Զորյան Ինստիտուտը իր՝ «Ցեղասպանության դասավանդման միջոցով հավասարության, հանդուրժողականության և հաշտեցման խթանում» խորագիրը կրող ծրագրով մասնակցում է Արիզոնայի պետական համալսարանում անցկացվող «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառմանը։
Զորյան ինստիտուտի կրթական այս ծրագրի նպատակն է զինել ավագ դպրոցի աշակերտներին մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հիմնարար գիտելիքով, որի շնորհիվ աշակերտները հստակ պատկերացում կկազմեն ցեղասպանության բազմաճյուղ, բարդ եւ հաճախ զգացմունքային խնդիրների վերաբերյալ։ Կանադայի Օնտարիո նահանգում շուրջ 600 ավագ դպրոցի աշակերտներին դասավանդելու մեկ հաջողված տարուց հետո Զորյան ինստիտուտը հրավիրվեց մասնակցելու ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում անցկացվող «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառմանը եւ ներկայացնելու ծրագիրը Արիզոնայի երեք ավագ դպրոցներում։
Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի անդամ եւ կրթական այս ծրագրի ղեկավար դոկտոր Ջենիֆեր Ռիչը Արիզոնայի ավելի քան 80 ուսանողների ծանոթացրեց մարդու իրավունքներ եւ ցեղասպանություն հասկացություններին: Բանախոսը ուսանողներին ներկայացրեց «Արշալույսի լուսաբացը« ֆիլմից մի հատված, որը ստեղծվել է Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության նախագծի շրջանակներում 1984 թվականին Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հետ իրականացրած հարցազրույցի հիման վրա։ Այն հնարավորություն տվեց ուսանողներին ավելի լավ հասկանալ ցեղասպանության գործընթացներն ու փորձառությունները եւ հետաքրքիր քննարկում ծավալել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր նիստի վերջում դոկտոր Ռիչը պատմական իրադարձությունները կապում էր բռնությունների եւ ցեղասպանության ժամանակակից օրինակների հետ՝ ներառելով եւ ներկայացնելով Բերձորի (Լաչինի) միջանցքի շարունակվող շրջափակման հակիրճ ակնարկը: Դոկտոր Ռիչն առաջարկեց ուսանողներին նաեւ մտածել եւ ներկայացնել իրենց տեսլականը անարդարության, զանգվածային վայրագությունների եւ ցեղասպանության կանխարգելման գործում իրենց դերի, համաշխարհային հանրության եւ ազգային պետությունների պատասխանատվության մասին։
Կրթությունը առանցքային դերակատարում ունի ապագայում ցեղասպանությունների եւ զանգվածային բռնության դեպքերի կանխարգելման գործում։ Զորյան ինստիտուտը պարտավորվում է շարունակել որակյալ կրթական ծրագրեր իրականացնել Հյուսիսային Ամերիկայի համալսարաններում եւ ավագ դպրոցներում՝ ուսանողներին եւ մանկավարժներին զինելով մարդու իրավունքների եւ ցեղասպանության վերաբերյալ հիմնարար գիտելիքով։
Կարդացեք նաև
«Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամ