«Մենք իշխող, կառավարող էլիտա չենք, մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, ով այս մանդատը ստացել է: Այն, ինչ կա մարդկանց մտքերում ու սրտերում, այդ նույնը մեր մեջ էլ կա` ինձնից սկսած»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, իրենց իշխանության կառավարման արդյունքը քաղաքացիները տեսնում են ու օրինակ բերեց. «Ասում եք՝ քաղաքացիները չեն զգում փոփոխությունները: Չեն կարող չզգալ քաղաքացիները, որովհետեւ իրենք երթեւեկում են ճանապարհով, որը քանդված է, հիմա քանդված չի: Իրենք գիտեն նախկինում իրենց մեքենայի նորոգման վրա ինչքան գումար էին ծախսում, հիմա այդ գումարը այլ նպատակների համար են ծախսում: Մենք գնաճի հետ կապված պրոբլեմ ունեինք, բայց նաեւ ցույց տվեցինք, որ գրանցված աշխատավարձերի աճը 80%-ով ավել է, քան գնաճը: Սա չի վերաբերում բոլորին: Կարող է լինել այնպես, որ աշխատավարձը այդքան աճած չլինի, բայց վիճակագրությունը խոշոր թվերի վրա է հիմնվում»:
Անդրադառնալով Տեղ գյուղում անվտանգային իրավիճակին՝ Փաշինյանն ասաց. «Ունենք 11 կմ, 11 կմ-ից 5 կմ հատված մենք համարում էինք եւ համարել ենք պրոբլեմատիկ: Այսօրվա դրությամբ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է եւս 1,4 կմ-ով, դա նշանակում է, որ եւս այդքան սահման ճշգրտվել է: Դա նշանակում է, որ ե՛ւ մենք, ե՛ւ ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ սահմանն անցնում է այդ կետով: Հայ սահմանապահները տեղակայվում են այդ կետից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են որոշակի հեռավորության վրա»:
Ճշտեցին՝ այսինքն, Հայաստանի տարածքից դո՞ւրս, որովհետեւ իրենք հիմա գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում՝ Փաշինյանը պատասխանեց. «Այդ պրոբլեմատիկ հատվածը, որտեղ իրենք գտնվում էին մեր գնահատմամբ Հայաստանի ինքնիշխան տարածքում, նախկին իմ արած հայտարարությամբ ինքը 5 կմ-ից ավելի էր, այդ պրոբլեմատիկ հատվածը՝ հիմա այդ 5 կմ-ը դարձել է 3,6 կմ, այսինքն, սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանը ճշգրտել են եւ տեղակայվել են որոշակի հեռավորության վրա: Մեր փորձը ցույց է տալիս՝ երբ սահմանապահներն են իրար հետ աշխատում, դա որոշակի արդյունքների կարող է բերի: Հույս ունենք, որ մնացած 3,6 հատվածն էլ կճշգրտվի եւ թեման կամփոփվի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ