Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջենգիզ Աքթար. Աշխարհում որևէ մեկը չի վստահում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի թեզերին. Ermenihaber

Ապրիլ 20,2023 14:32

Թուրքիան այն երկիրը չէ, որն աշխարհում, միջազգային հանրության աչքում որևէ վստահություն ունի Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրք քաղաքագետ, լրագրող, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը։

Հարցին, թե արդյոք ժխտողականության նոր փուլ կարելի է դիտարկել հատկապես վերջին տարիներին համակարգվող և նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի կողմից ապրիլի 5-ին վերաշահարկված այն հայտնի թեզի կիրառումը, որը ոչ միայն ժխտում է հայերի ցեղասպանությունն, այլև հայերին է վերագրվում թուրք-մուսուլմաններին ցեղասպանելը, Աքթարը տվեց բացասական պատասխան։ Նա շեշտեց, որ այդ թեզերը պարզապես տարիներով օգտագործվում են մեկը մյուսի hետևից։

Նշելով, որ Թուրքիայում ժողովուրդն էլ է այդպես մտածում, կրում այդ թեզը՝ Աքթարն ընդգծեց, որ դրան հակառակ Թուրքիայից դուրս որևէ մեկը չի էլ կարող հավատալ այդ ամենին, քանի որ այդ թեզը չունի պատմական հիմք։

«Թուրքիայի ժխտողականության հետ կապված մի բան չպետք է մոռանալ․ Թուրքիան այն երկիրը չէ, որն աշխարհում, միջազգային հանրության աչքում որևէ վստահություն ունի Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված։ Այսինքն աշխարհում որևէ մեկը չի վստահում, բարեհաճություն չի ցուցաբերում Թուրքիայի թեզերին։ Թուրքիայի տեսանկյունից այդ կռիվը վաղուց է տանուլ տրվել»,-նկատեց թուրք քաղաքագետը։

Անդրադառնալով Անկարայի համալսարաններից մեկում ապրիլի 5-ին Հայոց ցեղասպանության ժխտողականության շրջանակում կազմակերպված խորհրդաժողովին, որտեղ էլ նախարար Աքարը ելույթ էր ունեցել և կրկին շրջանառել այդ պնդումը՝ Աքթարը նշեց․

«Նստում, իրենք իրենց մեջ խոսում են, միմյանց ծափահարում, ասում՝ ապրես։ Նման հավաքներում, այսպես թե այնպես, մեկը չի էլ լինում, որ տարբերվող բան կասի, բոլորը նույն բանն են ասում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930