Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիրդուսի կառուցապատման կծիկն այնքան խորն է, որ բացեն՝ քարը քարի վրա չի մնա․ ոչ մեկին ձեռնտու չէ կծիկը բացել»․ Ռոբերտ Բաղիյան

Ապրիլ 20,2023 14:10

Ֆիրդուսի թաղամասի մի խումբ բնակիչներ, որոնք այսօր բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ, ինչպես տեղեկացրել էինք, հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավարի հետ։ Հանդիպումից հետո բնակիչներից Ռոբերտ Բաղիյանը լրագրողների հետ զրույցում հանդիպումից որոշ մանրամասներ ներկայացրեց։

«Գրասենյակի ղեկավարը (Արման Ադիլխանյան, Ն․Բ․) խոստացավ շատ սեղմ ժամկետներում պատասխանել։ Մենք մեր գրավոր դիմումներում ինչ ներկայացրել էինք, այսօր ավելի մանրամասն, ծավալուն, կոնկրետ օրինակներով ներկայացրեցինք։ Ինքն էլ անակնկալի եկավ, որովհետեւ կառուցապատողը մշտապես ասել է՝ խնդիր չունենք»,-պատմեց Բաղիյանը։ Նա ասաց, որ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը խոստացել է մի քանի օրվա ընթացքում բնակիչների բարձրացրած հարցերին կետերով պատասխանել։

«Ասաց, որ մեր՝ մարտ ամսին ներկայացրած դիմումի պատասխանը պատրաստ չէ, բոլոր գերատեսչությունների պատասխանները ստացել են, պետք է ուսումնասիրեն, քննարկեն, որպեսզի մեզ ծավալուն պատասխանեն»,-ասաց Բաղիյանը։

Նրա խոսքով՝ Ֆիրդուսի կառուցապատումը կասկածելի գործընթացով է տեղի ունենում․«Կծիկն այնքան խորն է, որ բացեն՝ քարը քարի վրա չի մնա։ Ոչ մեկին ձեռնտու չէ կծիկը բացել։ Սա գերակա շահ չէ, անձնական շահ է դարձել»։

Բաղիյանի ներկայացմամբ՝ բնակիչներն իրենք են ուզում իրենց տարածքը կառուցապատել՝ ըստ նախագծի․«Ինչո՞ւ են որոշել, որ մեզ պիտի 1900 դոլար փոխհատուցում տան․․․ տարբեր բնակիչներին տարբեր գներով են փոխհատուցում։ Մարդ կա՝ 1200 դոլար են տալիս։ 2008 թվականից սպասում եմ, սեփականությանս վկայականը իրենց մոտ բանկում գրավ է դրված։ Ես չեմ կարողանում գրավադրեմ, գնամ տուն առնեմ կամ բիզնես դնեմ, ինքն իմ սեփականության վկայականով կառուցապատում է անում։ Հիմա էլ շենքը համարյա պատրաստ է, տեսել է, որ լավ շատ գնորդներ կան, այն էլ՝ բարձր գնով, ինձ ասում է՝ գնա, էստեղից, քեզ տուն չեմ տալիս, քեզ մի քիչ փող կտանք, կգնաս»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930