Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյանը հերքում է պնդումը, թե Մամիկոն Ասլանյանի դեպքում իշխող ուժն է որոշել՝ ով քաղաքապետ լինի

Ապրիլ 20,2023 14:47

«Եթե հարգում եք ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ապա ինչպե՞ս եք բացատրում 2022թ․-ին կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնցով՝ կայացած ընտրությունների պարագայում համայնքի ղեկավարի պաշտոնակատարին նշանակում է վարչապետը՝ չնայած նրան, որ բնակիչներն ընտրել են այն քաղաքական ուժին, որին վստահել է»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Գնել Սանոսյանը նախ նշեց․ «Եթե համայնքում կայացել են ընտրություններ, եւ բնակիչների մեծամասնությունը ձայն է տվել որեւէ ուժի, նշանակում է, որ այդ ընտրությունների արդյունքները հարգվել են եւ ընդունվել են։ Որտեղ համայնքապետ է ընտրվել, նորմալ աշխատել ենք։ Բոլոր դեպքերում կառավարում են ժողովրդի ընտրած մարդիկ։ Կարծում եմ՝ շատ պարզ է։ Չգիտեմ ինչի մասին եք հարցնում։ Ասում եք՝ եթե ընտրել են, ապա ինչո՞ւ է վարչապետը նշանակում ժամանակավոր պաշտոնակատար։ Նման դեպք չկա»։

Արմենուհի Կյուրեղյանը տեղից ասաց, որ Վանաձորի քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանը հենց այդ դեպքն է։ Գնել Սանոսյանն արձագանքեց․ «Որտեղ որ հիսունից ավելի տոկոսով հաղթել է որեւէ ուժ, ապա ընտրվել է համայնքի ղեկավար։ Մի խառնեք։ Եթե նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար, ուրեմն այդ համայնքում որեւէ ուժ հիսունից ավելի ձայն չի ստացել, այսինքն՝ չկա հաղթող, եւ ավագանին չի կարողանում համայնքի ղեկավար ընտրել։ Ուստի վարչապետը նշանակում է պաշտոնակատար, մինչեւ նոր ընտրություններ կլինեն։ Օգտակար է, պարզ, բարոյական»։

Արմենուհի Կյուրեղյանը տեղից բղավելով կրկնեց Մամիկոն Ասլանյանի դեպքը, եւ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հրահանգեց լռել․ «Տիկին Կյուրեղյան, ամեն անգամ տեղից խոսում եք։ Սա հարիր չէ դաշնակցական կարգապահությանը, լռեք»։

Հիշեցնենք, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարությամբ արձանագրել էր Վանաձորի ՏԻՄ ընտրություններում իշխող քաղաքական ուժի միջամտության փաստը եւ դատապարտել այն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930