Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ վարչապետի աթոռը զբաղեցնողն ասում է, որ Ադրբեջանը երբեք չէր համաձայնի Արցախի անկախացմանը, ինքը չգիտի՞, որ որեւէ ինքնորոշվող երկիր չի անկախացել մետրոպոլիայի համաձայնությամբ». Գագիկ Մինասյան

Ապրիլ 20,2023 16:16

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը Արցախի հիմնախնդրի լուծման եւ Մադրիդյան սկզբունքի շուրջ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները միմյանց հակասող եւ խիստ վտանգավոր գնահատելով՝ ասաց. «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ինչո՞ւ է հիմա կեղծ օրակարգ մտցնում շրջանառության մեջ: Ինչ է, ինքը գժի տե՞ղ է դնում բոլոր պետությունների ղեկավարներին, թե՞ ինքն իրեն է գժի տեղ դնում, ինչպես մի անգամ արդեն արել է՝ իր իսկ խոստովանության համաձայն: Թե՞ հասարակությանն է փորձում գժի տեղ դնել: Ես կարծում եմ՝ ինքը հասարակությանն է մանիպուլացնում, ինչը նշանակում է՝ հասարակությանը գժի տեղ է դնում: Եվ որպեսզի հասկանանք, թե ինչ նպատակ է հետապնդում այդ կեղծ օրակարգը շրջանառության մեջ դնելով, պետք է մի քանի դրվագի անդրադառնանք:

Ասում է՝ ակնհայտ չի՞ արդյոք, որ Ադրբեջանը երբեք չէր համաձայնի Արցախի անկախացմանը: Ինքը չգիտի՞ արդյոք, որ որեւէ ինքնորոշվող երկիր չի անկախացել մետրոպոլիայի համաձայնությամբ: Իհարկե, գիտի: Եթե ինքը գիտի, որ Արեւելյան Թիմորը, Կոսովոն անկախացել են մետրոպոլիաների կամքին հակառակ, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այսօր այդ հարցը բարձրացնում, սրում:

Ինքը չգիտի՞, որ երբ մետրոպոլիան փորձում է անկախացման գործընթացը ընդհատել բիրտ ուժի կիրառմամբ, վրա է հասնում գործընթացի ավարտը, եւ միջազգային հանրությունը ճանաչում է անկախացող երկրին ու դրանով պրոցեսն ավարտվում է: Այդպես եղել է Արեւելյան Թիմորում եւ Կոսովոյում: Եվ այդպես լինում էր նաեւ Հայաստանում: Բոլորդ պետք է հիշեք, որ քառօրյա պատերազմի ժամանակ հանրապետության երրորդ նախագահը հրավիրեց օտարերկրյա դեսպաններին ու հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը՝ տրամաբանորեն հետեւելով նախորդ դեպքերին: Եվ միջազգային հանրությունը, առնվազն անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները եւս կճանաչեն, որովհետեւ Ադրբեջանը խախտում է երեք  հիմնական սկզբունքներից մեկը՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը: Եվ դա էր նաեւ պատճառը, որ Ադրբեջանն իսկույն վազեց Մոսկվա եւ խնդրեց, որպեսզի հրադադար կնքվի:

Այստեղ երկրորդ հարցն է առաջանում: Երբ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ հնարավորությունը կար՝ միանգամից ճանաչել Արցախի անկախությունը եւ օդում կախված խիստ հավաստի տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայում այդ ժամանակվա մեր ԱԳ նախարարին հորդորում էին ճանաչել, Հայաստանը դա ինչո՞ւ չարեց: Ավելին, պատերազմից հետո Պուտինը հրապարակավ նախատեց Հայաստանի իշխանություններին, որ իրենք կորցրել են Արցախը ճանաչելու պատեհ առիթը, որը, կրկնում եմ, չափազանց պատեհ առիթ է, երբ մետրոպոլիան անցնում է ագրեսիայի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930