Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շատ վտանգավոր մի քանի թեզեր շրջանառության մեջ դրեց»

Ապրիլ 20,2023 15:44

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը «Հենարան» ակումբում խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների մասին՝ ասաց. «Հարցուպատասխանի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շատ վտանգավոր մի քանի թեզեր շրջանառության մեջ դրեց: Եվ ճիշտ կլինի, որ այսօր խոսենք, թե որքանով են այդ թեզերը արդիական եւ ինչ նպատակներով են շրջանառության մեջ դրվում:

Ամենակարեւոր թեզը, որ նա շրջանառության մեջ դրեց, դա այն էր, որ եթե մենք ուզում ենք, որ Արցախը ինքնորոշվի, ապա նախ նա պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում: Ակնհայտ է, որ ամբողջ աշխարհն ընդունում է, որ դեռ 1991 թվականից Արցախը ինքնորոշվել է եւ սկսվել է Արցախի ինքնորոշման գործընթացը: Այդպիսի գործընթացը երբեք որեւէ ժողովրդի համար արագ չի եղել: Մեր պարագայում եւս տեւեց բավականին երկար: Ասում եմ տեւեց, որովհետեւ 2018 թվականին երբ իշխանությունը գրավեցին թուրք-ադրբեջանական գործակալները, այդ գործընթացի տրամաբանական փուլը, որն անառարկելիորեն բերում էր ինքնորոշման իրավունքի իրացմանը, ընդհատվեց:

Տեսեք, այդ տարիների ընթացքում, սկսած 2007 թվականից, երբ ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, որը շատ կարեւոր է, այլեւ միջազգային հանրության կողմից որդեգրվեցին Մադրիդյան սկզբունքները, տեղի ունեցան շատ կարեւոր փաստեր, որոնց պետք է անպայման անդրադառնանք, որպեսզի հասկանանք, թե ինչ կեղծ օրակարգ են փորձում մեզ այսօր հրամցնել:

Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքի նախագահները այս ընթացքում հինգ անգամ ասել են, որ Արցախի ինքնորոշումը պետք է իրականացվի Մադրիդյան սկզբունքի հիման վրա: Հարց է առաջանում. այդ մարդիկ, այդ պետությունների ղեկավարները իրենց բազմահազարանոց իրավաբանական խորհրդատուների հետ միասին չգիտեի՞ն այն պրոբլեմը, որ այսօր խիստ որոշակի նպատակներով օրակարգ է ուզում մտցնել այս անձը: Գիտեին: Եվ գտնում էին, որ այդ գործընթացը համապատասխանում է հենց այդ սկզբունքին:

Երբ Պուտինը, Լուկաշենկոն ու Նազարբաեւն ասում էին, որ Ալիեւն արդեն համակերպվել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, համաձայնիր այն նախագծին, որ 2019 թվականին քեզ ներկայացված է, Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաեւը չգիտեի՞ն այդ պրոբլեմը: Իհարկե, գիտեին: Եվ գտնում էին, որ դրանք ճիշտ համապատասխանում են այդ սկզբունքներին:

Երբ Ալիեւը ասում էր, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում էին, որ ինքը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինքը չգիտե՞ր այդ սկզբունքների մասին: Գիտեր ու համոզված էր, որ դա համապատասխանում է հենց այդ սկզբունքներին:

Երբ 44-օրյա ողբերգական պատերազմից հետո ինքը Լաչինում կանգնած ասում էր, որ Ադրբեջանի համար ամենանպաստավոր լուծման պարագայում Լաչինը եւ Քարվաճառը միշտ մնալու են Հայաստանի տիրապետության ներքո, ինքը չգիտե՞ր այդ սկզբունքի մասին: Իհարկե, գիտեր: Եվ գտնում էր, որ այդ սկզբունքի հետ համապատասխան ու համահունչ են գնում այն բոլոր գործընթացները, որ բերում էին Արցախի անկախացմանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930