Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 19-ին ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR Armenia) նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանիին ու գործակալության այլ ներկայացուցիչների։
Մարզպետը ողջունեց տիկին Բելանիի այցը Սյունիք, շնորհավորեց Հայաստանում աշխատանքի անցնելու կապակցությամբ և արդյունավետ գործունեություն մաղթեց նրան՝ վստահություն հայտնելով, որ կազմակերպությունը կշարունակի համագործակցությունը մարզային իշխանության հետ ու ծրագրերը, որոնք մինչ այժմ հաջողությամբ իրականացվել կամ ընթանում են։
Կավիտա Բելանին իր կազմակերպության ղեկավարության ու հայաստանյան գործընկերների անունից շնորհակալություն հայտնեց մարզպետին՝ Արցախից տեղահանված ու Սյունիքում հաստատված կամ ժամանակավորապես ապաստանած անձանց հյուրընկալելու, նրանց խնդիրների լուծման, կարիքների բավարարման ուղղությամբ կատարվող աշխատանքի համար, որի մասին նախապես տեղեկացվել էր։
Նա հետաքրքրվեց, թե մարզպետարանն ինչ մեթոդաբանությամբ ու հնարավորություններով է քաղաքականություն իրականացնում այս անձանց աջակցելու հարցում։
Տիկին Բելանին նաև առաջարկեց մարզային մակարդակում աշխատանքային համատեղ հարթակ հիմնել՝ ոլորտի բոլոր տեղական ու միջազգային դերակատարների մասնակցությամբ՝ աշխատանքի առավել արդյունավետ համակարգման ու թիրախային իրականացման համար։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հետագա անելիքների, առաջնահերթությունների ու ծրագրերի հետ կապված հարցեր՝ որոշ խնդիրների լուծման ուղղությամբ նախապես ձեռք բերելով համագործակցության ու կոնկրետ գործողությունների պայմանավորվածություն։
Սյունիքի մարզպետի աշխատակազմ