Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնատար անձը կաշառքի դիմաց չի հետևել պետական աջակցության ծրագրերի դրույթների կատարմանը

Ապրիլ 20,2023 17:35

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, կաշառք տվողի մատնանշած անձանց օգտին հովանավորչության, թողտվության և ապօրինի անգործության համար կաշառք է ստացել Վ. Դ.-ից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Դ.-ն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պետական աջակցության երկու ծրագրերի շրջանակներում գյուղացիական  տնտեսությունների համար կատարված ծախսերի 40 տոկոսի  չափով անհատույց փոխհատուցում ստանալու նպատակով արհեստական հիմքեր ստեղծելով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել բիոհումուսի մատակարարման, կաթիլային ոռոգման համակարգի տեղադրման և գյուղատնտեսական այլ աշխատանքների մասով իբրև թե կատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա. Ս.-ն, տեղեկանալով Վ. Դ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից վերը նշված ծախսերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր նախարարություն ներկայացնելու մասին, 100.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ նրանց օգտին դրսևորել է հովանավորչություն, թողտվություն ու ապօրինի անգործություն և որևէ միջոց չի ձեռնարկել Վ. Դ.-ի հետ փոխկապակցված անձանց տրամադրվող պետական աջակցության դադարեցման ուղղությամբ, չի հետևել պետական աջակցության ծրագրերի դրույթների պահպանմանը:

Վերը նշված հանցավոր գործողությունների արդյունքում շուրջ չորս տասնյակ անձանց հնարավորություն է ընձեռվել ՀՀ պետական բյուջեից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ մի քանի հարյուր միլիոն ՀՀ դրամի հասնող գումարներ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում կանխվել է հիշյալ անձանց կողմից ՀՀ պետական բյուջեից վերը նշված գումարների հափշտակությունը:

Վ. Դ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930