«Ոչ մի բան լավ չեք հասկացել: Ոչ թե ապրիլի 1-ին պետք է ավարտվեր Լաչինի միջանցքը շրջանցող Կոռնիձոր-Տեղ ճանապարհի կառուցումը, այլ ապրիլի 1-ին պետք է այդ ճանապարհը լիներ երթեւեկությանը մատչելի, պատրաստ, որ այնտեղով մեքենաներ անցնեն: Այդպես էլ տեղի է ունեցել, մենք մարտի 30-ին ավարտել ենք այդ ամբողջ ճանապարհի ասֆալտապատման մեկ շերտը, նախատեսվում է եռաշերտ ասֆալտապատում, որը հիմա շարունակում են իրականացնել: Ընդհանուր առմամբ, կավարտենք մայիսի 31-ին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյան՝ վստահեցնելով, որ գրեթե 2 շերտ ասֆալտապատումն արել են:
Հարցին՝ պետությունը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին արդեն 1 մլրդ դրամից ավելի ծառայություններ է պատվիրակել, սա կոռուպցիա չէ՞, երբ բարձրաստիճան պաշտոնյայի ընկերությունը այդքան գումար է ստացել՝ Սանոսյանը պատասխանեց, որ Բադալյանը իր աշխատանքը լավ է իրականացնում ու շնորհակալ են նրան. «Ինչ վերաբերում է նրա՝ ընտանեկան բիզնես անվանենք, որը ժառանգել է իր ծնողից, ես չեմ հասկանում ինչ եք առաջարկում, դուք ինչ եք առաջարկում՝ հայաստանյան առաջադեմ նախագծող խոշոր ընկերություններից մեկն է: Ինչ է թե իրենցն են, ի՞նչ անենք, փակեն գնան, մենք նախագծող ընկերություն չունենա՞նք»:
Սանոսյանը վստահեցրեց, թե ամեն ինչ եղել է պարզ, մրցույթով, մինչդեռ իրականում Բադալյանի «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերությունը կատարում է պատվերները հիմնականում մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի:
Կարդացեք նաև
Հարցին՝ առաջ Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանին ասում էր՝ կողմնորոշվիր՝ պոմիդոր աճեցնո՞ղ ես, թե՞ պաշտոնյա, հիմա այս իշխանության մեջ էլ, չէ՞, պետք է կողմնորոշվեն՝ ասֆալտ փռո՞ղ են, ասֆալտի որակ հսկո՞ղ են, թե՞ պետական պաշտոնյա՝ Սանոսյանը պատասխանեց. «Կարծում եմ, ինքը կոնկրետ դրանով չի զբաղվում, ինքը պետական պաշտոնյա է, ընկերությունը տրված է կառավարման ինչ-որ գործընկերների»:
Հիշեցնենք, որ առաջ էլ Հովիկ Աբրահամյանը անձամբ չէր աճեցնում լոլիկը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ