Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի պատգամավորները սովորաբար սխալ են հասկանում եւ չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել». Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Ապրիլ 20,2023 12:56

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ անց նորից ԱԺ միջանցքում կարճ ճեպազրույց տվեց ու պատասխանեց մի քանի հարցի:

Մասնավորապես, հարցին՝ Ալիեւը նորից սադրիչ հայտարարություններ է արել, սպառնացել է ու պահանջել, որ խմբագրեք 2018-ի ձեր հայտարարությունը եւ ասեք՝ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ»՝ Փաշինյանն արձագանքեց, որ զեկույցում  տարածաշրջանային խնդիրներին մանրամասն անդրադարձել է, ՀՀ ԱԳՆ-ն էլ արձագանքել է. «Ես, ընդհանուր առմամբ կիսում եմ ձեր գնահատականները ելույթի վերաբերյալ եւ գնահատում եմ, որ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը: Արձանագրում ենք, որ սադրանքի նպատակը հենց դա է, որ իրադրության էսկալացիայի տանեն պրոցեսները: Մենք հանգիստ մեր քաղաքական հավասարակշռված գնահատականներով գնալու ենք առաջ»:

Հարցին՝ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները անընդունելի են համարել ձեր հնչեցրած մտքերը եւ նշում են, որ ՀՀ կառավարությունը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրները տարանջատում է նրա ինքնորոշման իրավունքից՝ Փաշինյանն արձագանքեց. «Իմ ելույթը ինչի՞ մասին էր: Ես ձեզ էլ, մեզ էլ, բոլորիս խնդրում եմ, ակնկալում եմ հետեւյալը՝ մենք պետք է հարցը հասկանանք, հարցերի մեջ խորանանք: Եթե հարցի բովանդակությունը խորությամբ չենք ըմբռնում, անընդհատ սխալներ ենք գործում եւ գործել ենք: Ես Արցախի ԱԺ-ի կարծիքներին ուշադիր հետեւում եմ, գնահատում եմ, հարգանքով եմ վերաբերվում, բայց իմ ասածը ուրիշ բան է»:

Ճշտեցին՝ սխա՞լ են, այսինքն` հասկացել ձեր հայտարարությունը Արցախի վերաբերյալ՝ նա պատասխանեց. «Սովորաբար սխալ են հասկանում եւ չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել: Բայց մեծ հաշվով սխալ հասկանալու բան էլ չկա, որովհետեւ իմ գնահատականները շատ հստակ են: Փաստարկների դաշտում ի՞նչ հակափաստարկ է հնչել: Ես ասում եմ՝ եկեք գնահատականները մի պահ թողնենք մի կողմ: Գնահատականների մեջ ոչ մի նորություն չկա՝ սկսած, որ դավաճանություն է, սկսած, որ դավաճանություն չի: Ես ասում եմ՝ հասկացանք դա: Եկեք բովանդակության մեջ խորանանք եւ տեսնենք ինչ է նշանակում այդ բովանդակությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930