Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ չենք կարողանում հասկանալ ՀՀ կառավարության տեսակետը՝ Ալիեւի հետ բանակցություններում, ասելով, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրանով ենթադրվո՞ւմ է, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում՝ այո՞, թե՞ ոչ՝ պատասխանեց. «Իմ զեկույցում ես հստակ արձանագրել եմ, որ 2007-ի արձանագրումը, Մադրիդյան սկզբունքների ինքնորոշման ձեւակերպումը տված է այնպես, հիշո՞ւմ եք, ես ասացի՝ «ա» կարգավիճակ, «բ» կարգավիճակ, դա նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս: Դա է պրոբլեմը: Մենք չառերեսվելով այս իրականության հետ, ընդ որում, դուք չեք առերեսվել, մենք չենք առերեսվել եւ մենք զուգահեռ ցանկալի իրականություն ենք ստեղծել, որը միջազգային եւ աշխարհաքաղաքական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել: Հիմա մենք պետք է այս իրադրության հետ առերեսվենք: Ես ընդդիմադիրներին ի՞նչ եմ ասում՝ քննադատեք ինձ սրա համար, ինչի չեք քննադատում սրա համար, որովհետեւ դուք էլ եք նույն սխալը գործել, ես էլ եմ այդ սխալը գործել, որ այդ իրականության հետ չեմ առերեսվել»:
Լրագրողները փոխանցեցին, որ Վարդան Օսկանյանը հերքել է Մադրիդյան սկզբունքների այդ մեկնաբանությունը՝ Փաշինյանը հակադարձեց. «Վերնագիրը ուրիշ բան է, բովանադակությունը՝ ուրիշ բան: Իսկ իմ ասած բովանդակությունը հերքե՞ց որեւէ փաստարկ: Ես հստակ սխեմայով դա ներկայացրել եմ, փոխարենն ունենք վերնագրեր, կարգախոսներ»:
Օսկանյանն ասել էր, որ 44-օրյա պատերազմից հետո փորձել է հանդիպել Փաշինյանի հետ, չի ստացվել, Փաշինյանը հերքեց՝ ասելով, որ պատերազմից հետո իրենք հանդիպել են:
Հարցին՝ երրորդ տարբերակը ո՞րն էր, որովհետեւ նա ասաց, որ առաջարկել են գնալ երրորդ տարբերակով լուծման՝ Փաշինյանը պատասխանեց. «Հարգելիներս, թող իրենք հրապարակեն իրենց տարբերակները լուծման: Ես իրենց խոսնակը չեմ: Ինչ որ ուզում էին առաջարկեին այն ժամանակ, թող հիմա հրապարակեն, թե ինչ էին ուզում, ես էլ դրան կարձագանքեմ, որովհետեւ իրենց առաջարկները արդեն ամբողջությամբ արտահայտված են իրենց թողած բանակցությունների մեջ, հո առաջարկելո՞վ չի: Իմ ակնկալիքը ինչ է՝ ֆունդամենտալ պրոբլեմներին եկեք անդրադառնանք: Իսկ ֆունդամենտալ պրոբլեմն ինչ է՝ բանակցային պրոցեսներում մի բան է եղել, տեսախցիկների առաջ այլ բան են հայտարարել: 2018-ից ես ի՞նչ եմ փորձել անել՝ որ բանակցային սենյակներում եւ հրապարակային՝ ժողովրդի հետ խոսակցությունը լինի նույնը: Դա շատ ցավոտ եւ բարդ պրոցես է, ես դա եմ ուզում անել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ