Այգիներում, զվարճանքի կենտրոններում ամենաակտիվն ամռան ամիսներն են և, սովորաբար, հենց ամռանն ընդառաջ էլ ստուգվում է կարուսելների անվտանգությունը։ Առաջացել է կարուսելների, զվարճահարմարանքների առանձին դետալների, այդ թվում՝ մետաղական կոնստրուկցիաների առանձին դետալների մասնագիտացած փորձարկումների անհրաժեշտություն: Որոշում է կայացվել մշակել կանոնների առավել խստացման նորմատիվ ակտ, որի նպատակն է կարուսելների էլ ավելի անվտանգ շահագործումը:
Արդյունքում, այն կարուսելները, որոնց դետալները չեն համապատասխանի նորմատիվ պահանջներին, մասնագիտացված կազմակերպությունների կողմից ենթարկվելու են փոխարինման:
Այսօր՝ ապրիլի 20-ին, Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն աշխատանքային այցով Երևանի «Հաղթանակ» զբոսայգում էր:
Նպատակն էր նորմատիվ ակտի մշակման համար իրականացնել ակնադիտական հետազննություն և տեղում ծանոթանալ արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում գրանցված կարուսելների վիճակին:
Կարդացեք նաև
«Ուրախ ժամանց» ընկերության տնօրեն Վահրամ Ներսիսյանի ուղեկցությամբ Արտյուշ Գրիգորյանը, ՀՀ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը և կառույցների ներկայացուցիչները շրջել են զվարճանքների գոտու տարածքով: Ընկերության տնօրենը նրանց ներկայացրել է ատրակցիոնների ընդհանուր վիճակը:
Արտյուշ Գրիգորյանը նշել է, որ կարուսելների անվտանգության հետ կապված որևէ բացթողում անընդունելի է լինելու: Զբոսայգիներում և զվարճանքի գոտիներում, որտեղ առկա են ԱՎՕ-ներ, շրջայցերը շարունակական են լինելու:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ