«Ով ականջ ունի թող լսի, ով աչք ունի, թող տեսնի։ Ամեն ինչ այնքան ակնհայտ է։ Նիկոլ Փաշինյանն իր գնահատականներում անկեղծ է եղել, երբ ասում էր՝ մենք պետք է հասնենք մեր նպատակներին։ Էն, որ ասում է՝ մեր նավը պետք է հասցնենք մեր նավահանգստին, ճիշտ է ասում, պարզապես մեր ու Նիկոլի նավահանգիստներն ուրիշ են․ մերը Հայաստան աշխարհն է, իսկ Նիկոլինը՝ պանթյուրքիստական ծրագրերն են»,- «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի կազմակերպած «Նիկոլ Փաշինյան. մահաբեր հնգամյակ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ իր բնորոշմամբ՝ 2018 իշխանազավթման օպերացիան թուրք-ադրբեջանական հովանու ներքո է անցկացվել, ինչի մասին հայտարարել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ այդ ՀՀ-ում իշխանափոխության ժամանակ իր լուման է ունեցել նաև Ադրբեջանը։ Խոսելով ՀՀ ներկայիս իշխանության տրամաբանության և էության մասին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Տրանսգենդերին ամբիոն բարձրացնում են, Արցախի դրոշը հեռացնում։ Այս է Նիկոլի իշխանության ողջ բովանդակությունը։ Մենք տեսանք վեհարանի և Վեհափառ հայրապետի վրա հակաքարոզ, տեսանք պղծության քարոզ։ Նիկոլի պաշտպանության ներքո չեն նահատակների ծնողները, վիրավոր զինծառայողները, մշակույթի գործիչները, բացմազավակ մայրերը, նրա պաշտպանության տակ է տրանսգենդեր մարզիկը։ Ինքն ու իր թիմը եկել են ամբողջ հայկական բովանդակությունը փոխելու։ Նրանք Երրորդ հանրապետության թշնամիներն են»։
Խոսելով նախկին-ներկա՝ ներկայիս իշխանության բաժանումների մասին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ մարդիկ կան, որոնք հիմա էլ իշխանության են, որոնք դեռ իր դպրոցական տարիներից եղել են իշխանության մեջ։ Իսկ այդ բաժանումների մասին խոսելով՝ նշեց․ «Այսօր կա հայ-թուրք բաժանում։ Հոգևոր արժեքների կռիվ է։ Սա կուսակցական, ներկա-նախկինի, նույնիսկ քաղաքական կռիվ չէ, այլ գոյաբանական պայքար»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե չի հասցրել բանակցել, Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Ներողություն, իսկ ո՞վ էր խորհրդարանում հայտարարում, որ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ, ո՞վ էր հայտարարում, որ Ալիևը կառուցողական մոտեցում ունի, ո՞վ էր ասում, որ ես սկսել եմ իմ զրոյական կետից։ Այդ մարդը հինգ տարի է վարչապետ է, բայց չի հասկացել, որ 2018-ի մայիսի 8-ից առ այսօր բոլոր բացթողումների և կորուստների պատասխանատուն ինքն է»։
Կարդացեք նաև
Մադրիդյան սկղբունքների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին էլ ասաց․ «Բա որ մադրիդյան սկզբունքները վատն էին, Ալիևն ինչո՞ւ էր հրաժարվում դրանցից, բա որ կազանյան փաստաթուղթը՝ Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հաղթանակած փաստաթուղթը, վատն է, ինչո՞ւ է նույն Նիկոլն ընդունել, որ դա լավագույն փաստաթուղթն էր, և ինքն է պատմել, որ Ալիևն իրեն ասել է, որ հրաժարվել է դրանից։ Կապանում էլ Փաշինյանը հայտարարեց, որ երբ պետք լինի, կարող է վերադառնալ այդ փաստաթղթերին։ Ես քեզ հիմա մարտահրավեր եմ նետում՝ վերադարձիր Սերժ Սարգսյանի բանակցային կետին։ Տղա ես, վերադարձիր, բայց չես կարող, քանի որ քո երկու քաղաքական պապաները՝ Էրդողանը և Ալիևը, թույլ չեն տալիս։ Նիկոլը բանակցային գործընթացում իրեն և բոլորին գժի տեղ է դրել՝ բացի երկու հոգուց՝ Էրդողանից և Ալիևից»։
Ամփոփելով՝ Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ինչի համար է դատվելու, ինչի համար՝ ոչ, բայց պետական դավաճանության համար հաստատ դատվելու է։ 2020թ.-ի հոկտեմբերի 12-ին արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպում էր կառավարությունում։ Նա իրավիճակը մեզ ներկայացրեց, ըստ որի՝ ակնհայտ էր դառնում, որ մենք պարտվում ենք, այդ օրն արդեն Հադրութը տված էր։ Հարցրի՝ մեզ ինչո՞ւ ես հավաքել, ինչ առաջարկում են, գնա, կանգնեցրու պատերազմը։ Հոկտեմբերի 19-ին հայտարարում է, որ պարտված ենք, ու այդ օրն ինքն ասում է, որ Պուտինն իրեն առաջարկել է կանգնեցնել պատերազմը, և Ալիևը համաձայնել է։ Ես իրեն ասում եմ՝ արդեն ուշացնում ես։ Բայց ամենակարևորը հարցրել եմ՝ ի՞նչ պայմանով են ասել, որ կկանգնեցնեն պատերազմը մեր դաշնակիցները։ Նա պատասխանեց՝ Պուտինն ասել է՝ Լավրովի պլան։ Հարցրի՝ ո՞րն է, ասաց՝ 5+2։ Թող ձայնագրությունը ցույց տա։ Էլի հարցնում եմ՝ պարոն վարչապետ, պատերազմը կանգնեցնելու պայմանը ո՞րն է, նա պատասխանեց՝ դե, ես սեպտեմբերի 27-ին խորհրդարանում ասել եմ՝ 5+2։ Ես ասացի՝ սեպտեմբերի 27-ինը բոլորս ենք լսել ենք, մինչև այս պահը ի՞նչ են առաջարկել քեզ պատերազմը կանգնեցնելու համար, ինքն ասում է՝ 5+2։ Դրանում ոչ Շուշի, ոչ Հադրութ, ոչ Լաչին, ոչ Քարվաճառ է մտնում, ոչ Սև լիճ, ոչ Ջերմուկի սարերը, ոչ Տեղ գյուղն է մտնում, ոչ էլ հազարավոր տղաներ, որոնք նահատակվեցին։ Հոկտեմբերի 19-ից հետո ով նահատակվել է, այդ նահատակվածների մեղքը Նիկոլի վզին է։ Հետագայում Պուտինը հստակ նշեց, որ իր համար անհասկանալի պատճառներով ամերիկացի և հայ գործընկերները հրաժարվեցին այդ առաջարկից։ Շուշի քաղաքի վերահսկողությունը մնալու էր Հայաստանին, Ալիևը համաձայն էր, համաձայն չէր ՀՀ վարչապետը։ Եթե հոկտեմբերի 19-ին ընդունել ես, որ պարտվում ես, քեզ կա առաջարկ, ինչի՞ չես կանգնեցնում պատերազմը, մանկությանդ երազա՞նքն է եղել Շուշիում տեսնել ադրբեջանական դրոշ։ Հոկտեմբերի 19-ի այս դրվագով Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ