«Մեր տարածքում ամենամեծ կոռուպցիան է, ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն են»,-այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասաց Ֆիրդուսի՝ 33-րդ թաղամասի բնակիչներից Ռուբեն Աթոյանը։ Բնակիչները քանի տարի է՝ բողոքի ցույցեր են անում, վերջին ցույցը օրեր առաջ էր՝ ապրիլի 14-ին։
Բնակիչները մարտի 23-ին, դրանից առաջ էլ նամակներ են ուղարկել կառավարությանը, մի շարք հարցեր են արծարծում, սակայն մինչ այսօր պատասխան չեն ստացել։ Ասում են՝ կառավարությունից որեւէ մեկը իրենց ոչ հարցերին է պատասխանում, ոչ էլ հանդիպում։
Այսօր բնակիչները պահանջում էին հանդիպում կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ։
Ռուբեն Աթոյանի ներկայացմամբ՝ բնակիչներին ծանուցումներ են ուղարկվում՝ 15-օրյա ժամկետ են տալիս, տարածքը պետք է ազատեն։ Մինչդեռ բնակիչները չեն պատրաստվում լքել տարածքը։ Բացի այն, որ նրանք համարժեք փոխհատուցում են պահանջում, նաեւ մի շարք իրավական հակասություններ են նշում կառուցապատման ծրագրում, կառավարությունից պահանջում են հանձնաժողով ստեղծել եւ ուսումնասիրել խնդիրները։
Կարդացեք նաև
Նշենք, որ գերակա շահ ճանաչված Ֆիրդուս թաղամասի կառուցապատման ծրագիրը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։
«Մեր տարածքում ամենամեծ կոռուպցիոն ռիսկեր են, մենք չենք ուզում այդ ռիսկերի զոհը դառնալ։ 2015-2018-ին վիճարկել ենք կառավարության որոշումը։ Մինչեւ այսօր դատական նիստեր չեն կայանում։ Մենք ունենք ողջամիտ կասկածներ, որ ինչ-որ տեղից ուղղորդվում են, որ այդ նիստերը չկայանան, որովհետեւ եթե անգամ մեզ մերժեն, դա էլ է լուծում, քանի որ այդ օրենքը, որով այս գործողությունները կատարում են, հակասում է Սահմանադրությանը։ Եթե գործը հայտնվի Սահմանադրական դատարանում, խնդրահարույց է լինելու ծրագիրը։ Հիմա քաղաքակիրթ տարբերակն ենք ընտրել, ասում ենք՝ ստեղծեք հանձնաժողով ու քննարկեք խնդիրը»,-ասաց Աթոյանը։
Նրա պատմելով՝ Ֆիրդուսի փողոցը, Խանջյան նրբանցքը 2013-ին թվականին սեփականաշնորհվել է, ինչի մասին բնակիչները վերջերս են իմացել․ «Փողոցը, պատկերացնո՞ւմ եք, սեփականաշնորհել են փողոցը ու գրավադրել են, մեր տեղեկություններով՝ բարձր գներով։ Մենք այսօր անարգել չենք կարողանում օգտվել մեր սեփականությունից։ Մի քանի օր առաջ ԾԻԳ-ի տնօրենը՝ տիկին Երանյանը եթերում ասում էր՝ 300-ից մի քիչ ավել գույք կա, 270-ը իրացված է, մնացել է այսքանը։ Փորձում են ներկայացնել, թե 270-ը նորմալ իրացում է եղել, բայց դրանց կեսից ավելին խաբված, խնդրահարույց պայմանագրեր են։ Եկել են բնակիչներին խոստացել են, թե կառուցվող շենքում բնակարան են տալու, մարդիկ պայմանագիրը կնքել են։ Միառժամանակ հետո ասել են՝ այդ շենքը չի կառուցվելու, գնացեք դիմեք դատարան։ Սա պետական ծրագիր է, պետությունն է ընտրել կառուցապատողին, բա պետությունը պատասխանատվություն չունի՞։ Էս բոլոր հարցերը պետք է ուսումնասիրվեն»,-ասաց Աթոյանը։
Նա մեկ այլ խնդրահարույց պայմանագիր էլ ներկայացրեց՝ բնակիչներից մեկի 42 քմ տունը գնահատվել է 15 միլիոն դրամ՝ շինությունը, որից 10 միլիոնը՝ ամորտիզացիա՝ մաշվածություն․ «Այսինքն` այս մարդուն փոխհատուցելու են 4 միլիոն դրամի չափ։ Այդ գնահատողը կարո՞ղ այդ գնի տուն առնի։ Բա պետություն գոյություն չունի՞, որ կառուցապատողին ասի՝ էս ի՞նչ ես անում։ Մենք ենթադրում ենք, որ պետությունն է ասում՝ էդպես արեք։ Բնակիչներն այլ գնահատողների են կանչում, չեն գալիս, որովհետեւ վախենում են լիցենզիայից զրկվել»։
Կառավարությունից բնակիչներին այսօր առաջարկեցին մի քանի հոգով գնալ հանդիպման, հրաժարվեցին, ասացին՝ թող պաշտոնյաները դուրս գան՝ բոլոր բնակիչների առջեւ կանգնեն ու խոսեն։
Որոշ ժամանակ հետո բնակիչներին մոտեցան ոստիկաններ, ինչ-որ բան էին հորդորում, բնակիչները հայտարարեցին՝ մենք հասարակական կարգ չենք խախտում։
«Մենք հանգիստ կանգնած ենք, դուք եք լարվածություն ստեղծում։ Մեր տները ձեռներիցս խլում են, եկել եք ասում եք՝ հանգիստ պահեք ձեզ։ Մենք հանգիստ ենք»,-ոստիկաններին ասացին բնակիչները։
Ի վերջո, բնակիչները որոշեցին ութ հոգով, ինչպես կառավարությունից իրենց առաջարկեցին, գնալ հանդիպման։ Բնակիչների խնդրանքը՝ հանդիպմանը ներկա գտնվի մեկ լրատվամիջոց՝ տեսաձայնագրելու համար, մերժվեց։
Այս պահին բնակիչներից կազմված խումբը կառավարությունում է։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ