Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրիդեկ-Միստեկը Եվրոպայի ամենամեղրոտ քաղաք դարձրած երեւանցին՝ Գեւորգ Ավետիսյան

Ապրիլ 20,2023 14:39

Մեր հայրենակից, «Մառլենկա Ինթերնեշընլ» ընկերության հիմնադիր Գեւորգ Ավետիսյանը Չեխիայում հայտնի անուն է: Նրա անցած ճանապարհը հաջողության ամենագեղեցիկ պատմություններից է, որը կարող է հրաշալի օրինակ ծառայել երիտասարդների համար, սովորեցնել, թե ինչպես կարելի է զրոյից բիզնես սկսել, ապրել արժանապատվորեն, սեփական արտադրանքով աշխարհին ներկայացնել ծագումդ ու հայրենիքդ, բարձրաձայնել ազգիդ պատմության, Հայոց ցեղասպանության մասին՝ միաժամանակ պատիվ բերել այն երկրին, որի քաղաքացին ես:

Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո Գեւորգ Ավետիսյանն ի թիվս այլնի, անդրադարձել է իր անցած ճանապարհին , «Մառլենկայի» հաղթարշավին, պատմել, թե ինչպես է հաղթել գերմանական հանրահայտ Dr.Oetker ընկերության Թուրքիայի ներկայացուցչությանը՝ կեղծ «Մառլենկա» արտադրելու համար:

Գեւորգ Ավետիսյանը ծնվել է Երեւանում, ասում է՝ երեխա ժամանակ նկարչության խմբակ էր հաճախում, դպրոցն ավարտելուց հետո սովորել եւ ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, քանի որ ցանկանում էր դիզայներ դառնալ, զբաղվել է նաեւ սպորտով: Ցանկացած բնագավառ ոտք դնելիս՝ երազում էր հայտնի դառնալ ու աշխարհին պատմել հայրենիքի մասին: Միշտ հպարտացել է, որ ծնողները արմատներով Վանից են, պապերն այնտեղ գործարարներ են եղել: Այսօր նաեւ զավակներն են հպարտանում դրանով, քանի որ գիտեն՝ վանեցիները գենետիկ ազնվականներ են:

Գեւորգ Ավետիսյանը՝ հղում անելով տատիկի պատմածներին, ասում է, որ պապերը կառքով էին շրջում Վանից դեպի Պոլիս, երկհարկանի տուն ունեին:

Մորական պապիկը գործարան է ունեցել, արտադրել է շատ հայտնի ռահատ լոխում ու հալվա, որը յուրահատուկ համ է ունեցել: Ստացվում է՝ ինքն էլ գնացել է պապի ճանապարհով:

Գեւորգ Ավետիսյանն ասում է՝ պապիկի պատմությամբ երեխաներն էլ են ոգեւորված, ու նաեւ հույս ունի, որ կշարունակեն իր հիմնադրած ու երեխայի նման փայփայված ընտանեկան գործը: Մեր զրուցակիցը վերջերս ձեռք է բերել Ֆրիդեկ-Միստեկի Հալկովա փողոցում գտնվող պատմական Lemberger նախկին տեքստիլ ֆաբրիկայի տարածքը եւ պատրաստվում է այնտեղ ահռելի փոփոխություններ կատարել, մասնավորապես այն վերածվելու է յուրահատուկ թանգարանի, որտեղ տեղ կգտնի ոչ միայն «Մառլենկայի» ստեղծման ու բարգավաճման պատմությունը, այլեւ պապի կենսագրությունը:

«Դա կլինի մոդեռն, այցեքարտային մի թանգարան, կտարբերվի ներկայումս գործող թանգարաններից՝ հետաքրքիր լույսերով, խաղերով, երաժշտությամբ: Քաղաքագլուխը եւ մյուսները ասացին, որ վստահ են՝ այս թանգարանի շնորհիվ մեր քաղաքը կդառնա Չեխիայում առանձնահատուկ: Մենք տարեկան օգտագործում ենք 200-250 տոննա ալպիական գոտու մեղր, այսինքն` այսօրվա դրությամբ Ֆրիդեկը Եվրոպայի ամենաքաղցր, ամենամեղրոտ քաղաքն է: Չեխական թերթերն են այդպես բնորոշել: Աշխարհում շատ կան քաղցրավենիքի հզոր գործարաններ, որոնց կողքին գուցե «Մառլենկան» թզուկ է, բայց որեւէ գործարան այդքան մեղր չի օգտագործում, որքան մենք: Ինչ վերաբերում է պատմական ֆաբրիկային, մի քանի խոշոր թերթեր գրել են, որ հայ Գեւորգը փրկել է իրենց քաղաքի Գոհարը»,- ոգեւորված ներկայացնում է չեխահայ ձեռնարկատերը:

Գեւորգ Ավետիսյանը մեր զրույցի ժամանակ հորն է հիշում, ասում է խիստ, բայց ազնիվ եւ իմաստուն մարդ էր. «Հայրս ինձ միշտ ասում էր՝ կարող է տեսնես՝ մարդիկ չարացած են, ասեն՝ կյանքն է չարացրել, բայց դու ինչքան էլ դժվար կյանք ունենաս, քո մարդկային կերպարը չկորցնես…Հայրս նաեւ ասում էր՝ լավ մարդը փողը լավ ձեւով է օգտագործում, վատ մարդ՝ վատ բաների համար: Ասում էր՝ փողը վատ բան չէ, բայց երբեք փողի գերի չդառնաս»:

Գեւորգ Ավետիսյանը քանիցս ճանաչվել է իրենց մարզի ու երկրի լավագույն գործարար, նրա մասին ֆիլմեր են նկարվել, գրել են հայտնի լրատվամիջոցները, «Ֆորբսը» համարյա մի ամբողջ համար է նվիրել նրան ու «Մառլենկային»:

Իրեն հաջողակ մարդ է համարում, ասում է՝ հաջողության գրավականն էլ սրտանց աշխատելն է ու Հայաստանն իր արտադրանքով աշխարհին ճանաչելի դարձնելը: Միեւնույն պահին էլ հավելում է. «Ես «Մառլենկան» չեմ ստեղծել, որ հարստանամ»:

Ու ծորում է հուզիչ պատմությունը՝ «Մառլենկայում» օգտագործված մեղրի նման, թե ինչպես ընտանիքի հետ հայտնվեց այն ժամանակ անծանոթ Չեխիայում, ինչպես քույրը՝ Հասմիկը սկսեց ընտանեկան տորթը թխել, իսկ ինքը հանձնեց ծանոթ սրճարանին, ինչպես Անաստասիա անունով կինը թույլ տվեց, որ նվազագույն վճարով ապրեն փոքրիկ հանրակացարանում, եւ ինչպես կամաց-կամաց տարածվեցին աշխարհով մեկ:

Հիմա Գեւորգ Ավետիսյանը ոչ միայն Չեխիայի պատվարժան քաղաքացի է, այլեւ ընդունված մարդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ում հետ հաճույքով են հայկական կոնյակ ու «Մառլենկա» վայելում: Չեխիայի նախագահն ու այլ պաշտոնյաներ իրենք են ցանկանում այցելել «Մառլենկա» ու հանդիպել նրա հիմնադրի հետ:

Չեխիայի նորընտիր նախագահ Պետր Պավելի հետ

Ի դեպ, Գեւորգ Ավետիսյանը դերակատարություն է ունեցել Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Պրահայում հայկական եկեղեցուն տարածք տրամադրելու հարցում, ինչպես ամենուր, այս երկրում եւս հնարավոր է նման հարցեր կարգավորել դիվանագիտորեն կառուցված զրույցի, անձնական կապերի միջոցով:

Գեւորգ Ավետիսյանը՝ Շառլ Ազնավուրի եւ որդու հետ

Գեւորգ Ավետիսյանի կյանքի ամենահիշարժան դրվագներից է Շառլ Ազնավուրի հետ հանդիպումը: Հիշում է՝ ինչպես մի օր իրեն զանգեց այն ժամանակ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն ու ասաց, որ Ազնավուրն ուզում է իրեն տեսնել: Սկզբում մտածել է, թե կատակ է, հետո մեծ հպարտություն է ապրել, երբ շանսոնյեն ասել է, որ «Մառլենկա» է սիրում, եւ ուրախ է իր նման հայրենակից ունենալու համար:

Ըստ նրա, «Մառլենկա» են սիրում նաեւ չեխական աստղերը, որոնցից շատերի հետ ջերմ հարաբերություններ ունի: Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ «Մառլենկայի» գործարան կազմակերպվող տուրերին, որտեղ այցելուները ծանոթանում են արտադրության գործընթացին, վայելում անուշահամ տեսականին՝ սուրճի ու թեյի հետ, երաժշտություն են լսում, ֆիլմ դիտում: Պարզվում է՝ տարեկան 25.000 այցելու են ունենում:

«Արտասահմանից շատ են գալիս՝ ամիս չկա, որ որեւէ իսպանական, ֆրանսիական խումբ չգա՝ 30-40 հոգով, կորեացիներ, իռլանդացիներ են գալիս, անգամ Տանզանիայից էին եկել»,-պատմում է Գեւորգ Ավետիսյանը: Հատուկ նշում, որ «Մառլենկայի» ծավալներով Կորեան ռեկորդակիր է, իր արտադրանքն այնտեղ հայտնի է բոլորին՝ մեծից փոքր, չկա մի խանութ կամ սրճարան, որտեղ «Մառլենկա» չվաճառվի, անգամ երգեր են երգում: Իսկ ընդհանրապես, պաշտոնական տվյալներով, «Մառլենկան» 93 տոկոս ճանաչում ունի Չեխիայում, ճանաչելիությամբ 10 հայտնի ֆիրմաներից 5-րդն է:

Մի քանի տարվա ընդմիջումից հետո այս տարվա մայիս ամսին Գեւորգ Ավետիսյանը պատրաստվում է մարզպետի հետ ժամանել Հայաստան: Տարիներ առաջ նրա ջանքերով եղբայրացել են Չեխիայի ամենամեծ մարզն ու ՀՀ Արմավիրի մարզը: Հիմա կրկին ուզում են բարեկամական կամուրջն ամրապնդել:

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկի հետ

Վերջերս նաեւ Հայաստանում Չեխիայի դեսպան Պիրունչիկի հետ է հանդիպել: Ըստ մեր զրուցակցի, դեսպանը ցանկություն է հայտնել ներկայացնել նրա հաջողության պատմությունը Չեխիայում, որը կարող է լավ օրինակ լինել այն չեխերի համար, որոնք կուզենան Հայաստանում հաստատվել ու կայանալ:

Անգլիայի թագուհու ծննդյան տորթը՝ «Մառլենկայից»

Գեւորգ Ավետիսյանը մի հիշարժան դրվագ էլ պատմեց՝ այս անգամ Չեխիայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ կապված: 2016թ Մեծ Բրիտանիայի դեսպանատնից եկել են «Մառլենկա» ու ցանկացել Թագուհու 90-ամյակի առիթով նրա թագի տեսքով տորթ պատվիրել: Մեր հայրենակիցը, բնականաբար, տորթը նվիրել է դեսպանատանը, որը կտրելու պատիվը արքայազն Չարլզի եղբորն էր վստահված: Տորթի թեման եւս լուսաբանվել է բարձրաշխարհիկ կյանքով հետաքրքրվող հայտնի ԶԼՄ-ներում:

«Չեխական մամուլը գրում է, որ «Մառլենկայի» գործարանը համարվում է մեղրով թխվածքների ամենամեծ գործարանը, Ֆրիդեկ-Միստեկը՝ Չեխիայի ամենամեղրոտ քաղաքը: Ի դեպ, իմ տուրիստական կենտրոնն ավելի շատ զբոսաշրջիկներ է ընդունում, քան ամբողջ քաղաքը, պաշտոնական տվյալներով՝ տարեկան 30000 մարդ գալիս է իմ գործարանը նայելու, ընդ որում մարդիկ մեկ-երկու ամիս սպասում են: Նաեւ մենք տարեկան 200-240 տոննա մեղր ենք օգտագործում»,-փաստում է մեր զրուցակիցը:

Կայացած մարդուն երազանքի մասին հարցնելը գուցե ինչ-որ առումով տարօրինակ թվա, բայց Գեւորգ Ավետիսյանն ունի նվիրական երազանք՝ հայկական թխվածքներով աշխարհը ճանաչի մեր երկիրն ու պատմությունը: Չեխական թերթերից մեկը գրել էր, որ ինչպես 17-րդ դարում Գեւորգը՝ Դամոսկոսից սուրճի մշակույթը ներմուծեց Չեխիա, հիմա էլ մեկ ուրիշ Գեւորգ՝ Երեւանից, սովորեցրել է, որ սուրճի հետ պետք է մեղրով տորթ ուտել:

Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ երբեք չի մոռանում իր բարին կամեցածներին, ինչպես չի մոռացել իր ընտանիքին ձեռք մեկնած Անաստասիային, որին տարիներ անց փորձել է գտնել Posta pro tebe ծրագրի միջոցով, որ «Սպասում եմ քեզ» հաղորդաշարի չեխական տարբերակն է: Իրեն ձեռք մեկնած կինը գտնվել է, հաղորդումը` մեդալ շահել, ինքն էլ բազմաթիվ հուզիչ նամակներ ստացել: Հենց հաղորդումից ազդված է երկրի նորընտիր նախագահն այցելել Գեւորգ Ավետիսյանին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930