան փնջերի հիման վրա ռադիոգծերն օժտված են բարձր դիմակայությամբ արհեստական խանգարումների և տարածման ուղին ստվերող խոչընդոտների հանդեպ:
- Հետազոտվել է լույսի կլանումն անհարթ մակերևույթների կողմից, որոնց անհարթության լայնույթը և կոռելյացիոն երկարությունը փոքր են մետաղում ալիքի մակերևութային թափանցման խորությունից։ Զարգացվել է խոտորումների սիստեմատիկ մոտեցում այդպիսի համակարգերում լույսի կլանումը հաշվելու համար։ Ցույց է տրվել, որ, կապված խնդրի պարամետրերի միջև հարաբերակցություններից, կարող է առաջանալ ավելի մեծ կլանում փոքր անհարթության դեպքում։ Ցույց է տրվել նաև, որ փոքր մասշտաբի անհարթություններից առաջացած կլանման փոփոխությունները հիմնականում պայմանավորված են փոխազդեցության այն էֆեկտիվ ծավալով, որն առաջանում է ներթափանցող էլեկտրամագնիսական ալիքը:
ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպություն
- Բլազարների շիթերում և գամմա-բռնկումներում էլեկտրոնների և պրոտոնների փոխազդեցության պրոցեսների մոդելավորման համար պատրաստվել է ժամանակից կախված թվային կոդ՝ SOPRANO, որում ներառվել են առաջնային և երկրորդային մասնիկների փոխազդեցության բոլոր պրոցեսները, որը հնարավորություն է տվել ժամանակի կամայական պահին հաշվել ճառագայթման էներգիական սպեկտրային բաշխվածությունը և հետևել ժամանակի ընթացքում դրա դինամիկ փոփոխությանը:
Կիրառական արդյունքներ
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
- ՌԴ «Ռոսկոսմոսի» և «Աստղագիտական գիտական կենտրոնի» հետ «Տիեզերական մնացորդային բեկորների մշտադիտարկում» համագործակցության շրջանակներում Բյուրականում տեղադրված համատեղ հայ-ռուսական կայանի աստղադիտակներով 245 դիտողական գիշերների ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել են 500000 չափումներ և վերականգնվել արհեստական արբանյակների 570 ուղեծիր:
- Շարունակվում են աշխատանքները նոր ծրագրային փաթեթի և դիտողական նյութի մշակման նոր մեթոդների ստեղծման ուղղությամբ։ Կատարելագործվում է նաև ավտոմատ կարգով (pipe line) մշակման փաթեթը, որը հնարավորություն է ընձեռում մշակել ամբողջ գիշերվա ընթացքում ստացված գիտական պատկերները՝ օգտագործելով բազմաթիվ լրացուցիչ պատկերներ (bias, flat-field, dark ets.):
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
- Կիսահաղորդչային թաղանթների և սեգնետաէլեկտրական բյուրեղի հիման վրա ստեղծվել և ուսումնասիրվել են TGS/ZnO:Li և ZnO:Li/LaB6 հետերոկառուցվածքները, որոնց հենքի վրա պատրաստվել և ուսումնասիրվել է սեգնետոէլեկտրական դաշտային տրանզիստորի մոդել: Մշակվել է 5-10 մկմ տիրույթի ենթակարմիր ճառագայթման նոր տիպի պիրոէլեկտրական ընդունիչ, որի հիմնական տարրերն են բարակթաղանթային դաշտային տրանզիստորը և TGS ծավալուն սեգնետոէլեկտրիկը: Ստացված հետերոկառուցվածքն օժտված է շատ ավելի մեծ վոլտ-վատտային (V/W) զգայնությամբ և հայտնաբերման ունակությամբ (noise-equivalent power), քան ավանդական պիրոընդունիչները:
- ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ համատեղ մշակվել է SFCO զգայակների նոր դաս 10-100 պՏ (0.1-1 մկԳս) զգայունությամբ կենսամագնիսական դաշտեր գրանցելու նպատակով: Ստեղծվել է նաև չափող համակարգ, որը կարող է միաժամանակ չափել 8 այդպիսի մագնիսաչափերից ազդանշաններ 0.1‒8000 ՄՀց հաճախային տիրույթում՝ 1000 և 10000 չափում/վ արագությամբ :
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
- ՌԴ Տոմսկի պետական համալսարանի հետ համատեղ լաբորատորիայում մշակվել և ստեղծել է նյութի բաղադրության տեղային վերլուծման 2D քարտեզագրման ռենտգենյան սպեկտրաչափական սարքի լաբորատոր նմուշ: Մշակվել և ստեղծվել է ռենտգենյան միկրոտոմոգրաֆ համապատասխան ծրագրային փաթեթով, որը հնարավորություն է տվել մինչև 30սմ տրամագծով և 22սմ բարձրությամբ նմուշների 3D սկանավորում 70մկմ լուծողությամբ:
- Մշակվել է մինչև 1ՄէՎ էներգիայով էլեկտրոնների կարգավորվող տարածաժամանակային բնութագրերով նոր դասի աղբյուր:
- Նախագծվել ու պատրաստվել է մոդուլային համակարգ միկրոէլեկտրոնային հանգույցների պատրաստման համար:
ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
- Առաջարկվել է օբյեկտների ռադարային ցրման արդյունավետ մակերևույթի (ՑԱՄ) չափման մեթոդում ներառել նաև վերջինիս ուղղորդվածության բնութագրերը, ինչը էապես բարելավում է օբյեկտների ռադիոլոկացիոն տարբերակման հուսալիությունը: Միևնույն ժամանակ, թիրախների ՑԱՄ-ի գնահատման համար առաջարկվող մեթոդաբանությունը էլ ավելի բարելավելու հնարավոր ուղին կայանում է բուսական մակերևույթի անդրադարձումները հաշվից բացառելու մեջ: Կառուցվել է մոդել, որի շրջանակում բուսական մակերևույթը ներկայացվում է որպես տատանողական շարժում իրականացնող օբյեկտ, որի ռադիոլոկացիոն սպեկտրն էապես տարբերվում է հավասարաչափ ուղղագիծ շարժվող օբյեկտների սպեկտրից:
- Կատալիտային բյուրեղացման եղանակով սինթեզվել են պեռլիտային ապակեբյուրեղական նյութեր, դրանց հիման վրա պատրաստվել են տակդիրներ, որոնք ունեն մեծ կիրառական ներուժ էլեկտրոնային սարքերում և բարակ-թաղանթային արևային տարրերում: Տակդիրների մակերևույթի միջին խորդուբորդությունները 5-10 նմ կարգի են: Տակդիրի բաղադրության մեջ, որպես կանոն, պարունակվում է 5-7% նատրիում, ինչը նպաստում է ավելի մեծ հատիկներով Cu(In,Ga)(S,Se) երկու տիպի բազմաբյուրեղ նյութերի ստացմանը:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին